Որոշակի մշակույթներում ամաչում են բողոքել եւ նվնվալ, գտնում են, որ դա թուլության նշան է. Արամ Աբրահամյան


Որոշակի մշակույթներում ամաչում են բողոքել եւ նվնվալ, գտնում են, որ դա թուլության նշան է. Արամ Աբրահամյան

  • 30-08-2016 12:06:40   | Հայաստան  |  Վերլուծություն

 «Առանվոտ», Իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում ես Հայաստանում գրեթե չեմ տեսել որեւէ մարդու, որն ինձ հանդիպելիս ասի, որ նա գոհ է իր վիճակից, ուրախ է, որ իր կյանքը հենց այդպես է դասավորվել, որ ունի հետաքրքիր աշխատանք, դրանից բավականություն է ստանում, եւ դրա դիմաց իրեն տրվում է բավարար աշխատավարձ: (Ես, օրինակ, դա կարող եմ պնդել, բայց այս հարցում նույնպես չնչին փոքրամասնության մեջ եմ): 25 տարի շարունակ խոսակցության գլխավոր թեման է սեփական խղճուկ նյութական վիճակը (այդ թվում՝ մարդկանց, որոնց «ռեսուրսները» էապես գերազանցում են իմ հնարավորություններին), որից սահուն անցում է կատարվում իշխանությունների ապօրինի հարստությանը, իսկ այնուհետեւ՝ «էս երկրի» ու «էս ազգի» հասցեին բավականին տհաճ բնութագրերին:
 
Իշխանությունները փոխվում են, իսկ մենախոսությունների թեման մնում է նույնը: Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու: Բացի օբյեկտիվ հիմքերից՝ դա, կարծում եմ, նաեւ մշակույթի մի մասն է, որը ձեւավորվել է Հայաստանում դեռեւս բրեժնեւյան ժամանակներից: Այդ շրջանում էլ, թեեւ լրագրող չէի, աջից եւ ձախից լսում էի գրեթե նույն զրույցները՝ այսինչ ցեխավիկը, պահեստապետը կամ դատախազը «այսքան փող է առնում», այնինչը՝ այնքան: Ինչո՞ւ եմ կարծում, որ դա մշակույթ է:
 
Փորձեք Հայաստանում հարցնել որեւէ մեկին՝ «ինչպե՞ս ես», եւ 99 տոկոսը, այդ թվում բոլորին հայտնի օլիգարխները, կպատասխանի՝ «հեչ, յոլա, էս երկրում ո՞նց պիտի լինեմ»: Արեւմուտքում «ճիշտ հակառակ» մշակույթն է. այնտեղ, անկախ նրանից՝ մարդը խնդիրներ ունի, թե ոչ (իսկ ո՞վ չունի), նա կժպտա եւ կասի, որ ամեն ինչ OK է: Շատ կասկածելի է, որ ի պատասխան «ինչպե՞ս ես» հարցի՝ մարդիկ այնտեղ սկսեն խոսել «էս երկրի» եւ «էս ազգի» վիճակից: Չէ՞ որ բացի «վիճակի» կապակցությամբ դարդ անելուց՝ աշխարհում այլ, ավելի հետաքրքիր թեմաներ կան: Պարզապես մեզանում ընդունված է «բարձրաշխարհիկ զրույցներ» վարել որոշակի խնդիրների շուրջ ու այդ խնդիրների վերաբերյալ մտահոգություն ցուցադրել: Հետեւաբար պատճառն այն չէ, որ որոշ երկրնեում «ազգի» եւ «երկրի» վիճակը փայլուն է: Պարզապես որոշակի մշակույթներում ամաչում են բողոքել եւ նվնվալ, գտնում են, որ դա թուլության նշան է, ինչպես նաեւ չեն կարծում, որ ամեն մի առիթով պարտադիր պետք է խոսել ազգի «դարդուցավից»: Չգիտեմ՝ որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ, բայց խոստովանեմ, որ քառորդ դարի ընթացքում կրկնվող խոսակցությունները, որքան էլ դրանք ճիշտ եւ արդարացի լինեն, ինձ փոքր-ինչ ձանձրացրել են: Դրանց մեջ, թող ոչ ոք չնեղանա, ես որոշակի քաղքենիություն, մտավոր սահմանափակություն եմ տեսնում: Մենք էլ (մասնավորապես՝ լրագրողներս) «տոն ենք տալիս» այդ զրույցներին, չենք համարձակվում դրանց հակադրել ավելի կառուցողական գաղափարներ:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն