Վիրահայ երիտասարդների եռօրյա հավաք Ծերովանիում


Վիրահայ երիտասարդների եռօրյա հավաք Ծերովանիում

  • 13-09-2016 16:47:49   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

2016 թվականի սեպտեմբերի 7-9-ը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, թեմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ և առաջնորդարանի աջակցությամբ, կազմակերպվեց Վրաստանի հայ համայնքի երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաք: Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ մայրաքաղաքից և Քվեմո Քարթլիի ու Աջարիայի տարածաշրջանների տարբեր հայաբնակ բնակավայրերից: Ծրագիրն իրականացվեց Կաթոլիկ Եկեղեցու Ծերովանի քաղաքամերձ ավանի համալիրում:
 
Դասընթացը մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի ողջույնի և բարեմաղթանքի խոսքով: Հայր Սուրբը մասնակիցներին փոխանցեց թեմակալ առաջնորդի հայրական սերն ու օրհնությունը և բարի ու արդյունավետ ընթացք մաղթեց դասընթացի մասնակիցներին:
 
Եռօրյա ծրագրի շրջանակներում մասնակիցները ունկնդրեցին հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետի դասախոսությունները Սուրբ Հաղորդության խորհրդի և Աղոթքի կարևորության մասին: Արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը մեկնաբանեց Եկեղեցու դերը հայ երիտասարդի կյանքում: Թբիլիսիի հայկական պատմա-մշակութային ժառանգությունը ներկայացրեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիիդիլյանը, Քաղաքացիական հասարակության զարգացման և ոչկառավարական կազմակերպությունների թեմայով խոսեց Վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, իսկ Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանի դասախոսության թեման Վրաստանի Եվրատլանտյան ինտեգրումն էր:
 
Դասընթացների յուրաքանչյուր օրն ավարտվում էր երեկոյան ժամերգությամբ, որից հետո ծրագրին ընդգրկված երիտասարդների ժամանցն ընթանում էր ուրախ խաղ- մրցույթների կազմակերպմամբ, որոնց նպատակն էր մտերմացնել մասնակիցներին ու նրանց շրջանում զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը:
 
Ծրագիրն ավարտվեց Հայր Խորենի օրհնության և գնահատանքի խոսքով: Հոգեշնորհ Հայր Սուրբը բարձր գնահատեց թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և մյուս կազմակերպիչների ջանքերը երիտասարդների եռօրյա աշխատանքային հավաքը բարձր մակարդակով, հետաքրքիր ու բովանդակալից իրականացնելու համար: Հայր Սուրբը եռօրյա դասընթացի մասնակիցներին հանձնեց մասնակցության վկայականներ և խաչեր:
 
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն կատարած այցելությամբ ավարտվեց վիրահայ համայնքի երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաքը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play