Առաջատար հայագետները մասնակցելու են միջազգային գիտաժողովի Մոսկվայում


Առաջատար հայագետները մասնակցելու են միջազգային գիտաժողովի Մոսկվայում

  • 08-09-2016 11:28:53   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում կանցկացվի «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողով:
 
Սեպտեմբերի 8, Մոսկվա - 2016 թվականի սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները. անցյալ եւ ներկա» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է համակողմանիորեն քննարկել աշխարհի տարբեր ժողովուրդների հետ հայության շփման պատմական փորձը, ինչպես նաեւ անդրադառնալ այն դերին, որը հայկական սփյուռքը կատարել է Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պատմության մեջ։
 
Գիտաժողովը նշանակալի իրադարձություն կդառնա ռուսաստանյան հայագիտության համար, եւ առաջին անգամ այս թեմային անդրադարձ կարվի ակադեմիական եւ համալսարանական մակարդակով՝ միավորելով գիտաճյուղի առաջատար մասնագետներին Մոսկվայի համալսարանի եւ դրա պատմության ֆակուլտետի հենքի վրա։
 
Միջոցառմանը կմասնակցեն հայագիտության եւ հարակից ճյուղերի ավելի քան 100 մասնագետներ աշխարհի 16 երկրների մոտ 50 քաղաքներից: Նրանց թվում՝ նշանավոր պատմաբաններ Սերգեյ Կարպովը (Ռուսաստան, Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ), Աշոտ Մելքոնյանը (Հայաստան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Ժերար Դեդեյանը (Ֆրանսիա, Պոլ Վալերի Մոնպելյեի անվան համալսարան), Ռայմոն Գեւորգյանը (Ֆրանսիա, Սեն-Դենիի Փարիզ VIII համալսարան), Կլոդ Մութաֆյանը (Ֆրանսիա), Սեպուհ Ասլանյանը (ԱՄՆ, Կալիֆորնիայի UCLA համալսարան) եւ ուրիշներ։ 
 
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական ճակատագրերը X–XXI դդ., ռուսահայ սփյուռքի պատմություն, հայկական սփյուռքն աշխարհում, Հայաստանի ու հայկական սփյուռքի արվեստն ու մշակույթը, աղբյուրագիտության եւ պատմագրության հիմնահարցեր։
 
Հայաստանի, հայկական սփյուռքի եւ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ մասնագիտացող երիտասարդ գիտնականները համատեղ քննարկումների հնարավորություն կունենան։ 
 
Գիտաժողովը նախաձեռնել են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը եւ Սփյուռքի պատմության  գիտահետազոտական կենտրոնը՝ «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Գիտաժողովի ինֆորմացիոն հովանավորն է 100LIVES նախագիծը, որը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մի մասն է։ 
 
Գիտաժողովի անցկացմանն աջակցել են նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմաբանասիրական գիտությունների բաժինը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական Էրմիտաժը, Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, Արեւելքի պետական թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, ինչպես նաեւ՝ ՌԴ Մշակույթի նախարարության արվեստագիտության պետական ինստիտուտը, Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանի Հումանիտար եւ սոցիալական գիտությունների ֆակուլտետը, Ազգային հետազոտական միջուկային համալսարանի  մշակութապատմական «Մեր ժառանգությունը» (Наше наследие)կենտրոնը:
 
Գիտաժողովի շրջանակում թանգարանային ցուցադրություն կլինի, այդ թվում՝ պատմա-վավերագրական հատուկ ցուցադրություն. «Հոկտեմբերի գվարդիականը. Պ.Գ. Հարությունյանց (1892–1938)», վավերագրական գրքերի հատուկ ցուցադրություն «Հայաստան. պատմական ուղի» եւ Հայաստանի էթնիկ ժառանգության ցուցանմուշներ՝ Արեւելքի պետական թանգարանից:  
 
Գիտաժողովի աշխատանքային լեզուներ. ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն