Կարեն Կարապետյանը չի կարող գնալ իշխող համակարգի դեմ


Կարեն Կարապետյանը չի կարող գնալ իշխող համակարգի դեմ

  • 13-09-2016 19:48:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի հանրապետությունն անկախության 25-րդ տարում ունեցավ 14-րդ վարչապետը: Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 13-ին նշանակվեց այդ պաշտոնին: Սարգսյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը կդառնա Հայաստանում փոփոխությունների յուրօրինակ խորհրդանիշ: Առայժմ Կարեն Կարապետյանը Հայաստանում Գազպրոմի խորհրդանիշն է, իսկ Հայաստանում նրանից եղած խորհրդանիշներն էլ առավելապես երեւանյան տրանսպորտային կանգառներում նրա քաղաքապետության ամիսներին տեղադրված ռետինների հետքերն են:
 
Ինչպիսին կլինի Կարեն Կարապետյանի վարչապետության հետքը, տեսակետները տարբեր են, թեեւ հիմնականում ակնհայտ է, որ նրա վարչապետության կապակցությամբ լավատեսությունը գերիշխում է իշխանության շրջանակում, իսկ հանրության շրջանում գերիշխողն այն է, որ Կարեն Կարապետյանը իշխող համակարգի ներկայացուցիչ է, ըստ այդմ նա չի կարող գնալ այդ համակարգի դեմ: Իսկ չգնալով այդ համակարգի դեմ, Հայաստանում հնարավոր չէ հասնել համակարգային փոփոխության:
 
Ու դա իրապես այդպես է: Տվյալ պարագայում սակայն պետք է խոստովանել, որ կան համակարգի դեմ գնալու մի շարք տարբերակներ: Անկասկած է, որ հանրությունն իրավացիորեն պահանջում է կամ ակնկալում այդ տարբերակներից ամենաարագը եւ արմատականը՝ պարզապես հեռացնել իշխող կոռուպցիոն համակարգը եւ սահմանել օրինական, սահմանադրական իշխանություն, որը կծառայի քաղաքացիներին, ոչ թե ինչ որ անձանց:
Բացառված է, որ Կարեն Կարապետյանը, կամ իշխող համակարգի որեւէ այլ անձ գնա այդօրինակ քայլի:
Միաժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանում ստեղծված վիճակը ավելի ու ավելի սպառնալից է դառնում հենց իշխող համակարգի համար, ու չգիտակցել դա համակարգը չի կարող: Միաժամանակ չի կարող չգիտակցել, որ հնարավոր չէ երկարաժամկետ առումով չեզոքացնել այդ սպառնալիքները, եթե չի չեզոքացվում համակարգն ինքը:
 
Բայց ինչպե՞ս չեզոքացնել համակարգը, եթե բոլորը շղթայված են միեւնույն շղթայով, հարազատական, բարեկամական, խնամիական, ընկերական, քավոր-սանիկական, սեղանակցային, բաժակաճառային սերտ կապերով: Դրանք անխուսափելիորեն թողնում են իրենց ազդեցությունը:
Միեւնույն ժամանակ, անխուսափելի եւ անբեկանելի է ինքնապաշտպանության եւ ինքնապահպանության բնազդը: Երբ ակնհայտ է, որ նավը խորտակվում է, ապա այստեղ արդեն այդ կապերը սկսում են խափանվել, դրանք առնվազն սկսում են «դասակարգվել» կարեւորի եւ անկարեւորի, առաջնահերթի ու երկրորդականի: Ի վերջո, գերական «մետրոպոլիական» իմաստնությունն է՝ «սեփական շապիկն ամենամոտն է մարմինին»:
Այդ հանգամանքը առաջացնում է խնդիրներ, անվստահություն, կասկածամտություն, առավել եւս, որ աշխարհում ոչ միայն լոկ հայկական «էլիտան» չէ, այլ այդ «էլիտայի» տարբեր ներկայացուցիչների համար տարբեր աստիճանի հասանելիություն ունի «աշխարհը», որտեղ այժմ լուծվում են ճակատագրական խնդիրներ:
Այդպիսի իրավիճակում, համակարգի ներսում կենսունակ են դառնում համակարգի դեմ գնալու բազմաթիվ տարբերակներ, որոնք գուցե չեն ենթադրում արմատականություն, դիմահարություն, այդուհանդերձ իրենց ներգործությամբ ավելին են, քան համակարգային բազմաբնույթ կապերը:
Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե համակարգի դեմ գնալու «էվոլյուցիոն» կամ «թավշյա» ո՞ր տարբերակն է ընտրվելու: Օրինակ, երբ Հայաստանում կատարվում է մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոն դոլարի տնտեսական ներդրում, որակական եւ բովանդակային զգալիորեն նոր հատկանիշներով, դա արդեն իսկ նշանակում է գնալ առկա համակարգի դեմ:
 
Ի վերջո, համակարգը միայն անձինք, կապեր ու հարաբերություններ չեն, այլ մտածողություն, մշակույթ, այդ ամենի սոցիալական հենարանով, որը կոնկրետ իշխանության ոչ լեգիտիմության պայմաններում այդուհանդերձ ապահովում է համակարգի «քաղաքակրթական» լեգիտիմություն:
Կարեն Կարապետյանը կարող է համակարգի դեմ գնալ այդ՝ «շրջանցիկ» տարբերակներով, եթե կարողանա ապահովել Հայաստանի տնտեսության թե քանակական, թե որակական, թե բովանդակային-արժահամակարգային առումով ծավալուն ներդրումներ, որոնք Հայաստանում կփոխեն տնտեսական ստատուս-քվոն, ինչն անկասկած կունենա իր ազդեցությունը հասարակական-քաղաքական պատկերի վրա:
Դատելով Սերժ Սարգսյանի ելույթից, որ հնչեց սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդում, Կարեն Կարապետյանի առաջ դրված է այդ խնդիրը, որի քաղաքական հենարանի ապահովումը Սերժ Սարգսյանը վերցնում է իր վրա:
Այդ իմաստով, Կարեն Կարապետյանը վարչապետ է, որը թիմ չունի՝ նա Սերժ Սարգսյանի թիմի հույսին է: Միաժամանակ հստակ չէ՝ իսկ Սերժ Սարգսյանը թիմ ունի՞, թե նրա հույսն էլ իշխանության մեջ ընդհանրապես որեւէ թիմի բացակայությունն է, միաժամանակ տարբեր թիմերի մասին միֆերի առկայությունը, որոնց միջոցով հնարավոր է խաղարկել ամբողջ իշխանական համակարգը:
Միեւնույն ժամանակ, բոլորովին զարմանալի չէ իշխանության ներսում թիմերի, որպես այդպիսին բացակայությունը, քանի որ Հայաստանի իշխող համակարգում ընդգրկվածների ճնշող մեծամասնության համար «թիմի առաջնորդը» իշխանությունն ու փողն է: Ի վերջո, այդ համակարգը 1998 թվականի փետրվարի 2-ին մեկ գիշերում ՀՀՇ-ականից Հանրապետական կամ Երկրապահ դարձածների համակարգն է:
Իսկ ով ով, բայց Սերժ Սարգսյանն ամենից լավ գիտե, թե ինչպես է դա տեղի ունեցել, ընդ որում թե ամբողջական, թե յուրաքանչյուրի մասով մեկ առ մեկ:
Այդպիսով, խոշոր հաշվով իշխանության ներսում համակարգի դեմ գնալու հանգամանքի գուցե որոշ տարբերակներ իսկապես անհնարն են, բայց ընդհանուր առմամբ այդ երեւույթն ինքնին ոչ միայն անհնար չէ, այլ իր քառորդ դարի պատմության ընթացքում ունեցել է մի շարք մեծ ու փոքր դրսեւորումներ: Այլ խնդիր է, որ հասարակությունը, հասարակական-քաղաքական սուբյեկտները չեն կարողացել համարժեք գնահատել Հայաստանի իշխանության համակարգի այդ բնույթն ու գտնել դրա հետ մրցակցության կամ պայքարի արդյունավետ մեխանիզմներ:
Խնդիրը, համակարգի դեմ գնալու իմաստով, բոլորովին այլ է. Հայաստանի իշխող համակարգը 25 տարի պահպանվել ու բյուրեղացել է հենց միմյանց դեմ գնալով: Առանցքայինն այն է, թե արդյոք կգտնվի այդ համակարգում մեկը, կամ մարդիկ, որոնք կկարողանան սկզբունքորեն գնալ եվրասիական կայսերական համակարգի դեմ, Հայաստանը դուրս բերել հենց այդ համակարգից, թեկուզ կրկին շրջանցիկ ճանապարհով:
Այդտեղ է ռազմավարական խնդիրը, ընդ որում կանգնած թե իշխանության, թե ընդդիմության դեմ: Մեծ հաշվով, հենց այդտեղ է նաեւ Հայաստանի իշխանության ու ընդդիմության խորքային եւ իրական սահմանումը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play