«Կարեն Կարապետյանին տրվելու է ականապատ կառավարություն՝ միմիայն իշխանության համար վտանգավոր այս հերթական փուլը հաղթահարելու համար». Հովսեփ Խուրշուդյան


«Կարեն Կարապետյանին տրվելու է ականապատ կառավարություն՝ միմիայն իշխանության համար վտանգավոր այս հերթական փուլը հաղթահարելու համար». Հովսեփ Խուրշուդյան

  • 13-09-2016 10:05:01   | Հայաստան  |  Հասարակություն

«Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու  Հովսեփ  Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարեն Կարապետյանին ընդամենը տրվելու է ականապատ կառավարություն և հանձնարարություն՝ գազի գնի նվազեցման և Ռուսաստանից վարկեր ու ինչ-որ վերահսկելի ներդրումներ բերելու, ինչն անհրաժեշտ է ոչ թե տնտեսությունը երկարաժամկետ զարգացնելու, այլ միմիայն իշխանության համար վտանգավոր այս հերթական փուլը հաղթահարելու համար: Ընդհանրապես նման անցումների շրջանում «ձիեր փոխել» իրեն թույլ տալ կարող է միայն ուժեղ, ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդը, իսկ Սերժ Սարգսյանի համար իշխանության ճարտարապետությանն էապես դիպչելը միշտ էլ խիստ ռիսկային է եղել, իսկ այժմ՝ առավել ևս»։

 

«Սերժ Սարգսյանը երբեք թույլ չի տա «նեղացնել» տեղի գիշատիչներին»

ԳԱԼԱ-ի հարցերին պատասխանում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:
 
 – Պարոն Խուրշուդյան, ո՞րն էր վարչապետի փոփոխության և Կարեն Կարապետյանի նշանակման նպատակը: Ի՞նչ կասեք նոր վարչապետի մասին:
 
– Նոր վարչապետի անձը քննարկելու փոխարեն եկեք հարցը դիտարկենք համակարգային տեսանկյունից: Մի կողմից ունենք ապաշնորհ կառավարման հետևանքով երկրի տնտեսական և սոցիալական վիճակի ծայրաստիճան վատթարացում: Մյուս կողմից՝ ժողովրդական պայքար, լայն զանգվածների դիմադրություն իշխանությունը 2013թ.-ին հերթական անգամ զավթած խմբավորման ապօրինություններին: Դրա կուլմինացիան հանդիսացավ Սասնա ծռերի ապստամբ գործողությունը և դրան հաջորդած բազմահազարանոց հանրահավաքներն ու երթերը՝ ի պաշտպանություն ծռերի և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Այդ ամենը բերեց նրան, որ գալիք ընտրությունների նախաշեմին կրկին խափանվեցին գործող նախագահի պլանները (ինչպես դա տեղի ունեցավ նաև 2008թ.-ին, երբ համաժողովրդական պայքարի արդյունքում խափանվեցին Ռոբերտ Քոչարյանի ծրագրերը՝ սահուն անցում կատարել վարչապետի աթոռին և շարունակել իշխել): Սերժ Սարգսյանը ստիպված եղավ նոր, ոչ շատ վարկաբեկված դեմքեր փնտրել վարչապետի, այսինքն և, իմ կարծիքով, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորողի, և մի քանի նախարարի տեղերի համար, որոնց միջոցով կկարողանար գոնե մի փոքր նվազեցնել իշխանության և անձամբ իր հանդեպ ժողովրդի, ընտրողների ատելությունը, քանի որ ակնհայտ է դարձել ոչ միայն իր, այլև ՀՀԿ-ի ներսում, որ նման պայմաններում անգամ կեղծիքներ իրականացնելու այսօրվա գործիքակազմի միջոցով հնարավոր է որ չկարողանան վերարտադրվել և ապահովել մեծամասնություն՝ կառավարություն ձևավորելու համար, անգամ նոր սահմանադրությամբ տրվող «բոնուսն» օգտագործելու շեմին հնարավոր է չկարողանան հասնել:
 
Հովսեփ Խուրշուդյան
 
Պարզ էր նաև, որ վարչապետի թեկնածուն չէր կարող լինել ներսից, որովհետև Սերժ Սարգսյանի համար վստահելի մարդկանց թվում չկա մեկը, ով մասնակիցը եղած չլիներ ժողովրդի կեղեքմանը, թալանին. նման մեկը չէր կարողանա կատարել իր վրա դրված գործառույթը՝ շահել ժողովրդի գոնե մի, շատ թե քիչ զգալի մասի համակրանքը, վստահությունը: Դե իրական ընդդիմությունից էլ նման մեկին նա երբեք չի էլ համարձակվի զիջել այդ պաշտոնը: Այդ հնարավորությունը կար 2013թ.-ին, երբ նախագահական ընտրությունները հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում էր նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և ժողովրդական վստահության նոր կառավարություն ձևավորել՝ համաձայնելով ի վերջո կիսել իշխանությունը ժողովրդի հետ:
 
Դրսից եկած թեկնածուն Սերժ Սարգսյանի համար լավ է նաև նրանով, որ չունի իրական հենարան՝ հանձին տեղական կլանների, ինչը հետագայում, ուժեղանալու դեպքում, կարող էր դուրս բերել նրան Սերժ Սարգսյանի վերահսկողությունից (նույն տրամաբանությամբ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախից որպես վարչապետ բերեց Ռոբերտ Քոչարյանին, տեսանք ինչ եղավ, սակայն չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանին այդ իմաստով հնարավոր է համեմատել Քոչարյանի հետ): Եվ ոչ էլ կոնկրետ Կարեն Կարապետյանն առանձնապես ճանաչված-ընդունված է ժողովրդի կողմից:
 
Հիմա տեսնենք, թե ինչ կտա Կարեն Կարապետյանի նշանակումը Հայաստանին: Նախ, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նրան այն բանի համար չի բերել, որ նա, եթե անգամ ցանկանա, լավ գործերով այնքան պոպուլյար դառնա ժողովրդի մեջ, որ հավակնի վարչապետի դիրքին ավելի երկարաժամկետ կտրվածքով, քան Սերժ Սարգսյանի՝ 2018թ.-ի նախագահական ժամկետի ավարտն է: Այս առումով լիովին համամիտ եմ Արմեն Մարտիրոսյանի՝ վերջին հանրահավաքում արտահայտած այն մտքի հետ, որ նրան թույլ չի տրվելու համակարգին դիպչել: Այդ դեպքում, ինչպե՞ս նա պետք է դառնա «փոփոխությունների խորհրդանիշ»: Շատ պարզ. այդ փոփոխությունները, իմ պատկերացմամբ, Սերժ Սարգսյանը հույս ունի Կարեն Կարապետյանի միջոցով ապահովել արտաքին ֆինանսական ներհոսքը: Տվյալ դեպքում՝ Ռուսաստանից: Օրինակ, էլ ո՞վ կկարողանա ավելի արդյունավետ բանակցել Գազպրոմի/Կրեմլի հետ՝ Հայաստանի համար գազի գինն էականորեն նվազեցնելու համար: Հասկանալի է, որ Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների ֆոնին Կրեմլին պետք է ամեն ինչ անել իր մարդու միջոցով դրանք նվազեցնելու ուղղությամբ: Ադրբեջանին զենքի վաճառքից ստացած մի քանի միլիարդի շահույթը Մոսկվային արժեցավ Հայաստանի ժողովրդի սթափեցում, որը հղի է Հայաստանի՝ Կրեմլից իրական անկախացմամբ, և այժմ, վստահ եմ, Կրեմլը պատրաստ է ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլարով նվազեցնելով Հայաստանից քամվող գերշահույթները, անգամ մի քանի հարյուր միլիոնի էլ լավ պայմաններով վարկ տալով՝ փորձել վերականգնել Հայաստանի ժողովրդի՝ նախկինում ունեցած վերաբերմունքն իր հանդեպ: Պարզ է, որ նա դա չէր անի Սերժ Սարգսյանի իշխանությունն ամրապնդելու գնով, քանի որ արդեն վաղուց չի վստահում նրան, ու նաև մեկ անգամ չեն ռուս փորձագետները նշել, որ Հայաստան ուղղվող բոլոր միջոցները թալանվում են և չեն ծառայում իրենց նպատակին՝ նվազեցնել սոցիալական լարվածությունը, գոնե ինչ-որ շարժ ապահովել տնտեսության մեջ:
 
Մեծ հաշվով, կարճաժամկետ թեթևացում բերելով ժողովրդի մի մասի համար՝ այս կոսմետիկ փոփոխությունները երկարաժամկետ առումով որևէ օգուտ Հայաստանին չեն տալու: Ավելին, եթե Սերժ Սարգսյանին հաջողվի հասնել իր գծած ծրագրերի իրագործմանը, ապա Հայաստանը է՛լ ավելի հետ կշպրտվի հզոր, բարեկեցիկ ու ազատ պետություն ունենալու հեռանկարից:
 
- Այսինքն Կարեն Կարապետյանը ռուսական փողե՞ր է բերում:
 
– Կարծում եմ, որ այո, այլապես նրան նշանակելու իմաստն է կորում: Որովհետև ենթադրել, որ Սերժ Սարգսյանը նրան նշանակում է երկրում կոռուպցիան հաղթահարելու, ազատ մրցակցային դաշտ ձևավորելու, մոնոպոլիստների սանձերը քաշելու, լայնածավալ ներդրումներ ներգրավելու, այսինքն՝ ՀՀԿ-օլիգարխիկ ամբողջ թիմի եկամուտներին կպչելու և այդ ճանապարհով Հայաստանը զարգացնելու համար՝ կնշանակեր նոր էջ բացել համաշխարհային քաղաքագիտության մեջ, երբ որևէ երկիր կեղեքող, մինչև ուղնուծուծը կոռուպցիայի մեջ թաղված, հանրային, պետական շահը սեփական շահին ծառայեցնող, ցոփ ու շվայտ կյանքին սովորած իշխանավորները հանկարծ մի օր զարթնում են, մեղանչում իրենց վարքուբարքի, վատ գործերի համար և որոշում դառնալ դեմոկրատ, օրինապաշտ և ազնիվ կառավարիչներ:
 
Սերժ Սարգսյանին այժմ պետք է կարճաժամկետ՝ մինչև 2017թ. ապրիլ, ռեյտինգային աճ ՀՀԿ-ի համար՝ 1-2 տոկոսից մինչև գոնե 15-20 տոկոս, իսկ մնացածն արդեն իրենք «կխփեն»: Նրանք այսօր չեն կարող անգամ այն վարչական ռեսուրսի վրա հույս դնել, որի վրա միշտ հենվել են: Պետք է հասարակության գոնե մի հատվածի մեջ ինչ-որ հույսերի, սպասումների ձևավորում, երկրում դրական ֆոնի ստեղծում, «գաղջ մթնոլորտի» թեկուզ մասնակի հաղթահարում: Բայց նորից եմ կրկնում, դա լինելու է խիստ կառավարելի և կարճաժամկետ մի գործընթաց և գրեթե բացառապես դրսի ռեսուրսների հաշվին: Սերժ Սարգսյանը երբեք թույլ չի տա «նեղացնել» տեղի գիշատիչներին: Դա անելու լծակները Կարեն Կարապետյանին չեն էլ տրվի, դրանք հիմնականում դուրս են ներկայիս սահմանադրությամբ գործող վարչապետի տնօրինման տիրույթից՝ Ոստիկանություն, Դատախազություն, ԱԱԾ, Քննչական ծառայություն և կոմիտե, Վերահսկիչ պալատ և այլն:
 
Այսպիսով, սա մի հերթական շախմատային պարտիա է, երբ Կարեն Կարապետյանի գլխավորած խորհրդարանական ցուցակով Սերժ Սարգսյանը փորձելու է ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը, մի քիչ էլ այն թարմացնելով՝ զառամյալ կեղեքիչներին փոխարինելով ավելի թարմ, երիտասարդ կարիերիստներով, որոնք կսպասարկեն անմիջականորեն իր շահերը: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո կմնա միայն մեկ տարի (իսկ քանի դեռ վտանգ չի առաջանա, որ նա հզորանում է և արմատներ ձգում կլանների մեջ և կարող է դառնալ անկառավարելի, գուցեև ավելի երկար) աշխատել Կարեն Կարապետյանի ցուցանիշները նվազեցնելու, նրան բազմաթիվ լծակներով թուլացնելու վրա, կամ այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ նա կրկին «նեղվի ու հեռանա», ինչպես եղավ 2011թ.-ին: Ի դեպ, քաղաքապետի պաշտոնն էլ բավականին արժեքավոր է, և այն, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց իր համար անհետևանք (Կրեմլի արձագանքի տեսանկյունից) ետ վերցնել այն նախկին Հայռուսգազարդի տնօրենից, ցույց է տալիս, որ գոնե այն ժամանակ Հայաստանում Կրեմլը դեռ այդքան ազդեցություն չուներ, որքան այժմ է: Եվ հիմա Սերժ Սարգսյանը շատ ավելի ռիսկային խաղի մեջ է մտել, քան նույնիսկ 2008-ին սկսած և 2013-ի սեպտեմբերի 3-ին ավարտած խաղը Արևմուտքի հետ՝ եվրաասոցացման շուրջ:
 
- Ձեր կարծիքով ո՞ր նախարարները հաջորդիվ հրաժարական կտան: Ի՞նչ կտան այս փոփոխությունները Հայաստանին:
 
– Կարծում եմ, որ կառավարության կազմն արմատական փոփոխություններ չի կրի: Չմոռանանք, որ այնտեղ կան նախարարներ, որոնք թեև Հայաստանի զարգացման, լավ կառավարման տեսանկյունից որևէ արժեք չեն ներկայացնում, սակայն տարիների ընթացքում ապացուցել են իրենց հավատարմությունը կա՛մ անմիջականորեն Սերժ Սարգսյանին, կա՛մ նրա մերձավորներին: Եվ այդ թիմը նրա իշխանության պահպանման համար օդ ու ջրի պես է պետք: Ավելին, նոր նախարարների մեջ էլ եթե անգամ նոր դեմքեր լինեն, դրանք լինելու են իր, այլ ոչ թե Կարեն Կարապետյանի մարդիկ: Կարեն Կարապետյանին ընդամենը տրվելու է ականապատ կառավարություն և հանձնարարություն՝ գազի գնի նվազեցման և Ռուսաստանից վարկեր ու ինչ-որ վերահսկելի ներդրումներ բերելու, ինչն անհրաժեշտ է ոչ թե տնտեսությունը երկարաժամկետ զարգացնելու, այլ միմիայն իշխանության համար վտանգավոր այս հերթական փուլը հաղթահարելու համար: Ընդհանրապես նման անցումների շրջանում «ձիեր փոխել» իրեն թույլ տալ կարող է միայն ուժեղ, ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդը, իսկ Սերժ Սարգսյանի համար իշխանության ճարտարապետությանն էապես դիպչելը միշտ էլ խիստ ռիսկային է եղել, իսկ այժմ՝ առավել ևս:
 
- Պարոն Խուրշուդյան, այս օրերին դարձյալ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակը բազմամարդ էր: ՀՀ քաղաքացիները հանդես են գալիս որպես Սասնա ծռերի պահանջների հետևորդներ և նաև պահանջում են, որ ազատ արձակվեն ՊՊԾ գունդը գրաված ու այժմ անազատության մեջ գտնվող անձիք: Ի՞նչ եք կարծում՝ այս հանրահավաքները կլինե՞ն արդյոք շարունակական:
 
– Այո, և կարծում եմ դրանք հոկտեմբեր-նոյեմբերին ավելի բազմամարդ են դառնալու, քանի որ Կրեմլի ազդեցության մեծացումը, իսկ այժմ Հայաստանում, ըստ էության, ձևավորվում է մոսկովյան կառավարություն, անխուսափելիորեն բերելու է նաև ինքնիշխանության ջատագով ուժերի կոնսոլիդացիայի և իշխանափոխության օրակարգի վեկտորայնացման, ինչը կարող է նաև հավելյալ աջակցության հիմքեր ստեղծել: Ընդդիմությունը, իսկ տվյալ դեպքում ես նկատի ունեմ փողոցում կանգնած և պայքարող ընդդիմությանը, դեռ մի քանի չօգտագործված «շախմատային» քայլեր ունի, որոնց անելու ժամանակը դեռ չի եկել, բայց կարծում եմ հոկտեմբերի վերջ-նոյեմբերին պահն արդեն հասունացած կլինի:
 
- Որո՞նք են դրանք:
 
– Եկեք ժամանակից առաջ չընկնենք:
 
-Փաստորեն Դուք կարծում եք, որ ժողովուրդը պատրա՞ստ է անցնել պայքարի նոր փուլի, և որ ՀՀ իշխանություններին չհաջողվե՞ց պայքարի այս ալիքն էլ կտրել արմատից և չեզոքացնել:
 
– Իհարկե ոչ: Իշխանությունները կարողացան ընդամենը ետ մղել ժողովրդական ցասման առաջին ալիքը՝ կալանավորելով Սասնա ծռերին: Սակայն մեր ժողովուրդն այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ իր արմատն ուժեղ է և դիմադրողականությունն ու տոկունությունն էլ՝ մեծ: Հարթակում էլ նրան առաջնորդում են անդավաճան, քաջ ու նվիրյալ ծռեր: Եվ պակաս կարևոր չէ նաև այն, որ իշխանության մեջ, այսինքն՝ համակարգի ներսում Սասնա ծռերն ունեն հսկայական ստվերային աջակցություն: Այսօր իշխող կլանները փոքրամասնություն են անգամ համակարգի ներսում: Բացառապես խարդավանքների և հմտացած վերգոների տեսակը երկար չի դիմանալու:

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play