Չինաստանը նպատակ ունի վերականգնել Վատիկանի հետ խզված դիվանագիտական հարաբերությունները
30-08-2016 11:52:08 | Չինաստան | Միջազգային
Չինաստանը Թայվանի ներկայիս վարչակազմի հետ կտրուկ վատացած կապերի ֆոնին ակտիվացրել է Վատիկանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է South China Morning Post պարբերականը:
Աղբյուրի տեղեկացմամբ` Չինաստանը և Վատիկանը դիվանագիտական հարաբերությունները խզել են 1951 թվականին, որից հետո պապի դեսպանը տեղակայվել էր Թայվանում:
Չինաստանում որոշ գնահատականներով` ապրում է մինչև 12 մլն կաթոլիկ, որոնց մի մասը պատկանում է կառավարության աջակցությունը վայելող հայրենասիրական եկեղեցուն, իսկ մյուս մասը թաքուն ճանաչում է Հռոմի Պապի իշխանությունը:
Հոնկոգյան կաթալիկ աղբյուրների տեղեկություններով` կողմերն արդեն հասել են նախնական համաձայնության Չինաստանում կաթոլիկ եպիսկոպոսների նշանակման մեխանիզմների մշակման վերաբերյալ: Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կկարողանա վերահսկել այդ գործընթացը, ընտրել և պաշտոնապես հաստատել չինական կողմից ներկայացվող թեկնածուների ցուցակը:
Նշվում է, որ այդ վաղեմի խնդրի լուծման հնարավորությունը բացելու է երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհը: