Սեփական ընտրությամբ հայ «դարձած» հայտնի երգիչ Դանիել Դեքերյանը երևանյան համերգի ընթացքում հանդես է գալու հայերեն երգերով


Սեփական ընտրությամբ հայ «դարձած» հայտնի երգիչ Դանիել Դեքերյանը երևանյան համերգի ընթացքում հանդես է գալու հայերեն երգերով

  • 24-09-2016 14:42:20   | Հայաստան  |  Հասարակություն

Նա պաշտում է հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Հայաստանի մասին խոսում է յուրահատուկ ակնածանքով ու հիացմունքով: Մեր երկրի նկատմամբ սերը ստիպել է կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերին փոխել ազգանունը, ստանալ հայկական անձնագիր, դառնալ հայ` ընտրությամբ ու առանց հայկական արմատների: Դեքերյանը հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ պատրաստվում է հանդես գալ համերգով: Երգչի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: 
 
-Պարոն Դեքերյան, պատմեք հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք Ձեր համերգի մասին: Ի՞նչ ակնկալել երեկոյից:  
 
-Հոկտեմբերի 10-ի իմ համերգը հայկական երաժշտության հիասքանչ երեկո է լինելու.մենք տոնելու ենք Երևանի օրը: Գրեթե ամբողջ ծրագրի ընթացքում հայերեն ստեղծագործություններ կերգեմ: Հույս ունեմ ներկայացնել հայրենասիրական երեկո, որը կոգևորի յուրաքանչյուր հայի:
 
-Պատմեք ծրագրի մասին.ի՞նչ ստեղծագործություններ են հնչելու երեկոյի ընթացքում:   
 
-Երեկոն կներառի հայկական երգերի բազմազան ընտրություն, ներառյալ կներկայացվեն «Էրեբունի Երևան», «Ով Հայոց սարեր», «Բարի արագիլ», «Հպարտ գնացեք» և «Գյումրվա հին ֆայտոն» ստեղծագործությունները: 
 
-Կհնչե՞ն ստեղծագործություններ Ձեր «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակից
 
-Այո, ես նաև կկատարեմ ստեղծագործություններ, որոնք ընդգրկված են «Հայ եմ իմ ընտրությամբ» սկավառակում, օրինակ`«Մարտիկի երգը», «Դլե Յաման»-ը, «Հայոց աշխարհ»-ը, «Կիլիկիա»-ն, «Մուշ»-ը: 
 
-Ովքե՞ր են լինելու համերգի հատուկ հյուրերը: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց երաժշտությանը
 
-Համերգի հատուկ հյուրերը կլինեն Համլետ Գևորգյանը, Անդրե Սիմոնյանը, Սիբիլը և Եվա Եգանյանը: Ես հավանում եմ նրանցից յուրաքանչյուրի երաժշտությունը և համարում եմ, որ նրանք իմ մտերիմ ընկերներն են: 
 
-Պարոն Դեքերյան, Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես առաջին անգամ լսեցիք հայկական երաժշտություն և ինչպես սիրահարվեցիք Հայաստանին
 
-Իմ առաջին ծանոթությունը հայկական երաժշտությանը տեղի է ունեցել Արա Գևորգյանի ստեղծագործության միջոցով: Այն ինձ համար Հայաստանը բացահայտելու դարպաս է եղել: Այն, ինչ սկսվեց որպես հետաքրքրասիրություն, վերածվեց հարգանքի և ավելի ուշ Հայաստանի նկատմամբ սիրո: Այնքան բան կա, որ սիրում եմ Հայաստանում: Ինձ հիացնում է այն, որ Հայաստանն առաջին քրիստոնյա ազգն է: Ես պաշտում եմ հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Բայց ամենաշատը ես սիրում եմ հայ ժողովրդին և հայկական ոգին: 
 
-Ինչպե՞ս եք սկսել համագործակցել Արա Գևորգյանի հետ
 
-Գևորգյանի «Մուշ» ստեղծագործությունը լսելուց հետո ես կապ հաստատեցի նրա հետ և առաջարկեցի համագործակցել: Դա խորը ընկերության սկիզբն էր, որն արդեն 15 տարվա պատմություն ունի: Տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ երգեր ստեղծեցինք, ներառյալ «Մուշ», «Ադանա», «Սիրեք Զմիմեանս», «The Wonder Of Your Love», «Remember» և «Արաքս» ստեղծագործությունները: 
 
-Մի առիթով ասել եք, որ գրել եք «Ադանա»-ն ոչ միայն որպես միջազգային հանրության ուշադրությունը սարսափելի ողբերգության (Հայոց ցեղասպանության-հեղ.) վրա սևեռելու միջոց, այլև որպես հայ ժողովրդի ապաքինման աղբյուր: Ինչ եք կարծում` երաժշտությունը կարո՞ղ է բուժել վերքերը:
 
-Անկասկած: Երաժշտությունն ունկնդրի մոտ արթնացնում է հուզական արձագանք: Ճիշտ բառերի հետ միաձուլված երաժշտությունը կարող է կյանքերի վրա դրական ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու, երբ ես գրում եմ երաժշտության բառերը, երկար ժամանակ եմ աշխատում` համոզվելու, որ դրանք  կարող են թարմ և կենսական ձևով դիպչել սրտերին: 
 
-Տեղյակ եմ, որ Դուք աշխատել եք օգնություն ցուցաբերող կազմակերպությունների հետ` ամենաաղքատ տարածաշրջաններին, երեխաներին ու ծերերին աջակցելու նպատակով:  Մտադի՞ր եք նման գործունեություն ծավալել նաև այստեղ` Հայաստանում:  
 
-Այո, ես խորապես մտահոգվում եմ հայ ժողովրդի համար և ցանկանում եմ շարունակել օգնության ուղիներ գտնել կարիքավորների համար:
 
-Երբ վերջին անգամ Երևանում էիք, լրագրողներին տեղեկացրիք, որ Ձեր առաջիկա ծրագրերը կապված են Հայաստանի հետ: Կմանրամասնե՞ք`ինչ ծրագրեր ունեք
-Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ես կցանկանայի իրագործել: Ես մտադիր եմ շարունակել Հայաստանին առնչվող երաժշտություն և բառեր գրել, կցանկանայի ուսումնասիրել և  ձայնագրել հայկական շարականներ: Նաև հույս ունեմ գրել Ցեղասպանության թեմային առնչվող սցենար:
 
-Դուք նաև տեղեկացրիք, որ ցանկանում եք Արցախ այցելել և այնտեղ հանդես գալ համերգով: Ե՞րբ սպասենք այդ համերգին
 
-Ես շատ կցանկանայի համերգ ունենալ Ղարաբաղում` աջակցելու այնտեղի հիասքանչ հայերին: Եթե գտնեմ հովանավոր, կցանկանամ համերգը կազմակերպել առաջիկա գարնանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն