Թեքեյանցի աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացնել են Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում


Թեքեյանցի աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացնել են Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում

  • 25-09-2016 11:20:27   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Կրկին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հնարավորություն ընձեռեց թեքեյանցի աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացնել Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրը, որն արդեն յոթերորդ տարին է իրականացվում, բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: Այս տարի եւս ծրագրի շահառուներն էին մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով աշակերտներ Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցներից:
 
Չքնաղ բնաշխարհի գողտրիկ անկյունում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից ժամանած թվով 75 թեքեյանցիների, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով: 
 
Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցեցին գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, գիշերային եւ ցերեկային արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցռումների լավագույն մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: 
 
Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր. թեքեյանական հինգ դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին միասնական ձեռնարկով` երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Երեկոյան վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն