Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար


Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

  • 24-09-2016 13:25:12   | Հայաստան  |  Իրավունք

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
 
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման բաժանմունքի ծառայող Դ. Ա.-ն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականի ապրիլի 21-ին  «B» և «C» կարգերի վարորդական  վկայական ստանալու համար Մովսես Մ.-ից ավտոմեքենա վարելու գործնական քննություն ընդունելու ընթացքում, 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով գործնական քննություն ընդունելու փոխարեն Մովսես Մ.-ից գործնական քննությունն ընդունել է «B» կարգի համար նախատեսված թեթև մարդատար ավտոմոբիլով, սակայն համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում ավտոմեքենա վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը:
 
Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ին առաջարկել է նստել ավտոմեքենան և մեկ անգամ ևս հանձնել գործնական քննությունը: Չնայած նրան, որ վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, ոստիկանության ծառայողը դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները և բացասական գնահատելու փոխարեն կազմված արձանագրությունը տվել է նույն բաժանմունքի մեկ այլ ծառայող Գ. Տ.-ին, ով Մովսես Մ.-ին վարորդական վկայական տրամադրելու շահագրգռվածությունից ելնելով,  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, առանց որևէ հիմքերի գործնական քննությունը գնահատել է դրական: Արդյունքում՝ ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքներ չունեցող և ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող   Մովսես Մ.-ն նույն օրը ստացել է «B » և «C» կարգերի վարորդական վկայական:
 
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ճանապարհային ոստիկանության հիշյալ ծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play