Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել Ս. Գևորգ զորավարի տոնին նվիրված հանդիսություն


Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել Ս. Գևորգ զորավարի տոնին նվիրված հանդիսություն

  • 24-09-2016 17:24:33   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին` Ս. Գևորգ զորավարի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն: Երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հիմնադրված հոգևոր ճեմարանը կրում է Ս. Գևորգ զորավարի անունը:
 
Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և այլ հրավիրյալներ:
Հանդիսությունը, որի ընթացքում նաև հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարեշրջանի ավարտական լսարանի դիպլոմները, բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:   
Խոսքն ուղղելով շրջանավարտներին` տեսուչ Հայր Սուրբն ասաց. «Շատ հաճախ մենք մոռանում ենք երազի զորության մասին և այն մեծ ազդեցության մասին, որ երազը կարող է ունենալ մեր կյանքի և այլոց վրա: Ամեն մի ճեմարանականի երազն է լինում ավարտել ճեմարանը և կոչվել ծառայության: Ահա այսօր Ձեր այդ երազն իրականացված է: Դուք այնպիսի կրթություն եք ստացել այստեղ, որը ձեզ այսօր հնարավորություն է ընձեռում ձեր ծառայությունը բերելու մեր Եկեղեցու ամենատարբեր կառույցներից ներս: Վստահ ենք, որ պիտի շարունակեք կերտել ձեր լուսավոր ապագան այն ամուր հիմքի վրա, որ ստացել եք այստեղ: 
Բոլորս գիտենք, որ այսօր մեր առաքելությունն ավելի քան մեծ է մեր հայրենիքում և սփյուռքում: Երբ մենք նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, անբարո վարքի տարածում հասարակության մեջ, քանդված ընտանիքներ, ցասում և ատելություն… Շատերը կորցրել են իրենց հոգևոր անդորրը, ոմանք անգամ իրենց հավատքն առ Աստված և կամքի զորությունն` անելու արդարն ու ճշմարիտը: Այսօր մենք մեր ծառայության միջոցով կոչված ենք մարդկանց փոխանցելու Տիրոջ պատգամը հույսի, Նրա հորդորը խաղաղության և Նրա կամքը ապաշխարության:
Հոգևոր մեր ճեմարանը կրում է Ս. Գևորգի անունը, ժամանակ կար, որ այն կոչվում էր Սուրբ Գևորգյան ճեմարան: Թերևս հավատքի վկայության ավելի մեծ օրինակ դժվար պիտի լիներ մեզ գտնելու, քան Ս. Գևորգի օրինակը, ով քրիստոնյայի կոչումն իր համար դարձրել էր անուն և Աստուծո ծառայությունը` անկոտրուն առաքելություն»: 
Հայր Գարեգինը ճեմարանի տեսչության, դասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհավորեց տասնութ շրջանավարտ սարկավագներին` մաղթելով, որ Վեհափառ Հայրապետի ձեռքից ստացվելիք իրենց դիպլոմները հոգևոր ու ինքնակրթական նոր ճամփորդության խթան դառնան:
Հավարտ Հայր Սուրբի խոսքի ճեմարանի երգչախումբը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ կատարեց Ս. Գևորգ զորավարին նվիրված շարականը:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսների անունից խոսքով հանդես եկան Արժանապատիվ Տ. Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը և բ. գ. թ. Նորայր Պողոսյանը:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2015-2016 թթ. ուսումնական տարվա 18 շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները:
Շրջանավարտների անունից ներկաներին իր երախտագիտության խոսքն ուղղեց Բարեշնորհ Սամվել սարկավագ Պողոսյանը:
Ցերեկույթի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ «Ինռոք» լարային հնգյակը, որից հետո հանդիսությունն եզրափակվեց Նորին Սրբության պատգամով և օրհնությամբ: 
«Տարիներ առաջ հաստատեցինք, որ Ս. Գևորգ զորավարի տոնը նշվի մեր հաստատության հարկի ներքո, իբրև Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության օր: Ս. Գևորգ զորավարի անվամբ է կոչվել այս հաստատությունը Երջանկահիշատակ Գևորգ Դ Հայրապետի կողմից: Այսօր մենք փառք և գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ այս հաստատությունը արդեն 142 տարի իր առաքելությունն է իրականացնում ազգային մեր կյանքում: 142 տարի այն իր հարկից դուրս է բերել լուսամիտ ազգային գործիչներ, ովքեր իրենց  ծառայությունն են բերել մեր ժողովրդին թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր հանգամանքի մեջ: …Փառահեղ անձինք, որ իրենց լուսավոր հետքն են թողել ազգային մեր պատմության մեջ` իրենց վաստակով ու ինքնատիպ դրոշմով: Այսօր այդ ավանդույթը շարունակվում է. մեր առջև նստած են 18 նոր շրջանվարտներ», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ճեմարանի տեսչությանը և դասախոսներին իրենց նվիրյալ ջանքերի և պտղաբեր աշխատանքի համար:
Շրջանավարտներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց լինել Տիրոջ այգու արժանավոր մշակներ և այլևս հոգատարել իրենց խնամքին հանձնվող այգեստանը, որպեսզի բարեբեր պտուղներ պարգևի: Նորին Սրբությունը հորդորեց, նույն փառավոր ավանդների կրողը լինելով, նոր փայլ և պայծառություն հավելել ճեմարանի դարավոր պատմությանը և իրենց անձերի մեջ փառավորել հոգևոր հաստատության անունը:
Նշելով, որ երիտասարդ եկեղեցականները, իբրև Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներ, դժվարին առաքելություն են ստանձնում` Նորին Սրբությունը Երկնավորի զորակցությունը հայցեց նրանց համար` բարի ծառայություն իրականացնելու և միշտ բարձր պահելու Հայոց Եկեղեցու հեղինակությունը հայոց կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց զորանալ Տիրոջով, հավատքի մեջ ամուր և նվիրումով իրականացնել իրենց ծառայությունը Եկեղեցու լուսավոր անդաստանից ներս:
Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն