Ես չեմ մեղադրում հեռացողներին. բայց նրանք սխալվում են. Ազատ Արշակյան


Ես չեմ մեղադրում հեռացողներին. բայց նրանք սխալվում են. Ազատ Արշակյան

  • 05-09-2016 18:34:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

 

Պարոն Արշակյան, «Սասնա ծռերի» աջակիցները շաբաթը մեկ անգամ հանրահավաք են անցկացնում՝ առանց ճանապարհային քարտեզի, բացի այդ, տարբեր կուսակցություններ առանձին որոշել են հանրահավաքային պայքարի անցնել։ Ձեր կարծիքով՝սրանք սպառվա՞ծ քաղաքական ակցիաներ են։ Եվ արդյոք քաղաքակա՞ն է այնամենը, ինչ տեղի է ունենում այսօր։
 
 
 
Քաղաքական է, բայց ժամկետանց հանգերով։ Հանրահավաքները, փողոցային երթերը շատ բնական էին, երբ չկար համացանցը, չկային քաղաքական կուսակցությունները, երբ չկար համեմատաբար խոսքի ազատությունը։ Այսինքն՝ եթե ես այսօր կարող եմ համացանցի միջոցով ստանալ լիարժեք տեղեկատվություն, այլևս կարիք չկա հավաքվել խոսափողի մոտ, լսել ինչ-որ  մեկին, որը մեզ պետք է տեղեկություն հաղորդի։ Ես համարում եմ՝ սա հնացած մեթոդ է։ Հանրահավաքը ուժային ակցիա է, որտեղ ցուցադրվում է կազմակերպիչների ուժը կամ թուլությունը, այսինքն՝ հանրահավաքը կամ թելադրող կարգավիճակ է ստանում, կամ, ընդհակառակը, խնդրող։ Կարծում եմ՝ մերոնք դրանից ելնելով պետք է հանրահավաք անցկացնեն` կամ ուժ ցույց տան, կամ իրենց թուլությունը։ Եվ ընդհանրապես, դա գուցե արդեն արդիական կլինի, երբ յուրայինները հավաքվում են հանդեսի, որտեղ ոչ ուժի և ոչ էլ թուլության ցուցադրություն է, հավաքույթ է, որտեղ յուրայինները հավաքվում են  համերաշխության։ Դա բացակայում է, և ցավոք սրտի իրենց թուլությունը ցուցադրելու ակցիա է։
Բացի այդ, դա նաև անարդյունավետ է, որովհետև չկա քաղաքական օրակարգին համապատասխան ծրագիր։
 
 
Իսկ ո՞րն է այսօր քաղաքական օրակարգը։
 
 
Քաղաքական օրակարգը, նախևառաջ, Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը վերականգնելն է։ Բոլոր խնդիրների պատճառը, որոնք այսօր Հայաստանն ունի, ազգային իշխանության բացակայությունն է։ Ազգային իշխանությունը կզբաղվեր խնդիրների կանխարգելմամբ, առաջացած խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծմամբ։ Իսկ ՀՀ իշխանությունն այդպիսի հնարավորություն, այդպիսի որակավորում չունի և այդպիսի խնդիր չկա նրա առջև դրված։ Այսինքն՝ Հայաստանի առջև ծառացած օրակարգը նրանց օրակարգը չէ։ Նրանք դրանով չեն զբաղվում 3 պատճառով. նախ դա նրանց առջև չի դրվել։ Այսինքն՝ որպես դրածո իշխանություն՝ տերը դա չի հրամայում, նրանք կամազուրկ են։ Երկրորդ, պրոֆեսիոնալ չեն, երրորդ՝ Հայաստանում որևէ մեկի առջև նրանք պատասխանատու չեն։ Նրանք պատասխանատու են գաղութարարի, սյուզերենի առջև։ Նրան էլ, ըստ երևույթին, բավարարում է իրենց աշխատանքը։ Այնպես որ, առաջանահերթն անկախությունը վերականգնելն է։ Անկախությունն իր հետ բերում է ժողովրդավարություն, ժողովրդավարությունը բերում է թափանցիկ, ազատ, արդար ընտրություններ, ժողովուրդն ընտրում է իր իշխանությունը և եթե իշխանությունը լավ չի աշխատում, ժողովուրդը նրան հեռացնում է իշխանությունից և նույնիսկ պատժում է։ Դա Հայաստանում չկա, որի պատճառով Հայաստանում հանրահավաքներ են անում, հնարավոր է՝ վերադառնան 19-րդ դար, տեռորի անցնեն։
 
 
 
Մենք անկախության 25 տարիներին ազգային իշխանություն ունեցե՞լ ենք, թե ոչ։ Ընդհանրապես այդպիսի իշխանություն ունենալու պահանջ դրվե՞լ է։
 
 
 
Մենք պետք է հասարակությունը բաժանենք մի քանի շերտերի։ Հասարակության որոշ խավ, անշուշտ, ուզում է ունենալ ազգային իշխանություն և անկախ պետություն։ Ազգային իշխանությունը և անկախ պետությունը ապահովում են քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, իսկ ապազգային կամ դրածո իշխանությունը ծառայում է իր տիրոջը։ Այսինքն՝ նա չի ապահովում մեր անվտանգությունը, չի ապահովում երկրի զարգացումը, բարեկեցությունը։ Ես կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների ճնշող մեծամասնության համար դա ցանկալի է, պարտադիր է և դրա համար նա նույնիսկ պետք է պայքարի։ Իսկ պայմանական ասենք, 150 հազար ՀՀ քաղաքացիների համար, որոնք դեռևս 1991 թվականին դեմ էին քվեարկել Հայաստանի անկախությանը, նրանց համար հարմար է, նրանք, բնական է, չեն պայքարում, չեն ուզում փոփոխվի Հայաստանի կարգավիճակը, որովհետև իրենք  հիմա որոշակի հարմարավետություն ունեն։ Չունենալով արժանիքներ՝ նրանք որոշակի բարձր կարգավիճակ ունեն Հայաստանում, ստանում են որոշակի բարիքներ։ Այսինքն՝ անարժանները հիմա ստացել են իշխանություն, և ՀՀ-ն իրենց համար դարձել է վայելքի սպառման օբյեկտ։ Նրանք սպառում են, մսխում են Հայաստանի Հանրապետության ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքական։
 
 
 
Կարծում եմ՝ մինչև 1994 թվականը Հայաստանը համարժեք ձևով նվաճել և տիրապետում էր անկախության, բայց դրանից հետո սկսեցինք հետ մնալ պետականաշինության գործում, որովհետև մետրոպոլիան սկսեց սահմանափակել մեր ազատությունները։ Մեր քաղաքական էլիտան, որի մեջ, որպես մեղավոր, ես նույնպես կայի, համարժեքորեն չդիմադրեց, չպայքարեց, չկարողացավ շարունակել մեր երկրի անկախությունը և ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Քաղաքական էլիտան հետ մնաց օրակարգից, և մենք աստիճանաբար կորցրեցինք մեր անկախությունը, ինչպես նաև դրա հետևանքով անվտանգությունը, բարեկեցությունը։ Դա է  պատճառը, որ ՀՀ քաղաքացիները լքում են Հայաստանը, որովհետև անվտանգության երաշխիքներ չկան։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ցեղասպանություն չի լինի, մենք այստեղ ենք հասել։ Ես չեմ մեղադրում հեռացողներին, նրանք փրկում են հայ ժողովրդին, հեռանալով նրանք փրկում են իրենց կյանքը մոտալուտ վտանգներից։ Ես մնացողներից եմ, ես մնալու եմ իմ հայրենիքում, Հայկ նահապետից ստացած հայրենիքում և հույս ունեմ, որ իմ նմանները շատ են, և մենք կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանը դառնա լիովին անկախ, կընտրի իր դաշնակիցներին, իր անվտանգության համակարգը, տնտեսական այն համակարգը, որին ինքը կուզենա միանալ։ Կարծում եմ՝ հեռացողները մի փոքր սխալվում են, չեմ մեղադրում, բայց նրանք սխալվում են։
 
 
 
 
 
Իշխանությունը խոստանում է, որ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո կստեղծվի ազգային համերաշխության իշխանություն։ Ձեզ համար հասկանալի՞ է, թե դա ինչ է իրենից ենթադրում։
 
 
 
Ճիշտ այնպես, ինչպես մենք առաջընթաց չապրեցինք, որովհետև գործիքները, որոնցով պետք է ղեկավարվեր մեր իշխանությունը, դրանք անկատար էին և հետադիմության գործիքներ էին։ Օրինակ՝ մենաշնորհները՝ քաղաքական մենաշնորհը, տնտեսական մենաշնորհը, ազատությունների սահմանափակումը,  անկախության կորուստը։ Դրանք առաջընթաց չէին կարող ապահովել։ Այսինքն՝  հայտարարել են դեպի առաջ, բայց հետընթացն ենք ուղղություն վերցրել, հետ ենք գնացել։ Ճիշտ այդպես էլ այն Սահմանադրությունը, որ պիտի ապահովի համերաշխությունը, իրականում պառակտության, խոտան փաստաթուղթ է, որպես իրավական փաստաթուղթ խոտան է։ Դա տարբեր գաղափարների կարկատան է և պետականությունը վարկաբեկող փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը քաղաքական էլիտայի ատեստատն է, ցույց է տալիս, թե ինչքան տգետ են, ինչքան անտեղյակ են, ինչքան ապազգային են մեր իշխանությունները, որ այդպիսի փաստաթուղթ են ընդունել։ 21-րդ դարում նման փաստաթուղթ ունենալը շատ վատ գործիք է համերաշխության համար, բայց քանի որ հայ ժողովուրդը կարող է նաև առանց սահմանադրության իր կյանքը կարգավորել, իր հույսը դրա վրա է։ Առանց Սահմանադրության հայ ժողովուրդը կարող է հասնել հաղթանակի, վերականգնել իր անկախությունը, ընտրել Սահմանադիր ժողով, որը պրոֆեսիոնալների խումբ պետք է լինի։ Նա արդիական, առաջընթացն ու համերաշխությունն ապահովող Սահամանադրություն պետք է ստեղծի։
 
 
 
Հայաստանում բնակվող քաղաքացիները երազում են առաջընթաց և համերաշխություն, որը պետք է իրավական տեսք ստանա, բայց ոչ քրեա-օլիգարխիկ Սահմանադրական դատարանի և քրեա-օլիգարխիկ իշխանության շնորհիվ, այլ ի հեճուկս նրանց պետք է դա ձևավորի։ Ես հույս ունեմ, որ ԱԺ ընտրություններում մենք՝ Հայաստանի համերաշխության և առաջընթացի ձգտող քաղաքացիներս, Якорьկհաղթենք և կստանանք այն իշխանությունը, որը մեզ արժանի է։ Համերաշխորեն առաջ դեպի նոր ընտրություններ։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ