Աշտարակ քաղաքի հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի բաց նամակը Լ. Մկրտչյանին


Աշտարակ քաղաքի հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի բաց նամակը Լ. Մկրտչյանին

  • 29-08-2016 17:23:20   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աշտարակ քաղաքի հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի բաց նամակը Լ. Մկրտչյանին.
 
Հարգելի պարոն Մկրտչյան,
 
Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1989թ.-ին՝ 1962թ.-ին կառուցված շենքում: 1990 թվականին դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են: Երկհարկանի մասնաշենքը մինչև 1997թ.-ը բնակեցված է եղել փախստականներով. հիմա անմխիթար վիճակում է, հիմնանորոգման խիստ կարիք ունի և չի օգտագործվում: Դասապրոցեսը կազմակերպվում է եռհարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման: Այն Աշտարակի խիտ բնակեցված մի շարք թաղամասերի միակ հիմնական դպրոցն է: 2016-2017 ուստարում դպրոցում կա շուրջ 600 աշակերտ, և փաստորեն ուսումնական գործընթացը հնարավոր չէ կազմակերպել:
 
Խնդիրը առկա է վաղուց. տարիներ շարունակ դիմել ենք պատկան մարմիններին, սակայն լուծում չի տրվել: Դպրոցը իր սուղ միջոցներով կազմակերպել է ուսումնական գործընթացը: Մասնավորապես 2015-2016 ուստարում դասապրոցեսը կազմակերպելու համար դասասենյակներ են դարձվել դպրոցի կաթսայատունը, գրադարանը, փոքրիկ դահլիճը, շախմատի և ձեռարվեստի սենյակները: Այս ուսումնական տարում ավելացած 60 աշակերտների համար օգտագործվելու է ուսուցչանոցը, որը փաստորեն բավարար չէ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
 
Հարգելի պարոն նախարար, խնդիրը հրատապ է (շահառուների թիվը գերազանցում է 3 հազարը) և պահանջում է անհապաղ լուծում. ակնկալում ենք Ձեր անմիջական միջնորդությունը հարցի համակողմանի ուսումնասիրման և լուծում տալու գործում:
 
Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play