Հրաշք է, որ այս պայմաններում այսքան մարդ շարունակում է ապրել Հայաստանում. Հարութ Սասունյան


Հրաշք է, որ այս պայմաններում այսքան մարդ շարունակում է ապրել Հայաստանում. Հարութ Սասունյան

  • 24-09-2016 16:31:54   | Հայաստան  |  Հասարակություն

«Հրաշք է, որ այս պայմաններում այսքան մարդ շարունակում է ապրել Հայաստանում»,- կարծում է «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, ամերիկահայ գրող Հարութ Սասունյանը` անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիներին,  ձեռքբերումներին և չլուծված խնդիրներին:
Ըստ նրա` դժվարին պայմաններում նվաճված անկախությունն այսօր վտանգված է, իսկ գլխավոր և ամենասարսափելի վտանգն արտագաղթի ծավալներն են: 
 
«Ես չեմ ասում, որ հայերը պետք է այստեղ ապրեն այնպես, ինչպես Ամերիկայում, սակայն ապրուստի տարրական պայմանները պետք է ապահովված լինեն, մարդիկ պետք է աշխատանք ունենան, որպեսզի կարողանան երեխա մեծացնեն և մի քիչ էլ արժանավայել ապրեն»,- ընդգծեց Հ. Սասունյանը` հավելելով, որ արտագաղթը, տնտեսության ծանր վիճակը, ժողովրդի սոցիալական չլուծված խնդիրները փոխկապակցված են, ուստի անհրաժեշտ է համակարգային մոտեցում:
Բացթողումներից կարևոր համարելով նաև հայրենադարձության խնդիրը` Հ. Սասունյանը նշեց. «Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ապրում է 3 միլիոն բնակիչ, մինչդեռ դրա կրկնապատիկն ապրում է Սփյուռքում և հակառակ բոլոր ջանքերին, որոնք գործադրվում են Սփյուռք-Հայաստան կապերն ամրապնդելուն կամ բարելավելուն, իմ կարծիքով` թեկուզ մի քիչ խիստ, բայց օբյեկտիվորեն այս ուղղությամբ ոչ մի էական տեղաշարժ չի արձանագրվել»:
Նրա կարծիքով` Հայաստանն օգտագործում է Սփյուռքի ռեսուրսի միայն հինգ տոկոսը, ինչը դրական համարել չի կարելի:  
Անդրադառնալով Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին` ամերիկահայ հասարական գործիչն առանձնացրեց Արցախի անկախացումը, ինչպես նաև չնայած երկարատև շրջափակմանը` հայ ժողովրդի հնարամիտ միջոցներ գտնելով ոչ միայն գոյատևելու, այլև առաջ գնալու ու զարգանալու ձգտումը: 
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքերով` սփյուռքահայերի աչքերով հսկայական ձեռքբերում է համարվում երկու հայկական պետությունների անկախացումը:
«Կարևոր ձեռքբերում է նաև ՀՀ քաղաքացիության հնարավորության ընձեռումը սփյուռքահայերին, ինչը հզոր ազդակ էր ձուլվելու դեմ պայքարի, ինքնության կերտման, բյուրեղացման, հայրենիքին կապվելու իրավական փաստաթղթի ճանապարհով գեղեցիկ կամուրջ»,- նշեց Շ. Գանտահարյանը` հավելելով, անկախության «թիկունքը» սփյուռքահայությունը հատկապես զգացել է ճգնաժամային իրավիճակներում` պայմանավորված տարածաշրջանային կոնֆլիկտներով: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն