Վրաստանը դառնում է տարածաշրջանում ՆԱՏՕ պլացդարմը


Վրաստանը դառնում է տարածաշրջանում ՆԱՏՕ պլացդարմը

  • 05-09-2016 18:12:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Սեպտեմբերի 5-ին Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Մի քանի օր առաջ Վրաստանի նոր դեսպանից ընդունելով հավատարմագրերը, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետին: Ըստ ամենայնի սպասում են ոչ միայն սիրով, այլ նաեւ կարեւոր հարցերով:
 
Բանն այն է, որ Վրաստանում հասունանում է նախընտրական հերթական աղմուկը, այս անգամ պաշտպանության նախարարության շուրջ: Օրերս պաշտոնից հեռացած նախարար Թինա Խիդաշելին մեղադրում է նոր նախարարին, որ նա աշխատանքից հեռացնում է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք բանակցել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերության շուրջ, այդ թվում ՆԱՏՕ Վարշավայի Վեհաժողովի շրջանակում, որտեղ քննարկվել է Վրաստանի հետ հարաբերության նոր փաթեթ:
 
Խիդաշելին մեղադրում է նոր նախարար Լեվան Իզորիային, որ նա այդպիսով հարվածում է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության ընթացքին, զինված ուժերի բարեփոխումներին: Իզորիայի հասցենին հնչում են նաեւ մեղադրանքներ, թե նա գործում է ռուսական հատուկ ծառայությունների համար շահեկան տրամաբանությամբ: Այդ մեղադրանքն էլ հնչեցրել է Ուկրաինայի վրացական լեգեոնի ներկայացուցիչներից մեկը:
Նախընտրական այդօրինակ աղմուկը դառնում է Վրաստանի ներքին կյանքին բնորոշ: Եվ այդ առումով հատկանշական թեմաներից է հենց «ռուսական» թեման, երբ իշխող ուժի հասցեին հնչում են Ռուսաստանի շահերից բխող քայլերի համար մեղադրանքներ: Օրինակ, երբ պաշտոնից հեռացավ նաեւ նախկին նախարար Իրակլի Ալասանիան, նույն կերպ մեղադրում էր իշխող ուժին, որ այդպիսով փորձ է արվում շեղել Վրաստանը եվրատլանտնայն կուրսից:
 
Վրաստանն իհարկե այդ կուրսից չշեղվեց: Ավելին, որոշակի առաջընթաց է նկատվում այդ գործում թե Եվրամիության, թե ՆԱՏՕ հետ հարաբերություններում: Անցնող ամիսներին Վրաստանում եղավ նաեւ ՆԱՏՕ զորավարժություն, երբ նախարարը դեռեւս Խիդաշելին էր: Վրաստանի զինուժի ստորաբաժանումներից մեկն էլ ներառվեց ՆԱՏՕ արագ արձագանքնման նորաստեղծ ուժերի դրոշի ներքո: Վրաստանում նախորդ տարի ստեղծվել է նաեւ ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը: Իսկ առաջիկա օրերին ծրագրվում է ՆԱՏՕ Բարձրագույն խորհրդի նիստը Վրաստանում:
 
ՆԱՏՕ Բարձրագույն խորհուրդը կազմակերպության որոշումներ կայացնող բարձրագույն օրգանն է, որը գումարվում է կամ մշտական ներկայացուցիչների, կամ պաշտպանության, կամ արտաքին գործերի նախարարների, կամ պետությունների ղեկավարների մակարդակով:
Փաստացի, Վրաստանում սեպտեմբերի 7-8-ին սպասվում է ՆԱՏՕ որոշում կայացնող կարեւորագույն մարմնի հավաք, ինչը վկայում է ՆԱՏՕ-Վրաստան հարաբերության նոր մակարդակի մասին:
Եվ այդ համատեքստում էլ հատկանշական է դրանից առաջ պաշտպանության նախարարության շուրջ ստեղծված աղմուկը: Արդյոք դա կխանգարի եւ կտապալի ՆԱՏՕ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացմանը:
Այսինքն, աղմուկն արդյոք ունի զուտ ներքաղաքական նախընտրական նշանակություն եւ շարժառիթ, թե՞ այն պարունակում է առավել լայն նրբերանգներ եւ կարող է ունենալ առավել ընդգրկուն զարգացում:
Առայժմ իհարկե չկան նախադրյալներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ եզրակացության, թե վրացական ներքին հերթական աղմուկը կարող է ազդեցություն թողնել Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության վրա:
Իսկ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունն ունի տարածաշրջանային էական նշանակություն, հետեւաբար նշանակություն նաեւ Հայաստանի ու Արցախի խնդրի համար: Վրաստանը փաստացի դառնում է տարածաշրջանում ՆԱՏՕ պլացդարմը: Իսկ դա տարածաշրջանային անվտանգության համակարգի վերակազմակերպման կարեւոր բաղադրիչ է:
 
Ներկայում Կովկասը չունի անվտանգության համակարգ: Ապրիլի պատերազմը դրա փլուզվածության, խափանվածության վկայությունն էր: Ռուսաստանը, որ մշտապես հանդես է եկել Կովկասի անվտանգության երաշխավորի հայտով, փաստացի ոչ միայն անկարող է երաշխավորել տարածաշրջանային անվտանգությունը, այլ հանդիսանում է դրա գլխավոր սպառնալիքը եւ պատերազմի սնուցողը, ռազմա-տեխնիկական ու ռազմա-քաղաքական գործընկերը՝ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերության տեսքով:
 
 
Խախտվել է հավասարակշռությունը, որը վերականգնելու համար առանցքային նշանակություն ունի Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունը՝ թե Վրաստանի, թե նաեւ տարածաշրջանի անվտանգության համար:
Ընդ որում, այստեղ առկա է հետաքրքիր ֆունկցիոնալ բաժանում՝ Վրաստանը պլացդարմն է ՆԱՏՕ համար, այսպես ասած քաղաքական հենարանը, իսկ ՆԱՏՕ դե ֆակտո ֆունկցիոնալ գործընկերը հայկական զինուժն է, քանի որ ներկայում տարածաշրջանի անվտանգությունը պահվում է հայկական զինուժի շնորհիվ: Այդպիսով, առկա է փոխադարձ շահեկան հաղորդակցություն, երբ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունը կարեւոր է տարածաշրջանային անվտանգության համակարգի բալանսավորման եւ վերակազմակերպման համար, ինչը անուղղակի աջակցություն է լինելու նաեւ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, հետեւաբար հայկական զինուժի գործունեությանը: Իսկ հայկական զինուժի գործունեությունն էլ կարեւոր է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության առաջընթացի տարածաշրջանային նպաստավոր միջավայրի ապահովման համար, որովհետեւ Կովկասում այլեւս չի կարող լինել զուտ հայ-ադրբեջանական պատերազմ՝ որեւէ նոր պատերազմ լինելու է կովկասյան:
 
Հայաստանի զինված ուժերը գործնականում պահում են, թույլ չեն տալիս բարձրացնել այդ պատերազմի կարճաժամկետ հավանականությունը, իսկ երկարաժամկետ հավանականությունը կարող է բացառել միմիայն Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության խորացումը:
Այդ համատեքստում հատկանշական է, որ Վրաստանում ՆԱՏՕ բարձրագույն Խորհրդի նիստից առաջ Վրաստանի վարչապետը սեպտեմբերի 5-ին ժամանում է Հայաստան: Մինչ այդ, Գեորգի Կվիրիկաշվիլին եղել էր Ադրբեջանում:
 
Կասկածից վեր է, որ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունն արժանանալու է Ռուսաստանի մեծ դիմադրության, որին աջակցելու են Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ տարածաշրջանային անվտանգության համակարգի վերակազմակերպումը էապես նվազեցնելու է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ նրա հարյուրամյա դաշնակից Թուրքիայի դերակատարությունը Կովկասում, առնվազն այդ մասով նաեւ ՆԱՏՕ-ում:
Անկասկած է նաեւ, որ Վրաստանի նախընտրական շրջանն այդ շահառուների համար բավական պատեհ է ջուր պղտորելու եւ անհրաժեշտ որսի փորձ անելու համար:
Հայաստանի համար կարեւոր է հակառակը, որպեսզի Վրաստանը շարունակի խորացնել հարաբերությունը եվրատլանտյան հանրության հետ եւ այդպիսով շարունակի լինել այդ կառույցների կայուն եւ կարեւոր հաղորդուղի դեպի Կովկաս: Ըստ այդմ կարեւոր է, որ Հայաստանը ոչ միայն որեւէ կերպ չծառայի Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության դեմ ռուս-թուրքական հավանական ծրագրերին, այլ փորձի լինել Վրաստանի աջակիցը դրանք չեզոքացնելու հարցում:
Այն, որ Հայաստանն այդ գործընթացում դիտարկվում է, վկայեց շաբաթներ առաջ Վրաստանի ԱԱԾ բացահայտումը, թե ինչ որ անձինք փորձել են դիվերսիա իրականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարի դեմ: Ակնարկվեց նաեւ այդ խմբի անդամներից մեկի ուկրաինական հետքի մասին:
Այդ պատմության մանրամասն շարունակություն առայժմ կարծես թե չկա, չկան հարցերի պատասխաններ, թե ում եւ հատկապես ինչի՞ համար էր պետք դիվերսիան հենց Հայաստան-Ռուսաստան գազատարի դեմ, եթե անգամ խոսքը նախընտրական Վրաստանի ապակայունացման մասին էր եւ ուկրաինական հետքով Վրաստանի նախկին նախագահ, խորհրդարանի ընտրությանն իշխանության թերեւս գլխավոր մրցակից ուժի առաջնորդ Սահակաշվիլիին հարվածի տակ դնելը:
Հավանաբար Երեւանում այդ կապակցությամբ հարցեր կուղղվեն Վրաստանի վարչապետին, եւ հավանաբար նա կտա պարզաբանում, բայց իհարկե ոչ հրապարակային, այլ Հայաստանի իշխանության հետ զրույցներում: Հարցն այն է, թե դրանք ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանային անվտանգության առումով հայ-վրացական շահառության հեռանկարի արդյունավետության բարձրացման հարցում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play