Եթե Աբրահամյանի տեղը լինեի, հիմա կամաչեի.Փորձագետ


Եթե Աբրահամյանի տեղը լինեի, հիմա կամաչեի.Փորձագետ

  • 19-09-2016 17:00:05   | Ֆրանսիա  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

 

Պարոն Մինասյան, Հայաստանում վարչապետ է փոխվել, առաջիկայում նոր կառավարությունը կձևավորվի։ Սա, ըստ Ձեզ, Հայաստանի ներքին խնդիրներո՞վ է պայմանավորված, թե՞ նաև արտաքին հասցեատեր ունի։

 

Երբ փոքր պետություն ես, գլխավորապես այսօրվա աշխարհում արտաքին և ներքին հարցերում տարբերություն չկա։ Կրկնում եմ՝ եթե դու փոքր պետություն ես։ Հայաստանում երբ վարչապետ, նախագահ, ԱԳ, ՊՆ նախարարներ, կամ ԼՂ նախագահ և այլք փոխվում են, նշանակում է, որ պատճառներ կան, որոնք միշտ թե ներքին են և թե արտաքին։

 

Հայաստանում անվստահության ֆոնին այս փոփոխությունները որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։

 

Ուրախալի է, որ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ մի քանի պատճառներով. նախևառաջ՝ նա պրոֆեսիոնալ է, Աբրահամյանը՝ ոչ։ Երկրորդ՝ կարող մարդ է, որի հեղինակությունը բարձր է, Աբրահամյանը ճիշտ հակառակը՝ տկար, խայտառակ և անպատասխանատու։ Աբրահամյանը պարել գիտի, աշխատել՝ ոչ։ Երրորդ՝ Կարեն Կարապետյանը ճանաչված անձ է, Աբրահամյանը՝ ոչ։ Չորրորդ՝ Կարեն Կարապետյանը եվրոպական գործելակերպ ունի։ Եվրոպական ասելով նկատի չունեմ միայն Ռուսաստանը, այլ Եվրոպան ընդհանուր առմամբ, Աբրահամյանը մոնղոլական գործելակերպ ունի։ Հինգերորդ՝ Կարեն Կարապետյանը, ըստ իս, ավելի վստահություն պետք է ներշնչի մարդկանց թե Հայաստանում, թե սփյուռքում, քան թե կառույցների վրա։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանը ուրիշ ձևով պետք է մոտենա հարցերին, և պետք է նշանակի պաշտոններին այնպիսի անձնանց, ովքեր կարող են, օգտակար կարող են լինել։ Եվ վերջին տարբերությունը, ըստ իս, հետևյալն է, Կարեն Կարապետյանը պետք է ուժեղացնի Հայաստանի կեցվածքը թե երկրի ներքին, թե արտաքին քաղաքական ոլորտում, թե դիվանագիտական, թե ռազմական, թե ընկերային և այլն, Աբրահամյանը ճիշտ հակառակը։

 

Այսինքն՝ Կարեն Կարապետյանն, ըստ երևույթին, ճշմարտության խոսք է ասում, և հայտնի է նրա առաջին խոսքը, որ տնտեսության վիճակը շատ ծանր է և ինքն էլ լավ գիտի, որ Աբրահամյանը ճիշտ հակառակն էր պնդում։ Այս առումով Կարապետյանն ավելի անկեղծ է երևում։ Եվ այս բոլոր պատճառների համար, կարծում եմ, Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով ուզում է ցույց տալ, որ ժողովրդի և իշխանության միջև կապը պետք է հզորանա, որպեսզի Հայաստանի քաղաքական կեցվածքը զորանա թե ռուսների, թե եվրոպացիների, թե ամերիկացիների աչքում։ Կարծում եմ՝ Կարապետյանը շատ քիչ պետք է խոսի և աշխատի, և ճիշտ պետք է խոսի։ Եվ եթե Աբրահամյանի տեղը լինեի, հիմա կամաչեի, քանի որ որևէ արդյունք չկա, երեք տարվա վարչապետության օրոք ոչ մի արդյունք, ճիշտ հակառակը՝ շարունակ պարտություններ մինչև այսօր։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությամբ մինչև քառօրյա պատերազմ, մինչեւ Սասնա ծռերի հարցը... երեք տարի կորցրինք։

 

Ի՞նչ եք կարծում, արտաքին քաղաքականության մեջ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է հավասարակշռություն մտցնել, ինչը խախտվել է ԵԱՏՄ անդամակցությամբ։ Որքանո՞վ Հայաստան-ԵՄ շրջանակային փաստաթուղթն էլ ավելի արագ հնարավոր է կյանքի կոչվի։

 

Կարեն Կարապետյանի հեղինակությունը մեծ է, և հույս ունեմ, որ ամբողջ ժողովուրդը, հաստատությունները պետք է իրեն օգնեն, որ արդյունքներ գրանցեն։ Կարեն Կարապետյանը, աշխարհի քաղաքական ղեկավարները ուրիշ ձևով պետք է նայեն Հայաստանին։ Ես չեմ ասում լավատես եմ, բայց իրապաշտ եմ։ Այս ժամանակաշրջանը, որ սկսվեց Սերժ Սարգսյանի հետ և կվերջանա Աբրահամյանով, ավարտված է, Հայաստանը նոր հիմքի վրա պետք է ստեղծվի, և այդ հիմքը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը, կարողությունը և գործը։ Կարեն Կարապետյան սա է նշանակում, նոր գործելակերպ, և ինքնաբերաբար նոր մտայնությունը իր հետևանքները պետք է ունենա արտաքին բեմի վրա։ Առաջին հերթին՝ Հայաստանի համար այսօր համար մեկ առաջնահերթությունը միջազգային հարաբերությունների մեջ Ղարաբաղը չէ, այլ Իրանի հարցը, Իրանը, որ բացվում է ամբողջ աշխարհի համար։ Հայաստանն այս պրոցեսի մեջ պետք է մտնի և իր տեղը գտնի։ Սա է կարևորը։ Եվ եթե Հայաստանին հաջողվի նոր Իրանի պատմության մեջ մտնել իբրև մասնակցող և ոչ իբրև դիտորդ, այդ ժամանակ վստահ եղեք, որ բոլորը՝ Չինաստանից մինչև ԱՄՆ, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Ռուսաստանից մինչև ԵՄ, մինչև Ֆրանիսա և այլն, ուրիշ ձևով կնայեն Հայաստանին։ Եվ միայն արժանապատվություն ունեցող ղեկավարներով հնարավոր է ինչ-որ բան անել։

 

 

Այսինքն՝ ԱԳ նախարարը նույնպես պետք է փոխվի։

 

Հայաստանի իշխանությունների գաղտնիքներին չեմ տիրապետում, բայց հավանաբար կլսենք, որ ԱԳ նախարարն էլ պետք է փոխվի։ Վերջին օրերին տեղեկացանք, որ Նալբանդյանը պետք է գնա Միացյալ Նահանգներ, գուցե սա իր վերջին այցելությունն է։

 

Սրանք ընտրություններից առաջ ստեղծված վիճակով պայմանավորված իշխանությունների փո՞րձն է։

 

Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ ժամանակավոր վարչապետ չպետք է լինի կամ ժամանակավոր մեծ պատասխատվություն չպետք է ունենա։ Ինքը վստահաբար պետք է նոր մարդկանց,  նոր դեմքեր ներկայացնի, և նոր սերնդի մարդիկ պետք է գան։

 

Իշխանությունը Կարեն Կարապետյանին կթողնի՞ աշխատի, քանի որ գաղտնիք չէ, որ կոռուպցիան, մենաշնորհները խոչընդոտել են տնտեսության զարգացմանը։

 

Այո, բայց Կարեն Կարապետյանը չի դիտարկում օլիգարխներին որպես առաջնահերթություն։ Ըստ իս, պետք է նշանակվեն կարող մարդիկ, և այսուհետ ուրիշ ձևով պետք է աշխատի։ Այսինքն՝ կամաց-կամաց, փուլ առ փուլ օլիգարխները պետք է ավելի չեզոքացվեն, բայց ոչ իբրև առաջնահերթություն, այլ կամաց-կամաց արդյունք գրանցելով։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play