armtimes.com. ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին:
Կարեն Կարապետյանը ժամանակին՝ երբ «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն էր, ասոցացվում էր Քոչարյանի հետ: Հատկապես, որ նա վերջինիս կնոջ՝ Բելա Քոչարյանի ազգականն է: Անգամ 2010թ., երբ Կարապետյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, նորից կարծիքներ էին հնչում, թե այդ պաշտոնին նշանակվեց Քոչարյանի մտերիմը: Իսկ հիմա, երբ տեղեկություններ են շրջանառվում, թե Սարգսյանը Քոչարյանի ամենավստահելի պաշտոնյաներից մյուսին՝ Ալեքսան Հարությունյանին էլ կնշանակի իր օգնական՝ այդ պաշտոնից ազատելով իշխանական մեդիադաշտը համակարգող Սեւակ Լալայանին, արդեն իսկ այդ կարծիքները կարծես իրականություն են դառնում: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը 1-2 օր առաջ, երբ վարչապետի փոփոխության խոսակցություններ դեռ չկային, Ալեքսան Հարությունյանը Երեւանում էր եւ զբոսնում էր կենտրոնի փողոցներով:
Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բարձր պաշտոնների են նշանակվում Քոչարյանի հատկապես այն կադրերը, ովքեր նրա իշխանության տարիներին եղել են նրա ամենավստահելի մարդիկ: Այդ մարդկանց Ռ. Քոչարյանը տարիների ընթացքում նշանակել է ամենաառանցքային պաշտոններում ու տվել ազդեցության մեծ լծակներ, որոնք դուրս էին անգամ նրանց պաշտոնական շրջանակներից: Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ Քոչարյանի կադրերի վերադարձի գործընթացը սկսվել էր ավելի վաղ, երբ ԱԱԽ քարտուղար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, որը նրա աշխատակազմի ղեկավարն ու ամենավստահելի մարդն է եղել տարիներ շարունակ: Ի դեպ, ժամանակին մենք գրել էինք, որ մեծ ջանք է գործադրվել նրան համոզելու համար, որ համաձայնի նշանակվել այդ պաշտոնին:
Այսօր արդեն իշխանամերձ շրջանակները չեն բացառում, որ առաջիկայում քոչարյանական այլ կադրեր նույնպես կնշանակվեն տարբեր պաշտոնների: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարծես թե մի հետաքրքիր ազգային համաձայնության իշխանություն է ձեւավորում, որտեղ մեծ տեղ է տալիս նաեւ Քոչարյանի մտերիմներին: Ու առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ այդ նշանակումները համաձայնեցված են վերջինիս հետ: Սակայն քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ այլ վարկած, թե Սարգսյանը փորձում է իրենով անել Քոչարյանի կադրերին, որպեսզի առաջիկայում՝ հատկապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանք իր դեմ ինչ-որ գործունեություն չծավալեն: Մասնավորապես այս երկու պաշտոնյաները լավ տիրապետում են քարոզչության կամ հակաքարոզչության ու ընդհանրապես ներիշխանական հարաբերությունների նրբություններին: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հնարավորության դեպքում Քոչարյանն ակտիվ քաղաքականություն կվերադառնա, ու պարզ է, որ առաջինը նրա կողքին պիտի կանգնեն իր նախագահության տարիների վստահելի պաշտոնյաները: Այս ու հետագա նշանակումով Սարգսյանը նվազեցնում է Քոչարյանի վերադարձի հնարավորությունները ու նրան իր համար հնարավորինս անվտանգ դարձնում:
Իսկ այն, որ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ իշխանության, որեւէ մեկը չի կասկածում: Հայտնի է, որ նա ի սկզբանե իր համար փորձում էր քաղաքական հենարան ստեղծել: Դաշնակցությունն այդ նպատակի համար թույլ միջոց համարելով՝ նա իր պաշտոնավարման տարիներին ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի հետ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Այնուհետեւ ԲՀԿ-ից հեռացան նաեւ քոչարյանամետ գործիչները նրա ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ու ստեղծեցին «Համախմբում» կուսակցությունը: Չի բացառվում, որ Քոչարյանը հենց այս կուսակցության միջոցով մասնակցի 2017-ի ԱԺ ընտրություններին, եթե զգա, որ հաղթելու կամ գոնե նշանակալի ձայներ հավաքելու հնարավորություն կա: Եվ ահա այդ հնարավորությունն է աստիճանաբար նվազեցնում Սարգսյանը՝ ՀՅԴ-ին, այնուհետեւ ԲՀԿ-ին, հիմա արդեն առանձին անհատների իր դաշտը բերելով: Հասկանալի է, որ Սարգսյանի համար Քոչարյանը մեծ վտանգ է ներկայացնում իր ֆինանսական ահռելի միջոցներով: Ահա հիմա՝ ընտրություններից վեց-յոթ ամիս առաջ Քոչարյանի վերադարձի այդ հնարավորություններն են կանխվում:
Այնուամենայնիվ, երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ, թե իր այս եւ առաջիկա նշանակումներով Սարգսյանն արդյոք չի՞ փորձում առաջիկա ընտրությունների համար վնասազերծել երբեմնի գործընկեր ու մրցակից Քոչարյանին: «Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչու են վերադարձվում Քոչարյանի հավատարիմ կադրերը՝ միաժամանակ չհերքելով իշխանությունների այս մտադրությունը: «Ես չեմ կարող գուշակություն անել կամ տպավորություններով մեկնաբանություն անել: Իրական գործընթացի մեջ ոչինչ չի զգացվում: Երկրորդ նախագահը պարբերաբար հարցազրույցներ է տալիս, եւ դրանք քննարկվում են հանրության կողմից: Ես նման խոսակցությունը կամ հարաբերություններ չեմ մեկնաբանում»,- պատասխանեց նա:
Գրեթե նույն պատասխանը տվեց նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ լրագրողներին հորդորելով չպառակտել եւ մասերի չբաժանել մեր ազգը: «Մենք նայում ենք մարդկանց հնարավորություններին ու կարողություններին: Հիմա պետք է պեղումնե՞ր կատարենք, թե ով ում հետ է շփվում, ով ում հետ է սուրճ խմել կամ ժամանակին ում հետ է աշխատել: Մի բաժանեք, դա անընդունելի երեւույթ է, մի պառակտեք: Չկա նման տիպի երեւույթ, կադրային քաղաքականության մեջ ՀՀԿ-ն հաշվի է առնում պրոֆեսիոնալիզմը»,- հավելեց Բաղդասարյանը: