Գյումրիում իշխանությունից զրկվում է ՀՀԿ-ն ու Բալասանյանը. Լևոն Բարսեղյան


Գյումրիում իշխանությունից զրկվում է ՀՀԿ-ն ու Բալասանյանը. Լևոն Բարսեղյան

  • 29-08-2016 18:24:37   | Շիրակի մարզ  |  Հարցազրույցներ

Գյումրիում կայանալիք ավագանու ընտրությունների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ»ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հետ

 

Պարոն Բարսեղյան, Գյումրիում ավարտվեց ՏԻՄ ընտրությունների առաջադրումը, և փաստորեն քաղաքի համար աննախադեպ առաջադրումների ականատես եղանք: Ի՞նչ փոփոխություններ են կատարվում Գյումրիում:

 

Փոփոխությունները խոշոր հաշվով առաջին հերթին պայմանավորված են ընտրական համակարգի փոփոխությամբ, որն իշխանությունը ներմուծեց: Հայտնի է, որ ավագանին պետք է ընտրվի համամասնական ընտրակարգով: Քաղաքապետի ուղիղ ընտրություններից քաղաքացիները զրկվեցին, քաղաքապետին ընտրելու է ավագանին: Այս իմաստով, եթե նախկինում կրքերը լարվում էին երկու ուղղություններով՝ ընտրել առանձին քաղաքապետ, հետո ունենալ ավագանի, հիմա այդ երկու կրքերը համատեղվել են: Կրքոտ ընտրություններ են սպասվում, ունենք  ավագանու 410 թեկնածու 10 կուսակցությունների և մեկ դաշինքի ցուցակում: Ով ընտրվեց ավագանի, նա է ընտրելու քաղաքապետ:

 

Երկրորդ հանգամանքն այն է, որ Ազգային ժողովի ընտրություններից կես տարի առաջ սա համարվում է ստուգատես: Եվ բնական է, որ նախքան խորհրդարանական ընտրությունները քաղաքական ուժերից գրեթե բոլորը կուզեն առավել ուժեղ դիրքի գալ և Գյումրում, և Վանաձորում: Սա ստուգարքի նման մի բան է:

 

Երրորդ հանգամանքը նույնպես հատկանշական է, որ Գյումրիում իշխանությունը անցած երեք ընտրությունների արդյունքում խայտառակ պարտություններ է կրել՝ 2012 խորհրդարնական ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիից հազիվ 24.5 տոկոս ձայն տարավ, 2013 թվականին Սերժ Սարգսյանը հազիվ 26.5 տոկոս տարավ, իսկ սահմանադրական հանրաքվեի ժամանակ 35 տոկոսով պարտվեցին փաստորեն: Եվ այստեղ նախքան ապրիլյան պատերազմը կար ընդդիմադիր քվեների ահռելի պաշար՝ 70-75 տոկոս: Ապրիլյան պատերազմի և «Սասնա ծռերի» ապստամբության հետևանքով թե մինչև ուր է իջել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վարկանիշը, դժվար է ասել: Եվ սա, բնականաբար, լրացուցիչ հանգամանք է ընդդիմադիր և իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերի համար: Սա, իհարկե, հուշում է սուր ընտրապայքար:

 

Մի քանի առաձնահատկություն էլ կա, այն է, որ ՀՀԿ-ն ընդունեց իր ձախողումն ու պարտությունը Գյումրիում, չկարողացավ գոնե մեկ ՀՀԿ-ականի առաջադրել քաղաքապետի թեկնածու: Միաժամանակ չուզեց զերծ մնալ տեղական իշխանության մեջ մաս ունենալու հնարավորությունից և դաշինք կազմել, անունն էլ Բալասանյան դրեց: Նույնիսկ այդ ֆորմատի մեջ ինքը ջանում է բազմաթիվ ՀՀԿ-ականների մտցնել ավագանու կազմ, որպեսզի ՀՀԿ-ն շահեկան դիրքում լինի: Եթե հանկարծ ինչ-որ հրաշք տեղի ունենա ու մեծ քվեներ տանի այդ դաշինքը, կարողանա կառավարել Բալասանյանին ինչպես կամենա, սա է ՀԿԿ-ի ֆռռիկը: Դաշինքի անվանումն անսպասելի էր ինձ համար: Ես սպասում էի, որ Գյումրիի վերաբերյալ ինչ-որ անվանում կունենար այդ դաշինքը, բայց որ այդպիսի որոշում կկայացնեին ու գործող քաղաքապետի անունով կկոչեին իրենց դաշինքը, բացարձակ անսպասելի էր և վնասակար իրենց համար: Այնպես չէ, որ այստեղ պաշտում են Բալասանյանին:

 

Այսինքն՝ Բալասանյան դաշի՞նք էլ չի օգնի իշխանություններիննրանք այլևս շանս չունե՞ն Գյումրիում:

 

Իշխանություն ասելով՝ Գյումրիի մասով առաձնահատկությունները պետք է հաշվի առնենք: Այս դեպքում մենք գործ ունենք քաղաքային իշխանության և վարչական ռեսուրսի հետ, իրեն անկուսկացական հայտարարած մարդու հետ, ով ասում է՝ ես քաղաքական ֆիգուր չեմ: Մյուս կողմից, իհարկե, Հայաստանին տիրող Հանրապետական կլանի սինթեզի հետ գործ ունենք: Իրենք միավորվել են իրար: Բալասանյանը կարող էր լինել քաղաքում ստեղծված որևէ տեղական կուսակցության մեջ, իսկ նման երեք կուսակցություն է ստեղծվել: Բայց, չէ, ինքը որոշեց Հայաստանը կեղեքող ՀՀԿ-ի հետ դաշինքի գնալ: Կար ժամանակ, երբ փոքրաթիվ էին առաջադրվողները, այն դեպքում երևի ՀՀԿ-ն շանսեր ավելի շատ ուներ: Հիմա 10 կուսակցություն և մեկ դաշինք, ես կասկածում եմ, որ հաջողություն կունենան: Ես տոկոսներ չեմ կարող ասել, որովհետև դրանք ոչ ոք չի չափել, դրանք փոփոխվում են անընդհատ, կասկածում եմ, որ իրենք կարող են նույնիսկ հարաբերական մեծամասնություն ունենալ:

 

Կարո՞ղ ենք արձանագրելոր այս ընտրություններովԳյումրիում տեղական ինքնակառավարման ոլորտում փոփոխությունների հիմք է դրվում:

 

Փոփոխություններ անընդհատ տեղի են ունենում, և, ինչպես նշեցի, նախորդ քվեարկությունները փոփոխությունների նշաններ են: Միաժամանակ, 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Բալասանյանը ստացել է 65 տոկոս ձայն, չնայած պետք է հիշենք, որ այն ժամանակ ընդդիմադիր թեկնածու չի եղել: Մարզպետարանում աշխատող դաշնակցական թեկնածուին ընդդիմադիր համարելը շատ դժվար էր: Եվ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեին այդ ընտրությունների արդյունքները, եթե ընդդիմադիր թեկնածու լիներ այն ժամանակ: Բայց ավագանիում 21 տեղից Բալասանյանի թիմն այն ժամանակ տարավ 8 տեղ: Հաստատ լինելու են փոփոխություններ ավագանու կառուցվածքի մեջ:

 

Իշխանություն-ընդդիմություն համամասնության մասով հստակ լինելու է փոփոխություն: Գործող ավագանիում, որի կազմում եմ ես և քաղաքական ընդդիմության անդամ չեմ, փաստացի 4 տարի ստացվել է այնպես, որ ես ընդդիմություն եմ մեկը 20-ի դեմ կամ մեկը 19-ի դեմ: Այս հարաբերակցությունն է եղել և տարբեր քվեարկություններում երևացել է: Այս ֆորմատը հաստատ փոփոխվելու է՝ իշխանական ուժեր, պրոիշխանական ուժեր, ընդդիմադիր, պրոընդդիմադիր ուժեր և այլն: Նման փոփոխություն հաստատ լինելու է, Հանրապետականը Բալասանյանի հետ այլևս երբեք չի կարողանալու Գյումրիում ունենալ 20-ը մեկի հարաբերակցությամբ քվեներ: Իսկ այն փոփոխությունը, որը պետք է համարենք արմատական փոփոխություն, երբ տեղական ինքնակառավարման իշխանությունից զրկվում է ՀՀԿ-ն ու Բալասանյանը, սա էլ չեմ բացառում: Բայց միանշանակ դժվարանում եմ հիմա սա ասել: Ի վերջո, պետք է հաշվի առնենք նաև, որ քվեարկությունից ամենաուշը 10 օր առաջ թեկնածուներն իրավունք ունեն բացարկ հայտնել: Ես չգիտեմ՝ կլինեն այդպիսիք, թե ոչ, բայց նման տեղաշարժերը կարող են վերաբաշխել ձայները:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play