Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին


Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին

  • 24-09-2016 19:16:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ)  կմեկնարկի ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված «Կյանքի մասին գիտությունների զարգացման նոր միտումներ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը:
 
Եռօրյա գիտաժողովի ընթացքում (սեպտեմբերի 26-28, 2016թ.) Հայաստանի և արտերկրի մի շարք գիտահետազոտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի երիտասարդ գիտնականներ հանդես կգան զեկույցներով` ներկայացնելով մոլեկուլային և բջջային կենսաբանության հեռանկարային ուղղություններին առնչվող իրենց գիտական աշխատանքները: Պլենար զեկույցներով հանդես կգան Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների առաջատար գիտական հաստատություններից հրավիրված ավելի քան 15 հայտնի գիտնականներ:
Մրցանակաբաշխության կոմիտեն կշնորհի մրցանակներ լավագույն զեկուցումների համար: 
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Կենսաինֆորմատիկայի, կենսաինժեներիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնը: 
Գիտաժողովը տեղի է ունենում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերության, Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ հովանավորությամբ:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) հիմնվել է 1966թ.-ին: Այսօր ինստիտուտում տարվող գիտական աշխատանքներն ուղղված են բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների ուսումնասիրությանը և օրգանիզմի տարբեր ախտածին վիճակներում դրանց խանգարման հիմքում ընկած գործընթացների պարզաբանմանը: Հետազոտությունները անցկացվում են կլինիկական նյութի, կենդանական մոդելների և բջջային կուլտուրաների վրա` տեղեկատվական կենսաբանության այնպիսի եղանակներով, ինչպիսիք են համակարգչային մոդելավորումը, կենսավիճակագրությունը և կենսաինֆորմատիկան: Ուսումնասիրությունները տարվում են գենային, բջջային, ենթաբջջային, թաղանթային և իմունային համակարգի մակարդակներում՝ in vivo և in vitro պայմաններում:  Ստացված և ակնկալվող արդյունքների հիմնարար արժեքը կարևորվում է մարդու և կենդանիների մի շարք վտանգավոր ու ծանր ընթացք ունեցող հիվանդությունների մոլեկուլաբջջային էթիոպաթոմեխանիզմների պարզաբանման տեսանկյունից: Այս ասպարեզում ինստիտուտն ունի զգալի առաջընթաց, ինչն արտացոլված է ինստիտուտի աշխատակիցների կողմից վերջին տարիների ընթացքում հեղինակավոր միջազգային ամսագրերում հրապարակված աշխատություններում: Արդյունքների կիրառման ոլորտը բավականաչափ լայն է: Այն ընդգրկում է նոր արդյունավետ դեղամիջոցների, մոլեկուլային ախտորոշման ու կանխորոշման զգայուն եղանակների մշակում, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի, նոր դեղամիջոցների, տոքսիկ նյութերի ու շրջակա միջավայրի տարբեր գործոնների՝ կենդանի օրգանիզմների վրա ազդեցության գնահատման թեսթ-համակարգերի մշակում: Տվյալ ուղղությամբ ստացված նորարարական արդյունքների շնորհիվ ինստիտուտը միայն վերջին 3 տարիների ընթացքում ստացել է 9 արտոնագիր:
Տարիներ շարունակ ՄԿԻ-ն հյուրընկալել է բազմաթիվ երիտասարդ գիտնականների` ընդգրկելով նրանց մոլեկուլաբջջային կենսաբանության ոլորտում տարվող հետազոտություններում: Այսօր ինստիտուտի կազմի մեկ երկրորդը ներկայացնում են երիտասարդ գիտնականներ` մագիստրանտներ, ասպիրանտներ, գիտությունների թեկնածուներ:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
24.09.2016թ.
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play