Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում կառավարությունը` վերանվանելով որոշ նախարարություններ. Արամ Աբրահամյան


Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում կառավարությունը` վերանվանելով որոշ նախարարություններ. Արամ Աբրահամյան

  • 23-09-2016 17:01:12   | Հայաստան  |  Հասարակություն

«Առավոտ». Պատահական չէ, որ ծնողները սովորաբար բծախնդիր են իրենց զավակների անունների ընտրության հարցում` կա այնպիսի համոզմունք, որ անունը կանխորոշում է մարդու ճակատագիրը: Հենց այդ պատճառով են ծնողներն իրենց աղջիկների անունները դնում Գեղեցիկ, Ոսկի կամ Յուղաբեր:
 
Հավանաբար, այդ տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ կառավարությունը` վերանվանելով որոշ նախարարություններ: Ոչ թե պարզապես էներգետիկայի եւ բնական պաշարների, այլ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Զգո՞ւմ եք տարբերությունը: Որովհետեւ էներգետիկայի տակ կարող եք հասկանալ զանազան տարաշխարհիկ բաներ, օրինակ` հոգեկան էներգիան կամ, չգիտեմ, էզոթերիկ էներգիան: Ւսկ որ ասում ես` «էներգետիկ ենթակառուցվածքներ», միանգամից հասկանում ես, որ խոսքը լույսի-գազի մասին է: Ոչ թե էկոնոմիկայի (այսինքն` տնտեսության), այլ ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Ինչո՞ւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, կամ` ինչո՞ւ կառավարությունը չի աջակցում ձեռնարկատիրությանը: Բնականաբար, այն պատճառով, որ նախարարությունն էր սխալ կոչվում: Հիմա, երբ այդ գերատեսչությունը ստանա իր ճիշտ, այսպես ասած` «աուտենտիկ» անունը, մենք ներդրումների եւ ձեռնարկատիրության հետ կապված խնդիրներ չենք ունենա: Քաղաքաշինության նախարարությանը կոմիտեի կարգավիճակ տալը նույնպես ողջունելի է: Մայրաքաղաքն արդեն բավականաչափ շինված է (հատկապես ակտիվ  էր այդ գործընթացը 2000-ականների սկզբին) եւ այլեւս շինելու բան առանձնապես չի մնացել: Հիմա պետք է պահպանել մշակութային արժեքները. հաշվի առնելով, որ մեր ճարտարապետները հատուկ հարգանք ունեն «սարայների» նկատմամբ, այդ արժեքների պահպանումը նրանց հանձնելը միանգամայն արդարացված է: Քաղավիացիան կմիանա տրանսպորտին եւ կապին, եւ դա նույնպես տրամաբանական է, որովհետեւ ինքնաթիռը տրանսպորտ է, որը կապ է ապահովում աշխարհի տարբեր կետերի միջեւ: Քաղավիացիայի` այդ նախարարության կազմում հայտնվելուց հետո մենք, հուսով եմ, ստիպված չենք լինի գիշերը 6 ժամ քշել դեպի Թբիլիսիի օդանավակայան` այն պատճառով, որ Երեւանից եւ Թբիլիսիից թռիչքների տոմսերի գնի տարբերությունը լիովին փոխհատուցում է 6 ժամ քշելու անհարմարությունն ու ծախսը: Ջրային տնտեսությունը գյուղնախարարությունից  էներգետիկային տալն այնքան էլ հասկանալի չէ: Ինչո՞ւ իմ այգու ոռոգման ջրով պետք է զբաղվի էներգետիկան կամ, ավելի ճիշտ, դրա ենթակառուցվածքները: Հավանաբար, նկատի է առնվում, որ ինձ ջուր է հասցվում պոմպերով, որոնք աշխատում են էլեկտրականությամբ: …
 
Եթե ժամանակին ավարտեի ոչ թե կոնսերվատորիան, այլ երաժշտական ակադեմիան կամ երաժշտական համալսարանը, ապա շատ ավելի խորը գիտելիքներ կստանայի:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն