Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հաջողվել է ճեղքել ընտրակեղծարարության մեխանիզմը


Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հաջողվել է ճեղքել ընտրակեղծարարության մեխանիզմը

  • 19-09-2016 16:38:14   | Հայաստան  |  Վերլուծություն
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Էջմիածնի «ճակատամարտից» բացի, թերեւս մյուս ուշագրավ իրողությունը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղական համայնքում ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի հաղթանակն է:
 
Կասկած չկա, որ այդ հաղթանակի հանդեպ վերաբերմունքը լինելու է բազմազան, պայմանավորված նաեւ քաղաքական մրցակցության, դրանով թելադրված խանդի հանգամանքներով, եւ ՔՊ թեկնածուի հաղթանակի մեջ անկասկած շատերը «գտնելու» կամ «տեսնելու» են իշխանության մատը:
Հայաստանում իշխանության մատը փնտրվում է ամեն ինչի մեջ, ինչը գործնականում 100 տոկոս չի համապատասխանում որեւէ մեկի պատկերացումներին կամ մտադրություններին ու ակնկալիքներին: Այդ իմաստով, ամեն ինչ իհարկե կլինի բնականորեն սպասելիի շրջանակում:
 
Մյուս կողմից, Հայաստանում հաստատված քաղաքական եւ հասարակական գործընթացների մինչ այժմ շարունակվող տրամաբանությունն ու բնույթը հուշում են, ընտրական մեխանիզմի աղճատվածությունը, տեղային հարաբերությունների առանձնահատկությունը միշտ արդիական եւ հիմնավոր է պահում հարցը, թե արդյոք թեկուզ մեկ փողոցում հնարավոր է հաղթել իշխանությանը, եթե այն ինքը չզիջի:
 
Մյուս կողմից, միանգամայն հիմնավոր է նաեւ հարցը, թե իսկ ինչու՞ է զիջում իշխանությունը: Հաստատ ոչ խղճի խայթոցից կամ մարդասիրությունից դրդված: Իշխանությունը զիջում է, երբ այդ զիջումը ստիպված է, պայմանավորված է մեծ կամ փոքր անհրաժեշտությամբ, երբ նախընտրում են զիջել փոքր մասը՝ ամբողջը ռիսկի չենթարկելու համար, եւ այլն: Եվ այդ առումով, եթե անգամ իշխանությունը որոշել է մեկ փողոցում կամ գյուղում չդիմադրել ինչպես միշտ, չանցնել ամեն գնով, նշանակում է, որ առաջացել են պայմաններ, որոնք իշխանությանը դրդել են փոխզիջման:
 
Իսկ Հայաստանում իհարկե առկա են այդպիսի մի շարք պայմաններ ու հանգամանքներ, որոնց առիթը, պատճառները կամ աղբյուրները գործնականում բոլոր հարթություններում են՝ քաղաքացիական, հասարակական, տեղեկատվական, սոցիալ-տնտեսական, ներիշխանական:
Ի վերջո, գուցե պակաս հետաքրքիր չէ այն, որ Նոր Կյանք համայնքը գտնվում է Արարատի մարզում: Մարզ, որը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ազդեցության գոտին»: Եվ այդ իմաստով, հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո հենց այդ «գոտում» գտնվող համայնքում ՏԻՄ ընտրությանը հաջողության է հասնում ընդդիմադիր քաղաքական ուժը:
 
Այդպիսով, նոր իրողությունների պարագայում՝ որոնք իշխանությանը բերում են ավանդական կամ ամեն գնով դիմադրության մտքից հրաժարվելու որոշման, առանցքային խնդիրը դառնում է այն, թե այդ նոր իրողությունը, նոր գործոններն ու իրավիճակը քաղաքական ընդդիմությունն ինչպես կարող է օգտագործել, ինչ արդյունք կարող է ստանալ, եւ ի վիճակի կարո՞ղ է լինել այդ արդյունքը գեներացնել առավել մեծ մասշտաբի զարգացումներում հաջողության համար:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն, օրինակ, առաջին փորձն արեց ավելի մեծ՝ քաղաքի մասշտաբով, Հրազդանի քաղաքապետի ընտրությանը: Բայց փորձը չհաջողվեց, թեեւ կուսակցությունը հետո հայտարարեց, որ տեղամասերում դիրքերը պահելու վստահված անձանց մեխանիզմը, որ իրենք են առաջ քաշում, աշխատել է լիարժեք, եւ տեղամասերում ամեն ինչ պահել են, բայց դրանից դուրս աշխատել է ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը:
 
ՏԻՄ ընտրությանը, ի տարբերություն համապետականի, տեղային գործոններն ունենում են առավել մեծ ազդեցություն: Այդուհանդերձ, ավելի փոքր՝ գյուղական մասշտաբում ՔՊ-ին հաջողվեց ճեղքել ընտրակեղծարարության մեխանիզմը:
Խնդիրը, օրինակ ի տարբերություն Հրազդանի, մասշտա՞բն էր, թե՞ Հրազդանից քաղված դասն ու հետեւությունը: Դժվար է ասել, ավելի լավ կիմանա կուսակցությունն ինքը: Սակայն հատկանշական է, որ Նոր Կյանքում հաջողությամբ ՔՊ-ն փաստացի նոր իրավիճակ է ստեղծում առաջին հերթին ընդդիմության դաշտում՝ սկզբունքորեն նոր իրավիճակ: Բայց դա ինչպես կարող է ծառայել կուսակցությանը, այնպես էլ կարող է աշխատել նրա դեմ, եթե ՔՊ-ն ուշացնի հաջորդ քայլը եւ արդյունքը:
Սեպտեմբերի 10-ին կուսակցության առաջին հանրահավաքում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի գործնականում ծրագրային ելույթին (այդ ելույթի տարբեր շեշտադրումների վերաբերյալ գնահատականն այլ հարց է) հաջորդում է որոշակի կոնկրետ արդյունք: Բայց դրա էֆեկտը կլինի խիստ հարաբերական, եթե ուշանա նոր արդյունքը: Առավել եւս, երբ առջեւում կա ՏԻՄ ընտրությունների նոր «փաթեթը», որտեղ ՔՊ-ն եւս ներգրավված է, եւ ներգրավված են նաեւ այլ ընդդիմադիր ուժեր: Ընդ որում, այդ փաթեթում ներառված են բոլորովին այլ թե ֆիզիկական, թե քաղաքական մասշտաբ ենթադրող համայնքներ՝ Գյումրին եւ Վանաձորը, որտեղ ամեն ինչ արդեն առավել մոտեցված է լինելու համապետական նշանակության ընտրությանը:
 
Դրանով հանդերձ, այն, ինչ արձանագրվել է Նոր Կյանքում, խոշոր հաշվով նշանակություն կամ արժեք ունի ոչ միայն, իսկ գուցե նաեւ ոչ այնքան իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարի ավանդական ասպեկտով: Այստեղ շատ կարեւոր է նաեւ այն, թե ինչ գործընթաց առաջ կբերի Նոր Կյանքը ընդդիմադիր դաշտում մրցակցության առումով: Այն անկասկած նոր թափ կհաղորդի այդ մրցակցությանը, ինչը Հայաստանում գործնական առումով կարեւոր խնդիր է, բայց եթե իհարկե տեղի է ունենում բովանդակության, մեթոդաբանության, ոչ թե պիտակավորումների, բամբասանքի, բանսարկության մակարդակում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն