Օլիմպիական խաղերի մեդալակիրներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Օլիմպիական խաղերի մեդալակիրներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 29-08-2016 18:44:00   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի և Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի: 
Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով: Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով Օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն հայտնեց, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար:
 
Նա նաև կարևորեց այն իրողությունը, որ հայ մարզիկներն իրենց հաջողություններով օգտակար նպաստ են բերում հայ ժողովրդին՝ սպորտի միջոցով ճանաչեցնելով Հայաստանը ողջ աշխարհին: 
Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն հայտնեցին ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրին, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու տարբեր սպորտային հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու:  
Վերջում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հաջողություններ մաղթեց օլիմպիականներին` միշտ բարձր պահելու Հայաստանի մարզական պատիվը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play