«Կարեն Կարապետյանին Մոսկվայից ուղարկում են, որ տարածքների հարցը լուծի».Պավել Մանուկյան


«Կարեն Կարապետյանին Մոսկվայից ուղարկում են, որ տարածքների հարցը լուծի».Պավել Մանուկյան

  • 13-09-2016 12:19:34   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ Պավել Մանուկյանը հետվիրահատական փուլ է անցնում, վիճակը գնահատվում է նորմալ:
 
Այս մասին երեկ armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը: «Վիրահատությունից հետո մի քիչ ցավեր ունի, այդ ցավերը բնական են, որովհետեւ վիրահատությունը նորմալ է անցել»,- ասաց նա՝ հավելելով, որ Պավել Մանուկյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, մի քանի օր հետո կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
 
Պաշտպանն ասաց, որ երեկ է տեսակցել Մանուկյանին, որի տրամադրությունն այդքան էլ դուր չի եկել իրեն. «Ասում է՝ վաղը մյուս օր կասեն, թե «Սասնա ծռերը» էին նման կառավարություն ուզում: Նա ասում է՝ ճիշտ է, կառավարություն փոխելու խնդիր ունենք, բայց չենք ասել Մոսկվայից մարդ բերեք:  Նա նշում է, որ Մոսկվայից ուղարկում են իրեն (Կարեն Կարապետյանին, հեղ.), որ տարածքների հարցը լուծի, ինքն ավելի շատ տարածքների հարցով է մտահոգված: Պավելն ասում է, որ այս ամեն ինչը պատերազմական վիճակի է բերելու»,- Մանուկյանի խոսքերը փոխանցեց պաշտպանը:
 
Ինչ վերաբերում է նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, ապա Հարություն Բաղդասարյանն ասաց, որ տեսակցել է նրան, վիճակը գնալով բարելավվում է, կարողանում է արդեն հենակների օգնությամբ քայլել. «Հենակների օգնությամբ ազատ տեղաշարժվում էր: Շատ չի քայլում, ծունկը ծալում է, դեպի առողջացման պրոցես է գնում»,- ասաց Բաղդասարյանը: Նշենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ՝ ի պաշտպանություն Արամ Մանուկյանի:  Նախաձեռնության հեղինակները ՀՀ քաղաքացիներին հրավիրում են դատարան՝ աջակցելու Արամ Մանուկյանին:
 
Տարածված հայտարարությունում ասվում է. «Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Արամ Մանուկյանի գրավի դիմաց կալանքի խափանման միջոցի բողոքարկման դատական նիստը»:
 
Հիշեցում. Արամ Մանուկյանը եւ Պավել Մանուկյանը հրազենային վիրավորում էին ստացել ոտքի շրջանում: Նախ՝ կրկնակի վիրահատության ենթարկվեց Արամ  Մանուկյանը, ապա՝  հայրը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հոդվածներով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ