Անցած ՏԻՄ ընտրություններում մրցակցային և կուսակցությունների մասնակցության առումով ցածր մակարդակ արձանագրվեց. Էմին Երիցյան (տեսանյութ)


Անցած ՏԻՄ ընտրություններում մրցակցային և կուսակցությունների մասնակցության առումով ցածր մակարդակ արձանագրվեց. Էմին Երիցյան (տեսանյութ)

  • 24-09-2016 15:49:07   | Հայաստան  |  Հասարակություն



Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում մրցակցային և կուսակցությունների մասնակցության առումով ցածր մակարդակ արձանագրվեց: 
Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի կոնգրեսում, ԵՄ Արևելյան Գործընկերության տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնֆերանսում /CORLEAP/ Հայաստանի պատվիրակությունների ղեկավար Էմին Երիցյանը: 
 
Ըստ նրա` նախորդ ընտրությունների համեմատությամբ այս ՏԻՄ ընտրությունները տեխնիկապես գրեթե անթերի են անցկացվել, սակայն քաղաքական ամբողջ ռեֆորմների համատեքստում կան գործընթացներ, որոնք այս պահին տեսանելի չեն: 
Է. Երիցյանի խոսքերով` Սահմանադրական և Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված  համայնքի ղեկավարների ընտրության առումով տեղի են ունեցել ենթակառուցվածքային փոփոխություններ: 
«Նոր փոփոխություններով սահմանվեց, որ համայնքի ղեկավարը կարող է ընտրվել և ուղղակի, և անուղղակի` Ազգային ժողովի մեծամասնության հայեցողությամբ, ինչը փոփոխելի է դարձնում ՏԻՄ ընտրական համակարգը»,- ասաց նա` հավելելով, որ դա այդքան էլ ցանկալի չէ: 
Հայաստանի համայնքների միության նախագահի կարծիքով` համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունները ձեռքբերում է և դրանից չպետք է հրաժարվել, սակայն բացասական երևույթ է, երբ ավագանու ընտրությունները չեն անցկացվում համամասնական ընտրական համակարգով: 
Կարևորելով տեղական իշխանության ինքնուրույնությունը` Է. Երիցյանը գտնում է, որ ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ միասնական ընտրված օրում: 
Անդրադառնալով ԸՕ-ի մի շարք սահմանափակումներին` բանախոսը նշեց. «Համայնքներում ընտրությունների հետ կապված պահանջվում է մինչև գրանցման պահը առնվազն երկու թեկնածու լինի: Սա առաջ է բերում ընտրական գործընթացի արժեզրկման, այսինքն՝ միտումն այն է, որ մրցակցայնություն առաջացվի, սակայն սա բերում է մի երևույթի, որ ապահովելու համար օրենսդրության այդ պահանջը՝ շատ համայնքներում ձևականորեն առաջադրում են թեկնածուներ՝ աշխատակից, գործընկեր, տեղակալ ու սոցիալական ցանցերի լեզվով ասած՝ մենք ունենում ենք ֆեյք թեկնածուների երեւույթ: Սա ընտրական պրոցեսների արժևորում չէ. սա ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում: Մենք առաջարկել ենք, որ այս նորմը հանվի»:
Է. Երիցյանի փոխանցմամբ` քաղաքական փոփոխությունների համատեքստում ակնկալվել է կուսակցությունների ավելի ակտիվ մասնակցություն կայացած ընտրություններում, սակայն ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճակագրության` 237 համայնքներում անցկացված համայնքի ղեկավարների ընտրություններում թեկնածուների 70 տոկոսն ինքնառաջադրվել է: 
«Այս պահին թեկնածուների մեծ մասը նախընտրում է ինքնառաջադրվել և ոչ թե կուսակցության կողմից առաջադրվել, համարելով դա շահեկան, այսինքն` սա իրավիճակի փոփոխություն է պահանջում, քանի որ մրցակցության մակարդակը բավականին ցածր է»,- ընդգծեց բանախոսը` հավելելով, որ անգամ խոշորացված համայնքներում կուսակցությունները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն