Իշխանության ներսում ստատուս-քվոյի փոփոխություն է, որը սկսվում է կառավարությունից եւ շարունակվելու է Հանրապետական կուսակցությունում.Մեկնաբան


Իշխանության ներսում ստատուս-քվոյի փոփոխություն է, որը սկսվում է կառավարությունից եւ շարունակվելու է Հանրապետական կուսակցությունում.Մեկնաբան

  • 09-09-2016 16:06:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը հերթական անգամ հայտարարեց էական փոփոխությունների մասին, որոնք, նրա խոսքով, պետք է սպասել առաջիկայում: Իր նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանը հանրությանն այդպիսի սպասում փոխանցել է մի քանի անգամ, տարբեր առիթներով եւ տարբեր իրավիճակներում: Ասել, թե նրա նախագահության ընթացքում Հայաստանում չի փոխվել իրավիճակ, չեն եղել փոփոխություններ, իհարկե սխալ կլինի: Բայց, հանրության համար այդ փոփոխությունները չեն ունեցել դրական ուղղվածություն եւ առավել եւս դրական միտվածություն, ինչի մասին վկայում է դժգոհության խիստ աճը, եւ ոչ միայն աճը, այլ նաեւ ծայրահեղացումը, ինչը փաստացի կիզակետային արտահայտում ունեցավ հուլիսի իրադարձությունների օրերին:
Փաստացի հենց այդ օրերին էլ իշխանության մեջ սկսվեց ներիշխանական տրանսֆորմացիաների դինամիկ նոր փուլը: Խոշոր հաշվով, վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարման գործընթացը սկսվեց հենց հուլիսյան այդ օրերին: Հուլիսի 29-ին Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ հրաժարվում է տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից, ժամանակի սղության պատճառով: Իրականում, այդ պաշտոնները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից չեն խլում առանձնապես մեծ ժամանակ, եւ ակնհայտ է, որ Աբրահամյանն իր տնօրինության տակ գտնվող այդ զգալի ռեսուրսից հրաժարվում էր հուլիսյան դեպքերի ընթացքում ծավալված ներիշխանական սուր զարգացումների հետեւանքով:
Հատկանշական էր, որ հուլիսի 29-ին դեպքերը սկսեցին արագ եւ վճռորոշ զարգացում ստանալ նաեւ ՊՊԾ գնդի շուրջ, հենց այդ՝ ՊՊԾ գնդի գրավման 12-րդ օրը Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենց նպատակը Ռուսաստանի դեմ հակագաղութային պայքարն է: Հուլիսի 29-ից նոր թափ եւ բնույթ ստացած զարգացումները բերեցին արագ եւ ինչ որ առումով անկնկալ հանգուցալուծման հուլիսի 31-ին:
 
Դրանք ունեցան ահռելի գեներատիվ, լյուստրացիոն նշանակություն թե հանրային, թե անկասկած իշխանական դաշտում, մի շարք առումներով: Սերժ Սարգսյանը նշում է, որ ապրիլյան եւ հուլիսյան իրադարձությունները հետ են գցել փոփոխությունները, սակայն իրավիճակը թերեւս լիովին հակառակն է՝ դրանք արագացրել են փոփոխությունները, որ տեղի են ունենում իշխանության մեջ, դրանք Սերժ Սարգսյանի համար ստեղծել են միջավայրեր, որոնք նպաստում են փոփոխություններ կատարելուն:
Այլ հարց է, թե ինչին են ուղղված դրանք եւ ինչ նպատակ են հետապնդում: Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 8-ի ելույթը ՀՀԿ խորհրդում վկայեց, որ նա գնում է իշխանության ամբողջական վերակառուցման, այլ կերպ՝ իշխանափոխության: Պարզապես դա այն իշխանափոխությունը չէ, որ կպատկերացնի հանրությունը: Դա իշխանափոխություն է, որն իրականացնում է Սերժ Սարգսյանն իր պատկերացումների, նաեւ իշխանության առաջ կանգնած խնդիրների համատեքստում:
Այդ իշխանափոխությունն ինչ որ առումով կարող է նաեւ առնչվել հանրային ու պետական շահին, սակայն այդ առնչության խորքային, հիմնարար բնույթը դեռեւս կասկածելի է, քանի որ առայժմ ակնհայտ է, որ իշխանափոխությունն ունի իշխող համակարգը նախընտրական իրավիճակի համար օպտիմալացնելու նպատակ: Բայց, դա իհարկե կոսմետիկ օպտիմալացում չէ, դա իշխանության ներսում ստատուս-քվոյի փոփոխություն է, որը սկսվում է կառավարությունից եւ շարունակվելու է Հանրապետական կուսակցությունում:
 
Հովիկ Աբրահամյանը Հայաստանի իշխող համակարգի առանցքային ֆիգուրն է, ոչ միայն զուտ իր անձի, տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակության, կապերի, ազդեցությունների իմաստով: Աբրահամյանի համար 2014 թվականն աստեղային ժամ էր այն իմաստով, որ հասունացել էր դիմակայության մեջ մտած երեք նախագահներին հաշտեցնելու, այդ հաշտության վրա «չորրորդ նախագահ» դառնալու պահը: Աբրահամյանը դառնում էր կամ հավակնում էր դառնալ ներիշխանական, ներհամակարգային փոխզիջման խորհրդանիշը: Իսկ ներհամակարգային դիմակայության պատճառները խորն էին ու ընդգրկուն եւ միայն Հայաստանում չէին, կամ առավելապես Հայաստանում չէին: Դրանք աշխարհքաղաքական դինամիկ աճող դիմակայության մեջ էին, նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացի եւ դրա ազդեցության մեջ, դրա հետեւանքով զգալիորեն նվազած տնտեսական ռեսուրսների եւ զգալիորեն աճած քաղաքական միջազգային պատասխանատվության մեջ:
Ահա այդ միջավայրում Հայաստանի իշխանության առաջ կանգնած էր փաստացի երկու մոդել՝ նոր փոխզիջում նոր իրավիճակից բխող իրողությունների հիմքով, կամ փոփոխություն:
Հովիկ Աբրահամյանն առաջրկվում էր որպես փոխզիջման խորհրդանիշ, դրանով իսկ դառնալու գերառանցքային ֆիգուր: Սերժ Սարգսյանը փաստացի մերժեց փոխզիջումը եւ առաջ է բերում «փոփոխության խորհրդանիշը»՝ ինչպես բնորոշեց Կարեն Կարապետյանին սեպտեմբերի 8-ի նիստում:
 
Թե որակական, քաղաքական, բովանդակային, արժեքային ինչ փոփոխության կարող է վերածվել խորհրդանշական այդ փոփոխությունը, դեռեւս պարզ չէ:
Այստեղ առանցքային նշանակություն ունի մեկ այլ հանգամանք: Ապրիլի պատերազմից հետո, որի ընթացքում չստացվեց բլից-կրիգի միջոցով առաջ մղել Կազանի պլանը, Ռուսաստանը հայտնվեց տարածաշրջանային փակուղում, այդ թվում Հայաստանի հետ հարաբերության առումով: Լիովին բացհայտվեց Հայաստանում ռուսական քաղաքականության տապալումը: Հուլիսին Ռուսաստանը ՊՊԾ գնդի գրավումից հետո տեսավ փակուղուց դուրս գալու շանս, սակայն դա եւս չարդարացավ, քանի որ Սերժ Սարգսյանը չգնաց խնդիրը արյունահեղությամբ հանգուցալուծելու տարբերակով, ինչին փաստացի կոչ էր անում Մոսկվան:
Ռուսաստանը փնտրում է փակուղուց դուրս գալու ելք, ավանդական մեթոդները ոչ միայն չեն աշխատում, արդյունավետ չեն, այլ տալիս են ավելի ու ավելի հակառակ էֆեկտ: Այդ իրավիճակում, Ռուսաստանի «էլիտան» կամ պարզապես Պուտինը կանգնած է իսկապես բարդ խնդրի՝ Հայաստանի հարցում մոտեցումների եւ քաղաքականության վերանայման առաջ, որի ռեսուրսը Ռուսաստանը փաստացի չունի, այդ ռեսուրսը կամ պատերազմն է, որի հնարավորությունները ապրիլից հետո խիստ սահմանափակ են, կամ սպառված, բացահայտված, սնանկացած քարոզչա-գործակալական ռեսուրսը:
Այդ իրավիճակում Հայաստանի իշխանական համակարգի որոշակի տրանսֆորմացիաները եւ ստատուս-քվոյի փոփոխությունը շահեկան է դառնում նաեւ Ռուսաստանի համար, որպես առնվազն միջանկյալ միջոց, որը կբերի նոր իրավիակի, ինչն էլ կարող է Մոսկվային տալ հայաստանյան փակուղին հաղթահարելու որոշակի հնարավորություն:
Ներկայիս իրավիճակը, խոշոր հաշվով, կարող է հանդիսանալ Արեւմուտքի հետ Ռուսաստանի որոշակի փոխզիջում՝ փոխզիջում Հայաստանում որոշակի ծավալների ներիշխանական, ներհամակարգային տրանսֆորմացիաների հարցում: Պատահական չէ, որ ներկայիս կադրային փոփոխությունների գործընթացում Հայաստանի իշխանության մեջ բարձրաստիճան եւ ռազմավարական ուղղություններով «առաջնագծում» նկատելիորեն ավելանալում են անձինք, որոնց քաղաքական նկարագրային շրջանակում աչքի խփող առանձնահատկությունների շարքում է ռուսական եւ արեւմտյան դաշտի «համատեղելիությունը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն