Հայրենի ծննդավայրում տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը. Ֆոտոշարք


Հայրենի ծննդավայրում տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը. Ֆոտոշարք

  • 29-08-2016 14:17:36   | Վրաստան  |  Մշակույթ

Ջավախքի Կարծախ գյուղը օգոստոսի 27-ին իր հյուրընկալ դռներն էր բացել  աշխարհի տարբեր երկրներից և քաղաքներից, ինչպես նաև Ջավախքի տարբեր շրջաններից ժամանած   Ջիվանու հայրենիք՝ Ջիվանու արվեստը սիրողների առաջ: Հենց այս օրն էլ Կարծախի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, որն էլ ազդարարեց  Ջիվանու 170- ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը:
 
Այս տարի  ի տարբերություն նախորդ տարիների Ջիվանու արվեստը գնահատող հյուրերին սպասվում էր մեծ անակնկալ՝վերջապես  ջիվանասեր հասարակությունը  Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում ականատես եղավ  վերակառուցված  եւ վերաբացված  Ջիվանու տուն-թանգարանի ցուցասրահը:
 
Ինչպես նշեց Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, օրը պատմական նշանակություն ունի ամբողջ հայության և ջավախահայության համար. «Երբ Կարծախ գյուղում վերանորոգվեց Սուրբ Կարապետ եկեղեցին, միտք առաջացավ հաջորդիվ վերանորոգել Ջիվանու տուն-թանգարանը, որտեղ նա ծնվել և կայացել է որպես աշուղ։ Ջիվանին այն մեծություններից է, ով իրավունք ունի այսպիսի տուն-թանգարան ունենալ։ Թանգարանի բացումը մեծ նշանակություն ունի ոչ միայն համայնքի, այլև ամբողջ հայության համար»:
 
Ջավախքին աջակցություն հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը տեղեկացրեց, որ Ջիվանու տուն-թանգարանը ունենալու է մեկ աշխատող, իսկ թանգարանն էլ  յուրաքանչյուր օր իր հյուրընկալ  դռները կբացի աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակութասեր հասարակության առջեւ :
 
Թանգարանին ծանոթանալուց հետո հավաքվածները տեղափոխվեցին  գյուղի հարակից բարձունք, որտեղ էլ կայացավ  միջոցառման համերգային մասը։
 
Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ  արդեն նվիրատվություններ են արվել թանգարանի երկրորդ մասի վերականգման համար և աշխատանքները չեն դադարեցվի.«Սկսելու ենք վերանորոգել հին տան հատվածը, ինչպես նաեւ կահավորել այդ ժամանակին հատուկ հին կահույքով, աշխատանքները շարունակվում են նաև բովանդակային իմաստով, քանի որ ցուցասրահի համար իրեր հավաքագրելու ընթացքում հասկացանք, որ ամեն օր նոր Ջիվանի է բացահայտվում։ Ջիվանին մինչև վերջ ուսումնասիրված չէ, կան բազմաթիվ անհայտ գործեր, որոնք կվերականգնենք և կյանքի կկոչենք»,-ասաց է նա միեւնույն ժամանակև հավելելով, որ թանգարանը կհետաքրքրի հատկապես երիտասարդ աշուղագետների և գրաանագետների, ինչպես նաև ամբողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկների։
 
Ըստ  Ա. Հակոբյանի, 170 տարի անց Ջիվանին շարունակում է ապրել և ուրախացնել իր համագյուղացիներին և ամբողջ հայ ազգին։
 
Մերի Հունանյան, « Նոյյան Տապան »
Ֆոտոշարքը՝ « Նոյյան Տապան »-ի 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play