Ճարպիկ հայ գործարարները և ռուսական ծագում ունեցող հավկիթները.«Առավոտ»


Ճարպիկ հայ գործարարները և ռուսական ծագում ունեցող հավկիթները.«Առավոտ»

  • 29-08-2016 15:03:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 «Առավոտ». Շուկայում ՌԴ-ից ներկրված, բայց հայկական ընկերության մակնշմամբ հավկիթներ կան՞
 
Պարզվում է՝ թարմ ու որակյալ մթերք սպառելու ձգտում ունեցող հայաստանցիները ողջ օգոստոս ամսվա ընթացքում ստիպված են եղել օգտագործել ՌԴ-ից ներկրված հավկիթներ: Ըստ որում՝ ճարպիկ հայ գործարարներից մեկն ինչ-ինչ նպատակներից ելնելով ռուսական հավկիթներն իրացրել է հայկականի անվան տակ: Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներ եւ խանութներ Առավոտի  շրջայցը ցույց տվեց, որ ռուսական հավկիթները որոշ դեպքերում իրացվում են «Հավիցա» (Բաղրամյանի թռչնաֆաբրիկա) եւ ԳԹՖ (Գնդեվազի թռչնաֆաբրիկա) ապրանքանիշների դրոշմակնիքներով: Հնարամիտ ներկրողը, սակայն, ապրանքը խանութներ մատակարարել է արկղերով, որոնց վրա արդեն իրական արտադրողի՝ ռուսաստանյան «Նովոռոսիյսկ» թռչնաֆաբրիկայի մակնշումն է:
 
Հետաքրքիր է, որ մի շարք խանութներում աշխատակիցները բարեխղճորեն տեղեկացնում էին, որ չնայած մակնշմանը՝ հավկիթները ռուսական ծագում ունեն: Ըստ որում՝ ինչպես երեւում է արտադրողի մակնշումից, արտադրանքը թողարկվել է օգոստոսի 12-ին, իսկ Երեւանի խանութներում այն իրացվում է տարբեր արտադրման օրերով՝ օգոստոսի 18-26-ը: Փաստի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Առավոտը» փորձեց կապ հաստատել հայկական երկու ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն պաշտոնապես գրանցված համարներին մեր զանգերն անպատասխան մնացին: Մինչդեռ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անակնկալի չեկավ՝ նշելով, որ այս օրերին նույն թեմայի վերաբերյալ արդեն ութերորդ ահազանգն է ստանում՝ տարբեր լրատվամիջոցներից ու քաղաքացիներից: «Մենք այս պահին ունենք Հայաստանում գործող յոթ թռչնաֆաբրիկա, որոնք կարող էին ապահովել սպառողական շուկայում այդ բացը: Եվ միությունը, եւ արտադրողները դեմ են ներկրելուն, առավել եւս՝ ամառվա այս ծանր շրջանում: Ներկրումը միայն մեկ դեպքում կարող է արդարացված լինել` արտադրական-տեխնոլոգիական նրբություններից ելնելով՝ տարին երկու անգամ խզվածք է առաջանում շուկայում, մինչեւ որ նոր ներկրված վառեկները դառնում են ածող հավեր: Որոշակի ժամանակահատվածում սպառողական շուկայում դեֆիցիտ է առաջանում: Այդ շրջանը համընկնում է հենց օգոստոս ամսվա հետ: Եվ այդ շրջանում է, որ ի հայտ են գալիս «ճկուն» կամ «հնարամիտ» բիզնեսմեններ, որոնք ներկրածը հրամցնում են որպես տեղական արտադրանք»,- ասաց մեր զրուցակիցը: Այն, որ թռչնաբուծությունը Հայաստանում տեւական ժամանակ կաթվածահար վիճակում է՝ գաղտնիք չէ: Վերջին տարիներին, հատկապես Ամանորին եւ Սուրբ Զատկին նախորդող շրջանում հայկական շուկայում նկատվում է հավկիթի պահանջարկ, որը լրացվում է ներկրվող ապրանքով: Մինչդեռ օգոստոս ամսին ոչ Ամանոր է, ոչ էլ Զատիկ: Մասնագետը նման վիճակն անթույլատրելի է համարում՝ «ավելորդ շքեղություն», քանի որ նրա վստահեցմամբ՝ այս սեզոնին տեղական արտադրողները կարող են լրացնել շուկայի պահանջարկը:
 
Թռչնարտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցի ղեկավարի տեղեկացմամբ՝ ներկայումս օրական 1850 արկղի փոխարեն շուկա է մտնում տեղական արտադրանքի շուրջ 1250 արկղ ձու: Մեր զրուցակիցը նշեց, որ իրավիճակից ելնելով՝ միությունը մեկ շաբաթ առաջ դիմել է կառավարությանը եւ ՀՀ գյուղնախարարության ՍԱՊԾ-ին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել, որպեսզի ներկրման դեպքերը չվնասեն տեղական արտադրողին: Նրա խոսքով՝ կառավարությունից տեղեկացրել են, որ ներկրողները ներկրման նոր հայտեր չեն ներկայացրել, եւ այս պահին ներկրման դեպքեր չկան: Չկասկածելով այս հավաստիացումներին՝ միությունը շարունակելու է իր հետեւողական մշտադիտարկումը` վերահսկողության տակ պահելով կառավարության քայլերը: Սակայն սա հարցի ընդամենը մի կողմն է: Տեղական արտադրողին խրախուսելու մասին անընդհատ խոսելու ֆոնին ներկրման դեմ ոչինչ չձեռնարկելու պրակտիկան կարծես օրինաչափություն է դարձել: Բայց այն, որ տեղական արտադրողը շուկայից դուրս է մղվում անբարեխիղճ մրցակցության արդյունքում՝ բիզնես-նորամուծություն է: Ստացվում է, որ ձեռներեցը շուկայում տեղ է զբաղեցնում սպառողին մոլորեցնելու միջոցով: Ոլորտում վերահսկող մարմնից՝ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Նվարդ Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ հավկիթի ներկրում ՌԴ-ից իսկապես եղել է, եւ դա փաստաթղթային բոլոր ձեւակերպումներով համապատասխանել է ԵԱՏՄ պահանջներին: Նրա տեղեկացմամբ՝ ներկրված հավկիթի մի խմբաքանակ ուղարկվել է լաբորատոր փորձաքննության. անվտանգության եւ մակնշման բոլոր չափանիշներում հավաստիանալով` հանվել է շուկա: Երկրորդ խմբաքանակը դեռեւս փորձաքննության փուլում է: Դեռ շուկա բաց չի թողնվել: «Հիմա մենք դիտարկումներ ենք իրականացնում, այդ թվում նաեւ մակնշման խնդիրների վրա ենք ուշադրություն դարձնում»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է ռուսական արտադրանքը հայկականի անվան տակ իրացնելուն, Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց, որ նման փաստ չի արձանագրվել. «Նման փաստ, նման դեպք, որ մեկ երկրի արտադրության ապրանքն այլ մակնշմամբ վաճառվում է՝ չենք հանդիպել: Եթե կան հիմնավոր փաստեր, բացահայտում եւ ահազանգեր կոնկրետ դեպքերով, պատրաստ ենք դրա ետեւից գնալ»: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահի` ՍԱՊԾ-ին հասցեագրված դիմումի մասով էլ մեր զրուցակիցն ասաց, որ դիմում եղել է, բայց հիմնավոր փաստ չի ներկայացվել, ինչը հնարավորություն կտար հետաքննություն իրականացնելու: Ծառայությունում հիմնավոր փաստերի առկայության պարագայում պատրաստ են ընթացք տալ:   
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play