Երկրի երկրորդ նախագահն անկախության 25-ամյակի օրն արտերկրում է, առաջինը՝ մտերիմների հետ


Երկրի երկրորդ նախագահն անկախության 25-ամյակի օրն արտերկրում է, առաջինը՝ մտերիմների հետ

  • 22-09-2016 14:17:22   | Հայաստան  |  Վերլուծություն

hraparak.am. Անկախության 25-ամյակի տոնակատարություններին երկրորդ նախագահը երկրում չէր:
 
Առաջին նախագահը տոնը նշեց մերձավոր գաղափարակիցների նեղ շրջապատում: Տգեղ էր: Մանավանդ որ նրանք հարկ չհամարեցին անձնական ուղերձով դիմել ժողովրդին: Իսկ անկախության հոբելյանն առիթ էր, որպեսզի երկրի վաստակյալ նախագահները խոսեին անկախության ճանապարհին ձեռքբերումներից, կորուստներից: Իրենց վրիպումներից: Պարզ, անպաճույճ բառերով ասեին՝ ինչ են արել, ինչպես: Որտեղ են սխալվել: Պաշտոնաթող նախագահը նույնպես խորհրդանիշ է: Օգտվում է անձեռնմխելիությունից: Պետությունը հոգում է  նրա կեցության, սպասարկման, անվտանգության ծախսերը: Նրան դիմելիս ասում ենք «պարոն նախագահ»: Նրան այդպես են ճանաչում նաեւ արտերկրում: Նա նույնպես հաշվետու է ժողովրդին: Եւ արտառոց է, երբ Հայաստանի անկախության 25-ամյակին հայ ժողովուրդն ստանում է օտար պետության նախագահի ուղերձը, իսկ իր պաշտոնաթող նախագահից՝ ոչ մի խոսք:
 
Որքան գեղեցիկ էր լինելու, եթե զորահանդեսի տրիբունայում Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները կանգնած լինեին Սերժ Սարգսյանի կողքին: Այսօր, գուցե, նրանք գաղափարական տարաձայնություններ ունեն: Բայց 1991-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մի թիմ էին, մի գաղափարի նվիրյալ: Քառորդդարյա վաղեմության այդ իրողությունը նրանց պիտի միավորեր: Նրանք կարող էին աշխարհին ներկայացնել անկախության, Արցախի, Հայաստանի ապագայի հարցում իրենց միասնականությունը: Դա զորահանդեսին ցուցադրված նորագույն սպառազինություններին հավասար ազդեցություն կթողներ մեր բարեկամների, բայց մանավանդ՝ ոսոխի վրա: Ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Վաստակյալ երկու նախագահի ներկայությունը հնարավոր էր: Ըստ երեւույթին, քաղաքականությունը շատ ավելի հանդուրժողականության, քան հնարավորի արվեստ է: Այդ հանդուրժողականությունն է պակասում: Եւ ստացվում է, որ երկրի երկրորդ նախագահն անկախության 25-ամյակի օրն արտերկրում է, առաջինը՝ մտերիմների հետ: Տգեղ էր: Մինչդեռ կարելի էր, պետք էր տոնն ավելի եւս գեղեցկացնել, հանդուրժողականության օրինակ ցույց տալ ժողովդրին: Միասնականության օրինակ: Բարության եւ մեծահոգության օրինակ: Ի վերջո՝ հայրենասիրության օրինակ: Որովհետեւ հայրենասիրությունը միայն անձնական սխրանք գործելը չէ: Հայրենասիրությունն առաջին հերթին սեփական «Ես»-ի բարդույթի հաղթահարումն է: Երբ հարկ է լինում մի կողմ թողնել անձնականը: Վեր կանգնել ամեն ինչից: Ինչ-որ բան մոռանալ: Ներել: Թերեւս՝ նաեւ ապաշխարել: (Թեեւ ապաշխարանքը քաղաքական կատեգորիա չէ: Բայց ո՞վ է ասել, որ վաստակյալ նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղվի):
 
… Ե՞րբ կհասկանանք, որ երկիր կառավարելու համար 10 տարին բավական երկար ժամանակ է, որպեսզի նախագահը հասցնի ժողովրդի հիշողության մեջ մնալ իր աստեղային ժամի պատկառանքով: Որ եթե մեկ անգամ դա չի հաջողվում, ապա այլեւս երբեք հնարավոր չէ…
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play