Լրագրողի մասնագիտությունը մեծագույն կախվածություն ունի «մտավոր կաղապարներից».Արամ Աբրահամյան


Լրագրողի մասնագիտությունը մեծագույն կախվածություն ունի «մտավոր կաղապարներից».Արամ Աբրահամյան

  • 22-09-2016 16:46:59   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ».Ինչ է նշանակում անկախ լինել:
 
Պատասխանն, ինձ թվում է, շատ պարզ է` կախվածություն չունենալ որեւէ արտաքին հանգամանքից եւ որեւէ կաղապարող մտքից: Ժամանակակից հայ օլիգարխը, որը 40 ննջարաններով դղյակ է կառուցել, կախվածության մեջ է հայտնվում այդ հանգամանքից: Չնայած նրան 40 ննջարան ակնհայտորեն պետք չէ, նա մեծ ցավ կապրի, եթե դրանց քանակը դառնա 39, եւ հոգեւոր այդ տառապանքի պատճառով ավելորդ ննջարանը դառնում է կենսական անհրաժեշտություն: Մարդը կարող է կախվածություն ունենալ պաշտոնից, եւ մենք ամենուր ականատես ենք, որ մարդիկ այնպես են սոսնձվում իրենց աթոռներին, որ ոչ մի տեխնիկական հեղուկով չես կարողանում նրանց այնտեղից պոկել: Կախվածությունը, կարճ ասած, մի վիճակ է, երբ մարդն ինչ-որ հենարան է փնտրում իրենից դուրս եւ կարծում է, որ այդ հենարանն է իրեն օգնում ապրել եւ դիմանալ կյանքի դժվարություններին: Բացի փողից ու իշխանությունից (ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա լինի պետական իշխանություն` շատերն այդ ծարավը հագեցնում են տանը կամ աշխատավայրում), դա կարող է լինել ալկոհոլը, ծխախոտը, թմրանյութը, ֆեյսբուքը, բայց նաեւ հեղինակությունը, հոգեւոր ուսուցիչը` «գուռուն», եւ անգամ կրոնը, եթե այն հասկանանք սոսկ որպես ծեսերի համակարգ` աղոթքներ, մոմեր, մկրտություն եւ այլն: 20-րդ դարի երկրորդ կեսին մոդայիկ են դարձել ինչ-ինչ «տեխնոլոգիաներ», որոնք իբր մարդու մեջ ինչ-որ գերբնական ուժեր են արթնացնում: (Դա նման է նրան, որ ուսանողները քննությունից առաջ «հիշողության դեղ» են խմում՝ չհասկանալով, որ հիշողությունը պետք է ամեն օր վարժեցնել, ոչ թե ձեռք բերել քիմիական ազդեցությամբ): Բայց ամենադժվար հաղթահարելի կախվածությունն առաջանում է մտածողության կաղապարներից: Դրանք սովորաբար առաջանում են գնահատականների երկատվածությունից` սա բարի (չար) մարդ է, սա լավ (վատ) իրադարձություն է, սա օգտակար է, սա՝ վնասակար: Այդ մտավոր կախվածությունը ձեւավորում է համապատասխան սպասելիքներ, ծրագրավորում, որը մեր վարքը, մեր քայլերը դարձնում է նույնքան կանխատեսելի, որքան թունդ ծխամոլի կամ թունդ թմրամոլի վարքը: Երբ ասվում է (հիմա արդեն պետական մակարդակով) «ոչ ստանդարտ լուծումների» մասին, ես մտածում եմ նախեւառաջ այդ դուալիզմի հաղթահարման մասին, երկնիշ, «զույգավորած» մտածողությունից դուրս: Երբ կայքերում տեսագրություններ եմ նայում, թե ինչպիսի հարցերի «երգչախմբով» են մեր երիտասարդ լրագրողները շրջապատում պաշտոնյաներին, ինձ թվում է, որ մեր մասնագիտությունը նույնպես մեծագույն կախվածություն ունի «մտավոր կաղապարներից»: Նման կարծրատիպերով առաջնորդվողը, ինչպես ասում են, բարութ չի հայտնագործի:
 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն