Վարչապետը չի կարող փոխել իրավիճակը. Արամ Աբրահամյան


Վարչապետը չի կարող փոխել իրավիճակը. Արամ Աբրահամյան

  • 09-09-2016 14:02:10   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Երբ 1996 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ճնշմամբ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց վարչապետ Հրանտ Բագրատյանին հրաժարական տալ, ընդդիմադիրներն ասացին. «Վարչապետի կամ կառավարության հրաժարականով ոչ մի հարց չի լուծվի, երկրում ստեղծված օրհասական վիճակի համար պատասխանատու է նախագահը: Այ, եթե նա՛ հրաժարական տա, մեր բոլոր խնդիրները կլուծվեն»: Դրանից մոտ մեկուկես տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց ասել, որ այդպիսով որեւէ կարեւոր պետական խնդիր լուծվել է, մեծ չափազանցություն կլիներ` խնդիրները, կարծում եմ, խորացել են: Բայց ընդդիմության արձագանքը կառավարության փոփոխությանը ստանդարտ է, այն չի փոխվում արդեն առնվազն 20 տարի: Ճշմարտության հատիկ այստեղ, իհարկե, կա` վարչապետը, որքան էլ օժտված լինի զանազան անձնական բարեմասնություններով, չի կարող փոխել իրավիճակը:
 
Ողջ ճշմարտությունը, սակայն, այն է, որ մի կողմից՝ մենք արդարացիորեն որեւէ ակնկալիք չունենալով վարչապետի կամ նախարարների փոփոխությունից՝ կարծում ենք, որ այս երկրում ամեն ինչ կախված է նախագահից, եւ բավարար է գա «ազգասեր» մեկը, եւ նա կհանձնարարի բոլոր պաշտոնյաներին չգողանալ, բոլոր գործարարներին` հարկեր մուծել, ադրբեջանցիներին` չկրակել, ռուսներին` մեզ հարգել եւ այլն, որից հետո «ժողովուրդը» կապրի գոհ եւ երջանիկ: Նման «սպասումներով» ապրելն ու մշտապես հիասթափվելն ունի մեկ այլընտրանք` պահանջել սկզբից ինքդ քեզնից, այնուհետեւ քո մտերիմներից, իսկ հետո նաեւ պետական պաշտոնյաներից` ընդհուպ մինչեւ նախարարները, վարչապետը եւ նախագահը` համապատասխանել բարոյական եւ պետական որոշակի չափանիշներին: Եթե ես դրանց մեջ չեմ տեղավորվում, եթե ես ինքս համեստ չեմ, շահամոլ եմ, խաբեբա եմ, ապա իրավունք չունեմ նույնը պահանջելու ուրիշներից, մասնավորապես, իշխանավորներից` զուտ այն պատճառով, որ ես «ժողովուրդ» եմ, իսկ նրանք «շեֆեր» են: Թե չէ՝ ստացվում է` «սրանք գողանում են, թողեք` մենք էլ գողանանք»: Այլ հարց է, թե ինչ ենք մենք հասկանում «բարոյական եւ պետական չափանիշներ» ասելով: Այդ «պարամետրերը» մեզ համար մինչեւ վերջ հստակ չեն: Այդ չափանիշների մեջ մտնո՞ւմ են, օրինակ, «Գազպրոմի» հետ կապված բիզնեսները: Ես իսկապես չգիտեմ այդ հարցերի պատասխանը. արդո՞ք այստեղ շահերի բախում չի առաջանում: Արդյո՞ք այլ երկրի պետական, «համակարգաստեղծ» բիզնեսի եւ, հետեւաբար, պետական շահերի հետ փոխկապակցված լինելը չի խանգարում կատարել վարչապետի պարտականությունները: Չափանիշները, մի խոսքով, անորոշ են: Այս պարագայում առաջին պլան են մղվում մակդիրները` ազգասեր, ոչ ազգասեր, ժողովրդի մատից փուշ հանող կամ մտցնող: Նման աշխարհընկալմամբ մենք հեռու չենք գնա:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play