Հնդկաստանում կին զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել կիսաշրջազգեստ չկրել
31-08-2016 18:21:02 | Հնդկաստան | Հասարակություն
Հնդկաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մահեշ Շարման Հնդկաստան այցելող կին զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել զերծ մնալ կիսաշրջազգեստ կրելուց:
korrespondent.net-ի փոխանցմամբ` նշյալ խորհուրդը ներառված է խորհուրդների այն ցանկում, որը բուկլետի տեսքով ստանալու են այդ երկիր ժամանողները:
Բացի այդ, զբոսաշրջիկներին նաև խորհուրդ է տրվում զերծ մնալ երեկոյան ուշ ժամերին մենակ զբոսնելուց, տաքսի նստելուց տվյալ մեքենայի համարն ուղարկել իրենց ընկերներին:
Ինքը Մահեշ Շարման հերքել է օտարերկրացիների համար հատուկ dress code ներդնելու մեղադրանքները` ասելով, որ երբևէ չէր համարձակվի կանանց ուղորդել, թե ինչ է պետք հագնել:
Նշվում է, որ վերոնշյալ առաջարկությունները նախարարն արել է` հաշվի առնելով Հնդկաստանում արդիական դարձած խմբակային բռնաբարության դեպքերը: Առավել տխրահռչակ դեպքերից է դարձել ավտոբուսում խմբակային բռնաբարությունը և 2012 թվականին Դելիում 23-ամյա ուսանողուհու սպանությունը: