Կրեմլին հակադրվող հասարակական գործիչների ճակատագիրը


Կրեմլին հակադրվող հասարակական գործիչների ճակատագիրը

  • 05-09-2016 18:25:23   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
 
 
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն ՀԿ ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստանի դաշնություն արգելվել է մինչև 2030 թվականը։ Ի՞նչ է սա նշանակում և ինչի՞ կարող է հանգեցնել։ Ի՞նչ է սպասվում այն հասարակական գործիչներին, ովքեր Կրեմլին հակառակ, այլընտրանքային դիրքորոշում ունեն։
 
Կրեմլին այլընտրանք դիրքորոշման մասին չէ խոսքը, այլ Կրեմլի քաղաքականության հստակ քննադատական դիրքորոշման։ Եվ եթե դիտարկում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների քաղաքականությունն առնվազն վերջին տասնհինգ տարիների ընթացքում, ապա, իհարկե, որպես դեպք՝ առաջին անգամ չէ, որ ՌԴ-ն արգելում է տարբեր մարդկանց, դիվանագետների կամ քաղաքական գործիչների մուտքը իր տարածք։ Բայց Ստեփան Գրիգորյանի դեպքում առաջին անգամ է, երբ ՌԴ-ն արգելում է իր տարածք մուտք գործել ռազմավարական դաշնակից համարվող, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ երկրի քաղաքացու մուտքն իր տարածք՝ ակնհայտորեն կիրառելով այն իրավական նորմը, որը մինչ այժմ կիրառում էր իր երկրի հասարակական դաշտի ներկայացուցիչների նկատմամբ։ Խոսքը վերաբերում է ՌԴ տարածքում անցանկալի համարվող, միջազգային կառույցների հետ համագործակցող կազմակերպությունների անհատների նկատմամբ սահմանափակումներին։ Ըստ էության՝ առաջին անգամ է, որ այդ նորմը կիրառվում է ոչ ՌԴ քաղաքացու, հասարակական գործչի, հասարակական կազմակերպության ղեկավարի նկատմամբ։ Եվ հիմնական ուղերձն այն է, որ ՌԴ-ն այլևս իր նորմերը սկսել է կիրառել հետխորհրդային տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Հաշվի առնենք, որ Ստեփան Գրիգորյանը միջազգային դիվանագիտական շրջանակներում հատկապես վերջին ժամանակներում ՌԴ քաղաքականության նկատմամբ հայտնի է իր հստակ քննադատական վերաբերմունքով, գնահատականներով՝ թե հայաստանյան ներքին իրադարձությունների կոնտեքստում և թե միջազգային  կոնտեքստում։ Եվ ակնհայտ է, որ մարդու հայացքների հիման վրա տեղի է ունենում հետապնդում, նրա ազատ տեղաշարժի սահմանափակում, ընդ որում՝ ապօրինի սահմանափակման նաև այն կոնտեքստում, որ ՀՀ և ՌԴ-ի միջև առանց վիզայի հաղորդակցություն է։ Այսինքն՝ ՀՀ և ՌԴ քաղաքացիները  կարող են առանց վիզայի տվյալ պետություն մուտք գործել։
Բացի այդ, ակնհայտ է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը, որովհետև Ստեփան Գրիգորյանը մուտք էր գործում ոչ թե կոնֆերանսի մասնակցելու կամ  ինչ-որ միջոցառման մասնակցելու, այսինքն՝ մասնագիտական գործունեության նպատակով չէր ցանկանում մուտք գործել, այլ այցելելու էր ծնողի գերեզման։ Եվ սա նա ներկայացրել էր ՌԴ սահմանապահ ծառայությանը։ ՌԴ-ն ամենայն հավանականությամբ իր այս քայլով Հայաստանի իշխանություններին մեսիջ է ուղարկում, թե ինչպես պետք է անել, ինչպես պետք է վարվել ՌԴ պաշտոնական քաղաքականությունը քննադատողների նկատմամբ, որ ՌԴ-ն իր տարածքում սահմանած և կիրառած նորմերը պետք է սկսի կիրառել ԱՊՀ կամ ՀԱՊԿ, կամ այսպես կոչված սատելիտ պետություններում։
 
Եվ այստեղ իհարկե հիմնական անելիքը Հայաստանի  իշխանություններին է, թե ինչպես կպահեն իրենց։ Արդեն հայտնի է, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը բացատրություն է պահանջել Ռուսաստանի իշխանություններից։ Մենք չգիտենք, թե որքանով հետամուտ կլինեն բացատրության պահանջի բավարարմանը, ինչ պատասխան կտրվի և ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին գերատեսչության դիրքորոշումը այն կոնտեքստում, որ Էդվարդ Նալբանդյանը Պուտինից ժողովուրդների բարեկամության շքանշան էր ստացել։ Հիմա բարեկամ երկիր է համարելու Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանին այս փաստի հետ կապված և չի պաշտպանելու իր քաղաքացու իրավունքները հանուն ռուս-հայկական բարեկամությա՞ն, թե՞, այնուամենայնիվ, կկարողանա գտնվել իր պաշտոնական դիրքում և որպես  պաշտոնատար անձ հետամուտ կլինի ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ Սա ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ շատ անհարմար վիճակ ստեղծվեց Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանի քաղաքական ղեկավարության համար, որովհետև սա իր էությամբ այնպիսի մի արտառոց փաստ ու նախադեպ է,  որով կորոշվի՝ արդյոք Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հանձնվելու են Կրեմլի թելադրանքին և անտեսելու են իրենց քաղաքացու իրավունքները, կամ արդյոք  ենթարկվելու են Ռուսաստանի պահանջներին և այդ  նորմերը սկսելու են կիրառել նաև ՀՀ-ում հասարակական, քաղաքական գործիչների և իրավապաշտպանների նկատմամբ: Հիմա գնդակը գտնվում է Հայաստանի ԱԳՆ դաշտում։
 
 
Այսինքն՝ սա իշխանության համար կարևոր քննությո՞ւն է լինելու։
 
Սա միանշանակ կարևոր քննություն է, որտեղ Էդվարդ Նալբանդյանը կամ պետք է հավատարիմ մնա ժողովուրդների բարեկամության շքանշանին, կամ որպես ԱԳ նախարար հավատարիմ մնա իր պաշտոնական  գործառույթներին և ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։
 
Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների վերջին օրերի արձագանքը։
 
Որքան տեղյակ եմ, առնվազն փոխնախարարների մակարդակով եղել է համարժեք մտահոգություն և նաև որոշակի գործողություններ, բայց մենք գիտենք նաև, որ այդ մակարդակում պաշտոնատար անձանց մտահոգությունները, ցավոք սրտի, շատ դեպքերում որոշիչ չեն։ Որոշիչ է, թե Կրեմլից ինչ հրահանգներ կտրվեն Բաղրամյան 26-ին, և այդ հրահանգները ինչ չափով կկատարվեն տվյալ դեպքում։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ