ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը լուրջ ռեֆորմների կարիք ունի. Արծվիկ Մինասյան
23-09-2016 18:14:37 | Հայաստան | Տնտեսություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը լուրջ ռեֆորմների կարիք ունի, որոնք կնպաստեն գերատեսչության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը` ամփոփելով իր գործունեության յոթ ամիսները:
Ըստ նրա` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հիմնական խնդիրները թվով 30-ն են, որոնք արտաքնապես այդքան էլ ակնառու չեն, բայց իրականում խորքային են ու ծավալուն և պահանջում են համարժեք լիազորություններ:
Ա. Մինասյանի խոսքերով` ակնհայտ է նաև այն, որ նախարարությունն ամբողջությամբ օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և չունի բավարար ֆինանսավորում:
Կարևորելով իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները, նախարարն առանձնացրեց տնտեսական գործունեության արդյունավետությանը նպաստող օրենքի նախագծի մշակումը:
«Երկրորդ ուղղությունը դոնոր կազմակերպությունների հետ համակարգման ուղղությունն է: Այս խնդիրը սկզբունքային նշանակության խնդիր է, քանի որ երկրում պետք է լինի գերատեսչություն, որը կկարողանա համախմբել բոլոր կառույցների հետ աշխատանքները` սկսած վարկային ծրագրերից վերջացրած դրամաշնորհներով»,- ընդգծեց Ա. Մինասյանը` հավելելով, որ իրենք այս հարցում ձևավորել են էականորեն բարեկարգված համակարգ, որը զարգացման կարիք ունի:
Վերջինիս փոխանցմամբ` պետություն և մասնավոր գործընկերային հարթության մեջ ևս մշակվել է օրենքի նախագիծ, որն այժմ քննարկման փուլում է. «Այստեղ սկզբունքային նշանակության հարցն այն է, թե ինչպես է պետությունը հարաբերվում մասնավորի հետ: Մենք առանձին դեպքերում ունենք իսկապես հաջողված փորձեր, երբ պետությունը ստեղծում է ենթակառուցվածքներ և հրավիրում մասնավորին՝ ասելով, որ այս ենթակառուցվածքների հիման վրա կառուցի քո բիզնես նախագծերը, սակայն միայն այդ դեպքերը քիչ են, անհրաժեշտ են օրենսդրական լուրջ կարգավորումներ, որպեսզի թե՛ մասնավորները, թե՛ պետական մարմինները հստակ իրենց գործառույթներն ունենան»:
Անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած այն գրառումների, թե Ա. Մինասյանը պատրաստվում է հայտարարել իր հրաժարականի մասին, դաշնակցական նախարարը նշեց, որ հրաժարական տալու խնդիր չկա:
Իսկ եթե վարչապետի առաջարկով և նախագահի կողմից հաստատված հրամանագրով պարզվի, որ Ա. Մինասյանն այլևս չպետք է պաշտոնավարի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ապա ինքը պատրաստ է հեռանալ աշխատանքից:
Նա նաև հավելեց, որ Կարեն Կարապետյանի հետ որևէ լարվածություն կամ կոնֆլիկտ չկա: