Այն, ինչ ունենք, ավելի շատ ժամանակավոր դադար է.Քաղաքագետ


Այն, ինչ ունենք, ավելի շատ ժամանակավոր դադար է.Քաղաքագետ

  • 01-09-2016 16:06:40   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Առավոտ»  Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` Հայաստանի կորուստների մասին Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած թվերի, Ադրբեջանում թուրքական բազա հիմնելու եւ ազատագրված տարածքների վերադարձի մասին:
 
– Չնայած վերջին 1-2 ամիսը սահմանագծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է, օրերս ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանը հայտարարեց, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շարունակում է բարձր մնալ: Ինչո՞վ են պայմանավորված նման մտավախությունները, եւ ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն առաջնագծում:
 
– Իրավիճակը հանգիստ է միայն արտաքուստ. ճիշտ է՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի թիվը տարեսկզբի կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կտրուկ նվազել է, սակայն նրանց գործողությունները միջդիրքային տարածքում էապես չեն նվազել: Որոշակի ակտիվություն են դրսեւորում նաեւ անօդաչու թռչող սարքերը: Այսինքն՝ Ադրբեջանը հետախուզական ակտիվ գործողությունների մեջ է: Մյուս կողմից՝ նկատելի է, որ առաջնագծում ակտիվ են նաեւ ինժեներա-սակրավորական զորքերն ու հատկապես դիպուկահար խմբերը, որոնք խնդիրներ են առաջացնում ինչպես մարտական հերթապահություն կրող անձնակազմերի, այնպես էլ ինժեներական աշխատանքների իրականացման ժամանակ: Ինչ վերաբերում է «համեմատաբար խաղաղ» եզրույթին, ապա դիվերսիոն ներթափանցման փորձերն առաջնագծում հակառակորդի ակտիվության չափելիության միակ բաղադրիչը չեն, ուղղակի հասկանալի պատճառներով նմանատիպ գործողությունների հետեւանքներն ու առաջ բերած աղմուկն առավել հնչեղ են լինում: Այնպես որ՝ ես ձեռնպահ կմնայի ադրբեջանական բանակի գործողություններն առաջնագծում պասիվ որակելուց:
 
– Ադրբեջանական մամուլում վերջին ամիսներին ավելի հաճախ են հանդիպում տեղեկությունները ռազմական համագործակցության վերաբերյալ այս կամ այն երկրի ռազմական գերատեսչության հետ կնքված համաձայնության կամ վերահաստատված մտադրությունների մասին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
 
– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը մեծաթիվ կորուստներ էր կրել՝ հատկապես, այսպես կոչված, էլիտար ստորաբաժանումների առումով, այդ զորքերում հավաքագրումների ակտիվ գործընթաց է սկսել: Եթե նախկինում հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ կուրսեր էին անցնում Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի համար նախատեսված ռազմաբազայում, ապա արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը հատուկ բազա է հիմնել Ադրբեջանում: Այնպես որ՝ այն, ինչ ունենք, ավելի շատ ժամանակավոր դադար է:
 
– Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թաքցրել է իրական կորուստները:
 
– Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի լավ կանի պատասխան տա կամ նույն «թափանցիկությամբ» ներկայացնի «մսաղացի» դեմ տարած իր հատուկջոկատայինների ու որոշ ուղղություններով ժամկետային ծառայողների մահվան հանգամանքները: Հարց է, չէ՞, առաջանում, թե ինչո՞ւ է հենց հիմա Ադրբեջանը նման թվեր հրապարակում: «Հայտարարված հաղթանակը» ապացուցելու համար պետք է հայկական զորքերի կորուստների մեծ թվեր «արձանագրվեն», ուղղակի պարզ թվանկարչություն:
 
– Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածքների վերադարձի թեման ամենաքննարկվողներից է: Անընդհատ տարբեր փաստաթղթերի են հղումներ արվում` Լավրովի պլան եւ այլն: Նման հարց այս պահին բանակցային գործընթացի օրակարգում կա՞:
 
– Ես չգիտեմ, թե ի՞նչ փաստաթղթերի են հղումներ արվում, համենայնդեպս՝ այդ փաստաթղթերի գոյությունը ապացուցող ո՛չ պաշտոնական հայտարարություններ եմ տեսնում, ո՛չ էլ առավել եւս՝ նման գործընթաց: Ավելին՝ որպես այդպիսին, բանակցություններ չկան, կան շփումներ, քննարկումներ՝ հիմնականում միջնորդների միջոցով, բայց լուրջ գործընթաց չկա: Ըստ այդմ՝ անիմաստ է անհարկի այդ թեման շահարկել: Ապրիլյան պատերազմից հետո միջնորդների նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու հանդիպում է կայացել՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Համատեղ հայտարարություններ են տարածվել, որում ներկայացված էին այն քայլերը, որոնց իրականացումը հնարավորություն կստեղծեր վերսկսելու բանակցությունները: Սակայն ինչպես եւ սպասելի էր, Ադրբեջանը կրկին հետքայլ արեց, հրաժարվեց այդ քայլերն իրականացնելու՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունից, միայն թույլ ազդակներ է հղում ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին: Այնպես որ, կրկնում եմ՝ այս պահին օրակարգի առանցքային հարցը բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերի իրականացումն է, իսկ դրանց բացակայությունը, անորոշությունից բացի, իրավիճակի անկանխատեսելիության լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ