Ագարակ համայնքի ղեկավարի թեկնածուն նախընտրական քարոզարշավ չի իրականացրել.«Հետք»


Ագարակ համայնքի ղեկավարի թեկնածուն նախընտրական քարոզարշավ չի իրականացրել.«Հետք»

  • 23-09-2016 18:11:23   | Լոռու մարզ  |  
2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Լոռու մարզի Ագարակ համայնքի ղեկավարի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է ներկայիս համայնքապետին՝ Ռուբեն Բարխուդարյանին:
 
Ինքնաառաջադրվել է մեկ այլ թեկնածու՝ Լաուրա Չոբանյանը, ով սեպտեմբերի 22-ին ինքնաբացարկ է հայտնել: Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, թեկնածուի կոնտակտային տվյալները չուներ անգամ Տարածքային ընտրական հանձնաժողովը: ՏԸՀ-ից հաղորդեցին միայն, որ նշված է Լաուրա Չոբանյանի մասնագիտությունը՝ գյուղապետարանի 2-րդ կարգի մասնագետ: Ներկայիս համայնքապետ Ռուբեն Բարխուդարյանն էլ ասաց, որ Լաուրա Չոբանյանը մի ժամանակ աշխատել է գյուղապետարանում, հիմա՝ ոչ:
 
«Հետք»-ը զրուցեց Ագարակ համայնքի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուի՝ Ռուբեն Բարխուդարյանի հետ՝ փորձելով տեղեկություն ստանալ համայնքում առկա խնդիրների, նախընտրական ծրագրերի և քարոզարշավի վերաբերյալ:
Ագարակ համայնքի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանը 2013-2016թթ. համայնքային ծրագրում ներկայացրել է համայնքի գերակա խնդիրները՝ խմելու ջրի մատակարարման բարելավումը, մշակույթի տան վերանորոգումը, մանկապարտեզի կառուցումը, գիշերային լուսավորություն ապահովումը, գյուղ տանող ճանապարհների վերանորոգումը:
 
Հարցին, թե արդյոք լուծում են ստացել այդ խնդիրները, թեկնածուն պատասխանեց, որ մասամբ լուծվել է խմելու ջրի խնդիրը: Նախկինում գյուղում ջրամատակարարում իրականացվել է 3 օրը մեկ, 4 ժամով, իսկ այժմ, համայնքապետի հավաստմամբ, ջրագծի վերանորոգման աշխատանքներից հետո ջուրը տրվում է յուրաքանչյուր օր, 5-6 ժամով: «Չէի ասի՝ խնդիրը լուծվել է, քանի որ ողջ օրը չի գալիս, բայց որոշ չափով բարելավվել է, մնում է հաշվիչները դնենք, եթե հաշվիչները դնենք, ջրամատակարարման ժամանակը կերկարի, այսինքն՝ կտրվի 10 կամ 12 ժամով»:
 
Համայնքապետը նշեց, որ բարեկարգվել են նաև գյուղի ճանապարհները: Ագարակ համայնքով է անցնում Ստեփանավան-Ալավերդի նորակառույց ճանապարհը. «Ճանապարհը շատ լավ է կառուցված, կապը և՛ Ալավերդու, և՛ մարզկենտրոնի հետ շատ լավ ա, իսկ ներքին ճանապարհները սրանից 4 տարի առաջ, մեր սեփական բյուջեով կառուցել ենք, խճապատել ենք: Վատ չի, գյուղին համապատասխան ճանապարհ ա: Ասֆալտապատ չի, բայց շատ լավն ա»: Գյուղապետը հայտնեց նաև, որ համայնքի մանկապարտեզն արդեն գործում է, լուծված է նաև գիշերային լուսավորության խնդիրը:
 
Ռուբեն Բարխուդարյանի՝ այս տարվա ՏԻՄ ընտրությունների նախընտրական ծրագրում առաջնային խնդիրներից է դպրոցի սպորտդահլիճի կառուցումը և մշակույթի տան վերանորոգումը: «Հետք»-ի այն հարցին, թե ի՞նչ է արվում ծրագրերը կյանքի կոչելու համար, թեկնածուն պատասխանեց, որ հիմա խիստ զբաղված է դպրոցի սպորտդահլիճի կառուցմամբ: Իսկ ինչ վերաբերում է մշակույթի տանը՝ պարոն Բարխուդարյանն ասաց, որ այն երկրաշարժից հետո գտնվում է ամբողջությամբ խարխլված վիճակում. «Ես մի քանի ծրագրեր հրավիրել եմ, էկել, տեսել են, ասել են, որ շատ ծանր գործ ա ու հրաժարվել են: Հայաստանի Համահայկական հիմնադրամից հրավիրեցի, էկան, տեսան, որ շատ ծանր վիճակ ա, ասին՝ նույնիսկ ավելի լավ ա նորը կառուցել, քան թե դրան ձեռք տալ»:
 
Ագարակ համայնքի ղեկավարի թեկնածու և գործող համայնքապետ Ռուբեն Բարխուդարյանը նախընտրական քարոզարշավ չի իրականացրել, պաստառներ ու բուկլետներ չի փակցրել: Այդ հանգամանքը թեկնածուն մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ոչ մի բան չեմ արել, ոչ մի բան: Ես ռամիկ գյուղացի եմ, գյուղացիների մոտիկ ընկերն եմ, էդքան բան: Իմ քարոզարշավը իմ գործն ա»:
 
Լոռու մարզի Ագարակ համայնքում կա մեկ ընտրատեղամաս՝ թիվ 32, ընտրողների թիվը 982 է՝ ըստ ՏԸՀ-ի: Համայնքապետ Ռուբեն Բարխուդարյանն ասաց, որ այդ թվից մոտ 100-ը բացակայում են երկրից, բայց շեշտեց, որ բացակայողների մեջ փոքր թիվ են կազմում ընտանիքները:
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play