Մեկ-երկու տարուց արտագաղթի նոր ալիք կբարձրանա. Հովսեփ Խուրշուդյան


Մեկ-երկու տարուց արտագաղթի նոր ալիք կբարձրանա. Հովսեփ Խուրշուդյան

  • 30-08-2016 17:15:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը

 

Պարոն Խուրշուդյան, ապագաղութացման կարգախոսը կարծես ներքին բանավեճ է առաջ բերել հայ հասարակության մեջ։ Մի մասը ողջունում է այդ գաղափարը, մյուս մասը կարծում է, որ նման կարգախոս առաջ քաշելը նշանակում է համարել, որ անկախ Հայաստան չկա, ինչն անթույլատրելի է։ Որքանո՞վ է հիմնավոր ու ճիշտ նման օրակարգի առաջ քաշումը։

 

Կարծում եմ կարիքը չկա կենտրոնանալ այս եզրույթի վրա: Եթե կա տարաձայնություն դրա շուրջ, կարելի է համաձայնության գալ Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը էապես նվազեցնելու. այստեղ էականը վեկտորն է և ոչ իրողությունների անվանումների արմատականության աստիճանը: Եթե դա կնպաստի այս վեկտորի շուրջ առողջ ուժերի համախմբմանը, կարելի է այս հարցում ոսկե միջին գտնել:

 

Առհասարակ այսօր գոյություն ունեցող հարթակն ինչպե՞ս եք գնահատում:

 

Եթե նկատի ունեք անկախականների, ռուսական կայսերապաշտությանը դիմադրող ուժերի հարթակը, ապա այն դեռևս խիստ անկազմակերպ է, թեև ինքնին Հայաստանի անկախության և ինքնիշխանության գաղափարը գնալով ավելի մեծ հասարակական համակրանք է սկսում շահել: Երկրորդը տեղի է ունենում շնորհիվ այն իրողության, որ իշխանությունների հանդեպ առավել ռադիկալ տրամադրված և իրական պայքար մղող ուժերի բացարձակ գերակշռությունը Հայաստանի ապագաղութացման ջատագովներ են: Դա ստիպում է այն քաղաքացիներին, ովքեր նախկինում ռուսամետ տրամադրություններ ունեին, սակայն իրենց մաշկի վրա են զգում գործող վարչախմբի քրեածին ու հակաժողովրդական էությունը, փոխել իրենց վերաբերմունքը «դարավոր բարեկամի», «ռազմավարական դաշնակցի» հանդեպ՝ հասկանալով, որ գործող իշխանությունը գոյատևում է Կրեմլի աջակցության շնորհիվ, որի դիմաց էլ վճարում է Հայաստանի շահերով, գույքով, մի խոսքով՝ ինքնիշխանությամբ: Այս փոփախությանը, որը դեռ 4-5 տարի առաջ անհնարին էր թվում, նպաստել է նաև Ռուսաստանի դավադիր քաղաքականությունը տարածաշրջանում, որի մեխը Ադրբեջանին մինչև ատամները զինելն է՝ Հայաստանի կախվածությունը իրենից էլ ավելի խորացնելու նպատակով:

 

Սակայն ունենալով, հանձին հասարակական տրամադրությունների, արմատական փոփոխության այսպիսի հզոր հենք՝ Հայաստանի ապագան Եվրոպայում տեսնող քաղաքական ուժերը դեռ չեն կարողացել կառուցվածքային տեսքի բերել անկախական հարթակը: Դանդաղ է զարգանում նաև արևմտական գաղափարական դիսկուրսը՝ որպես ռուսականին այլընտրանք տնտեսական, անվտանգության և հատկապես արժեքային ոլորտներում: Օրինակ՝ ես մինչ այժմ չեմ հանդիպել Հայաստանի՝ եթե ոչ ՆԱՏՕ-ին միանալու, ապա դրա չափանիշներին իր բանակը համապատասխանեցնելու հնարավորության ուղղությամբ լուրջ քաղաքական և/կամ մասնագիտական քննարկումներ: Նույնը վերաբերում է Ռուսաստանի հնարավոր ակնթարթային անկման և Կովկասից դուրսմղման հեռանկարի դեպքում Հայաստանի անելիքների քննարկմանը: Սա անհավանական սցենար չէ, սակայն վտանգ կա, որ Հայաստանը շատ ավելի անպատրաստ է գտնվելու նման զարգացումներին, քան էր 1991թ.-ին ԽՍՀՄ փլուզման շրջանում:

 

Վերջապես, այս հարթակը ականապատված է ԿԳԲ-ի բազմաթիվ գործակալներով, և լյուստրացիայի, թեկուզ ոչ պաշտոնական, անհրաժեշտությունը գնալով ավելի է մեծանում: 2011-ին Լյուստրացիայի մասին օրենքի ընդունման «Ժառանգության» նախաձեռնությունը ցույց տվեց, որ ինքնին այս քննարկումը բերում է բազմաթիվ ծպտյալ գործակալների կամ ազդեցության գործակալների բացահայտմանը, որոնց հանձնարարվում է պայքարել լյուստրացիայի ընդունման և ընդհանրապես այդ գաղափարի մասսայականացման դեմ: Եվ մենք տեսանք, որ այս նախաձեռնության դեմ պայքար սկսածների դեմ կային նաև «արևմտամետներ»:

 

Հարթակը ականապատված է նաև իշխանությունների ներդրած գործակալներով, այդ թվում՝ ԶԼՄ-ներում: Այդ է պատճառը, որ բազմաթիվ են գաղափարների, արժեքների, իրապես անկախական քաղաքական ուժերի մոտեցումների նենգափոխումները լրատվական դաշտում: Բարեբախտաբար, լրատվական դաշտում անկախականները ունեն հենման հզոր կետեր, որոնց շնորհիվ արդյունավետորեն դիմակայում են ապատեղեկատվությանը և խառնակչություների փորձերին: Եվ ես լավատես եմ այս հարթակի ձևավորման և կայացման մասով:

 

Առաջիկայում ՏԻՄ ընտրությունները որքանո՞վ կարող են թեժ լինել՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր ուժերը դարձյալ առանձին առանձին մասնակցություն կունենան, և չկան դաշինքներ։ Ավելին, ընդդիմադիրները փոխադարձ ոչնչացնելու գործընթաց են իրականացնում:

 

ՏԻՄ ընտրությունների հետ ես մեծ հույսեր չեմ կապում: Թեև դժվար է գերագնահատել դրանց կարևորությունը: Երբ դուք ասում եք, որ ընդդիմադիրները փոխադարձ ոչնչացման գործելաոճ են որդեգրել, ես միանգամից մտածում եմ, որ գուցե բոլոր այն ընդդիմադիր ներկայացողները չեն իրապես ընդդիմադիր: Վերջապես եթե մի ընդդիմադիր ուժ քննադատում է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, սակայն չի պայքարում Ռուսաստանից Հայաստանի համակարգային կախվածությունը վերացնելու ուղղությամբ, այլ հակառակը, փորձում է Կրեմլում իրեն ներկայացնել որպես ՀՀԿ-ից էլ ռուսամետ և այդքանով էլ Հայաստանում կրեմլյան դրածո լինելու ավելի «արժանի» թեկնածու, արդյոք կարող ենք նման ուժերին, որոնք ըստ էության հակապետական համակարգի մի մասն են կազմում, ընդդիմադիր համարել: Ամեն դեպքում, ինձ համար տեսանելի է, որ որոշ ընդդիմադիր ուժեր կհամագործակցեն ՏԻՄ ընտրություններում: Գոնե «Ժառանգության» մասով կարծում եմ, որ մեր կուսակցությունը, չմասնակցելով ընտրություններին սեփական ցուցակներով, սակայն կաջակցի որոշ ընդդիմադիր ուժերի: Սպասենք առաջիկայում տեղի ունենալիք վարչության նիստի որոշմանը:

 

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են ՊՊԾ գնդում կատարվածն ահաբեկչություն որակել: Սա ինչի՞ կարող է հանգեցնել:

 

Սա ռուսական հրահանգի հստակ կատարումն է: Ահաբեկչության հոդվածով իշխանությունները փորձելու են շատ ավելի խիստ պատիժներ սահմանել Սասնա ծռերի համար և բացառել նրանց համար պայմանական պատժաչափերի կիրառումը և ազատ արձակումը գոնե առաջիկա 1-2 տարիների համար, երբ սպասվում է իշխանության վերարտադրության գործընթաց՝ ռուսաստանյան էմիսարների ներմուծմամբ: Իշխանությունների առջև խնդիր է դրված հնարավորինս թուլացնել Հայաստանի ինքնիշխանության համար պայքարող ուժերին: Մինչդեռ Արևմուտքը լիովին այլ գնահատական տվեց Սասնա ծռերին՝ դիտարկելով նրանց որպես ապստամբներ: Այս դեպքում, հատկապես հաշվի առնելով, որ տղաները ի վերջո հանձնվեցին՝ չցանկանալով բանը տանել արյունահեղության, նրանց բացարձակ մեծամասնությանը հնարավոր կլիներ ազատ արձակել արդեն այսօր՝ փոխարինելով նրանց կալանավորումը գրավով կամ երկրից չբացակայելու ստորագրությամբ, քանի դեռ ընթանում է քննությունը:

 

Եթե կոնկրետ գործողություններ չիրականացնի իշխանությունը, արդյոք կվտանգի՞ իր իշխանությունը:

 

Նայած ինչ կոնկրետ գործողությունների մասին է խոսքը: Սերժ Սարգսյանը, իմ պատկերացմամբ, քաջ գիտակցում է իրավիճակի պայթյունավտանգության աստիճանը և բավական կոնկրետ գործողությունների է պատրաստվում՝ կառավարության փոփոխություն, իշխանության մեջ նոր, «թարմ» դեմքերի ներմուծում, այդ թվում, ինչպես նշեցի՝ Ռուսաստանից: Կարճաժամկետ կտրվածքով, դա թերևս կտա իր արդյունքները և կնվազեցնի ներհասարակական լարվածությունը, ժողովրդի որոշ հատվածի մոտ նոր հույսեր արթնացնելով: Սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով այս միջոցառումները, ամեն դեպքում, կոսմետիկ բնույթ ունեն, քանի որ դրանց նպատակը երբեք էլ համակարգային փոփոխությունները և Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը չի կարող լինել: Այս երկու դեպքում էլ արմատական իշխանափոխություն և լյուստրացիա է պահանջվում: Իշխանության գլուխ պետք է գան անձինք, ովքեր որևէ կախում չունեն որևէ դրսի ուժից, այն էլ՝ ԿԳԲ-ից, և միաժամանակ ունեն պետական համակարգը, բոլոր երեք իշխանությունները համակած կոռուպցիան և կրիմինալը արմատախիլ անելու քաղաքական կամք: Դեռ ոչ մի երկիր չի կարողացել զարգանալ առանց այս երկու նախապայմանների իրագործման: Իսկ առանց այդ զարգացման, ընդամենը մեկ-երկու տարուց ժողովրդական դժգոհության և տնտեսության ու պետականության հիմքերը քայքայող արտագաղթի նոր ալիք կբարձրանա:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ