«Շուկան աշխուժանում է նոյեմբեր ամսին` խոպանչիների վերադարձով պայմանավորված».Անշարժ գույքի մասնագետ


«Շուկան աշխուժանում է նոյեմբեր ամսին` խոպանչիների վերադարձով պայմանավորված».Անշարժ գույքի մասնագետ

  • 15-09-2016 18:43:59   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Անշարժ գույքի շուկան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնային առումով էական տարբերությունների չի ենթարկվել:
 
Սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող մասնագետ Կ. Համբարյանը, տարեցտարի ավելի դժվարությամբ են բնակարաններ վաճառվում, ինչը, մասնագետի համոզմամբ, պայմանավորված է գնողունակության անկմամբ: Ըստ բրոքերի, ավելի շատ տուն են վաճառում, քան գնում: Նրա համոզմամբ, այս շուկան կաշխուժացնեն ցածր տոկոսներով հիպոթեքով վարկերը, որոնց տոկոսադրույքը տասնյակ տարիներ է՝ էական փոփոխության չեն ենթարկվում: Զրուցակցի խոսքերով, շուկան աշխուժանում է նոյեմբեր ամսին` խոպանչիների վերադարձով պայմանավորված: «Այդ սեզոնին տներ վաճառվում են եւ գնվում հիմնականում ծայրամասերում, եւ սպառվում են միջին գներով բնակարանները` մինչեւ 40-45 հազար դոլարի սահմաններում»,-ասաց Կարեն Համբարյանը: Ըստ նրա, տուն գնելիս մարդիկ սկսել են մի շարք գործոններ հաշվի առնել, որոնք նախկինում էական չէին: Կան գնորդներ, որոնք ավելի ցածրադիր գոտիներում են բնակարան փնտրում, օրինակ` Հարավ-արեւմտյան թաղամասում կամ Շենգավիթ համայնքում, Նորագավիթում, Էրեբունիիում, որ ձմռանն ավելի քիչ գազ ու էլեկտրաէներգիա սպառեն: Քաղաքի այս հատվածներում ձմեռը շուտ է նահանջում` ի տարբերություն Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ Զեյթուն համայնքների: Կամ, եթե նախկինում ցածր հարկերն էին ավելի հարգի եւ թանկ գնահատվում, ներկայումս բարձր հարկերին են նախապատվությունը տալիս` մասնավորապես նորակառույցներում, որոնց գինն ավելի բարձր է լինում: Զրուցակցի խոսքերով, ցածրադիր գոտիներում բացառությամբ կենտրոնի, բնակարանների գները սկսվում են միջինը 18-20 հազար դոլարից: Սա մեկ սենյականոցի գինն է: 2-3 սենյականոցները վաճառվում են 30-40 հազարով` կախված աշխարհագրական դիրքից, այսինքն` բնակարանն առաջնագծում է, թե երկրորդական փողոցում, որքան է հեռավորությունը կանգառից, տարածքում կան խանութներ, մանկապարտեզ ու դպրոց եւ, իհարկե, բնակարանի վիճակից: Կարեն Համբարյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին շատ վաճառողներ գերադասում են գույքն էլ հետը վաճառել: Արաբկիր համայնքը, նույնպես դասվում է էլիտար թաղամասերի շարքին: Այստեղ տների գները նույնպես առանձնապես չեն նվազում, բայց, Կ. Համբարյանի խոսքերով, տների առուվաճառքը նախկինի պես աշխույժ էլ չէ. «2-3 սենյականոց բնակարանը Արաբկիրի բանուկ հատվածներում 60-70 հազար դոլար է` կախված բնակարանի վիճակից»: Անշարժ գույքի մասնագետն ասաց, որ այս համայնքում վարձով տների գինը նույնպես չի նվազում, ընդհակառակը, գնաճով պայմանավորված, վարձակալության գները մի բան էլ բարձրացել են: Նախորդ տարիներին, երբ այս շուկան համեմատաբար աշխույժ է եղել, Կ. Համբարյանն ասաց, որ մարդիկ սկսել էին ավելի շատ առանձնատներով հետաքրքրվել` թեկուզ ոչ այնքան թանկ արժողությամբ: Այդ հանգամանքով էլ պայմանավորված, շուկայում ի հայտ եկան «մինի» կառուցապատողներ, որոնք հողատարածքներ էին գնում եւ 50-60 հազար դոլար արժողությամբ առանձնատներ կառուցում: Անշարժ գույքի շուկան պասիվանալուց հետո այդ կառուցապատողների կառուցած տներն էլ գրեթե չեն սպառվում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play