Վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հավի մսի և ենթամթերքի շուկայում


Վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հավի մսի և ենթամթերքի շուկայում

  • 29-08-2016 18:15:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
 
Կառավարության քննարկմանն է ներկայացվել  ԼՂՀ արտահանման խթանման ռազմավարությունը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը: Այն իրենից ներկայացնում է միջոցառումների համալիր՝ ուղղված արտահանման ներուժ ունեցող ոլորտների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև,  ընդհանուր առմամբ, արտահանման աճին և տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ ժամանակակից պայմաններում  ԼՂՀ համար առավել արդյունավետ է արտահանման դիվերսիֆիկացման ռազմավարությունը, որը թույլ կտա ապահովել արտահանման արդյունքների կայունությունը և կանխատեսելիությունը, ավելացնել արժութային մուտքերը,  դուրս գալ դեպի նոր շուկաներ:
Վարչապետի խոսքով՝ հիմնավորման մեջ արտահանման ներկա վիճակի նկարագրությունը, մասնավորապես՝ արտահանման ծավալների նվազման հետ կապված, լրացուցիչ ճշգրտման ու պարզաբանման կարիք ունի: Կառավարության ղեկավարի  հանձնարարությամբ՝ հարցը լրացուցիչ կքննարկվի՝ տնտեսագետների հետ արտահանման ներկա վիճակի ավելի խորը ուսումնասիրությունից հետո, իրական ցուցանիշների առկայության պայմաններում:
Նիստի օրակարգում ընդգրկված՝ «Հողի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին»» ԼՂՀ օրենքների նախագծերի, ինչպես նաև ««ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական  ծառայության  մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ  և փոփոխություններ  կատարելու մասին»», ««Զենքի մասին» ԼՂՀ օրենքում   լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում  լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթները և ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը ԱԺ-ի քննարկմանը կներկայացվեն լրացուցիչ քննարկումներից հետո: 
Կառավարության հավանությանն է արժանացել ««Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ընդերքի մասին» ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև  «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ԼՂՀ օրենքի նոր նախագիծը: Դրանք սահմանված կարգով  կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Գործադիր մարմնի անդամների հավանությանն է արժանացել ԼՂՀ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագիրը, որի համաձայն՝  կաթիլային կամ անձրևացման ոռոգման համակարգերի արժեքի 50 տոկոսը հողօգտագործողներին կտրամադրվի անտոկոս փոխառության տեսքով, իսկ արժեքի մնացած 50 տոկոսի չափով աշխատանքները կիրականացվեն հողօգտագործողների կողմից: Ծրագրի  նպատակն է ապահովել հանրապետության շրջաններում տարբեր կուլտուրաների ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների ավելացումը և նպաստել գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը, ինչը կհանգեցնի ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը : Կառավարության ղեկավարի առաջարկությամբ՝ ընդհանուր արժեքի 50 տոկոսի չափով փոխառության փոխարեն հողօգտագործողներին կտրամադրվի 25 տոկոս փոխառություն, իսկ մնացած 25 տոկոսը կտրամադրվի անհատույց՝ որպես դրամաշնորհ:
Կառավարությունը սահմանել է մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի սուբսիդավորման նոր կարգ, որի համաձայն՝ հնարավորություն կստեղծվի շահագործող-ջրօգտագործողի կողմից գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումը կատարել ջրամատակարարի կողմից չշահագործվող համակարգից՝ մատակարարվող 1 խորանարդ մետր ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի և ինքնահոս ոռոգման 1 խորանարդ մետր ջրի սակագնի տարբերության վճարմամբ, իսկ ջրամատարկարարի կողմից՝ համակարգից մատակարարվող 1 խորանարդ մետր ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը ամբողջությամբ պետության կողմից սուբսիդավորելու միջոցով:
Կառավարության նախկին որոշման փոփոխությամբ՝ որոշման մեջ ամրագրված հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշներից հանվել է մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունենալու պահանջը, քանի որ պրակտիկայում այն խոչընդոտ է հանդիսանում գործակալության կողմից աշխատանք փնտրող անձանց հարմար աշխատանքի առաջարկ ներկայացնելու համար:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ՝ հստակեցվել են մայրության և հղիության նպաստի սահմանումները: Որոշմամբ սահմանվել է, որ նպաստ է տրվում նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող համարվող այն անձին, որի աշխատանքային պայմանագիրը լուծվել է ավելի վաղ, քան հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածն է։ Այս պայմանը  տարածվում է նաև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնված անձանց վրա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2016 թվականի հունվարի 1-ից, օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ աշխատող անձանց տրվող նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին աշխատավարձի նվազագույն չափը ֆիքսվել է, ինչի արդյունքում ֆիքսվել է նաև նպաստի նվազագույն չափը։ Փոփոխությամբ ֆիքսվել է նաև չաշխատող անձանց վճարվող նպաստի չափը, որպեսզի նվազագույն ամսական աշխատավարձի հետագա հնարավոր աճը չազդի նպաստի չափի վրա և ապահովվի աշխատող անձանց տրվող նվազագույն նպաստի և չաշխատող անձանց տրվող նպաստի չափերի համապատասխանությունը։
ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին որոշմամբ՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ ճանաչված անձանց սոցիալական երաշխիքները հավասարեցվել են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին:
Կառավարության որոշմամբ՝ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար տրամադրվող հիփոթեքային վարկի ժամկետը սահմանվել է առնվազը 10 տարի՝ նախկին 15 տարվա փոխարեն:
Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ հստակեցվել են հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման թույլտվության գործընթացն ու դրա հետ կապված փոխհարաբերությունները:
Օրակարգային հարցերի սպառումից հետո, ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել ԱՀ վարչապետի հանձնարարականով ծառայության կողմից հավի մսի և ենթամթերքի շուկայում իրականացված  դիտարկումների արդյունքները: Լ. Սարգսյանի խոսքով՝  կատարվել են համապատասխան նմուշառումներ ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող ապրանքատեսակների, այնպես էլ այլ պետություններից ներմուծված մթերքների մասով, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության:
«ԼՂՀ-ում սահմանված նորմաներին համապատասխանել են միայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող մթերքները, իսկ այլ պետություններից ԼՂՀ շուկա ներմուծված մթերքները ֆիզիկոքիմիական մասով նորմերին չեն համապատասխանել: Մասնավորապես, բացի համային , հոտային անորակ վիճակից, մթերքում առկա ֆիզիկոքիմիական  հեղուկի, լուծույթի տոկոսայնությունը խախտված է մոտ երկու և ավելի անգամ»,- ներկայացրել է Լ. Սարգսյանը:
Իր մտահոգությունը հայտնելով առկա խնդրի առնչությամբ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը  հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և, պարբերական ստուգումներին զուգահեռ, բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում:
«Մենք ահազանգներ ենք ստացել ՀՀ և ԱՀ տարածքից դուրս արտադրվող հավի մսի որակի և գնի դեմփինգի վերաբերյալ, այդ պատճառով հանձնարարել եմ ուսումնասիրել ոլորտը: Այժմ պարզվում է, որ նշյալ ծագման մսի մեջ լուծութային հավելումներ են սրսկվում, որը խնդիրներ է ստեղծում որակի առումով, ինչպես նաև արհեստականորեն ավելացնում է մսի կշիռը՝ էժան գնով խաբելով գնորդներին: Հանձնարարում եմ խիստ վերահսկողություն իրականացնել այս բնագավառում, որպեսզի խուսափենք ապօրինի և բնակչության առողջությունը վտանգող գործողություններից»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է՝  նիստի ավարտին վարչապետը գյուղոլորտի պատասխանատուներին  հանձնարարել է մշակել գյուղատնտեսության   զարգացման երկարաժամկետ հայեցակարգ՝ հիմքում դնելով ցանքաշրջանառության զարգացումն ու ջրախնայողության միջոցառումների շարունակականությունը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն