Լույս է տեսել հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը


Լույս է տեսել հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը

  • 24-09-2016 11:24:05   | Հայաստան  |  Մշակույթ

«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին անցկացվեց «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ լույս ընծայված «Գվիդեոն» ամսագրի նոր համարի շնորհանդեսը:
Այն ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն: «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչական նախագծի ղեկավար, բանաստեղծ Վադիմ Մեսյացը շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց, որ իրենց նախագիծը հիմնադրվել է դեռևս 2004 թվականին և ակտիվ գործունեություն է ծավալում:
 
«Մենք որոշեցինք ռուսերեն հրատարակել հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը: Վստահ եմ, որ ամսագրի գործերը կհետաքրքրեն մարդկանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ստեղծագործողները լավ են գրում»,- շնորհանդեսի ընթացքում նշեց Վադիմ Մեսյացը:
Տեղեկացնենք, որ թարգմանվել են Համբարձում Համբարձումյանի, Նարա Վարդանյանի, Նշան Աբասյանի, Հրաչյա Սարուխանի, Հրաչյա Թամրազյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, Գևորգ Գիլանցի և այլոց գործերը: Բացի այդ, ամսագիրն ընդգրկել է նաև հայ ռուսագիր հեղինակների ստեղծագործություններ: Ամսագրի այս համարում տեղ են գտել Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և նոր թարգմանություններ Պարույր Սևակի բանաստեղծություններից:
Գրող Հովհաննես Ազնաուրյանը, ում ստեղծագործությունները ևս ներառվել են «Գվիդեոն»-ի նոր համարում, նշեց, որ կարևորում է նման նախաձեռնությունները: Նա առանձնահատուկ շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանի հետ նույն համարում հրատարակվելը պատիվ է:
Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play