Երիտասարդ Բժիշկների Ասոցիացիայի անդամները բարձր նշաձող են սահմանել և կարողանում են պահել այն. Գրիգոր Բադալյան
26-09-2016 14:17:59 | Հայաստան | Հասարակություն
Ուռուցքաբանությունը բժշկագիտության անընդմեջ զարգացող ոլորտներից է, և այդ առաջընթացի շնորհիվ է, որ դեռևս մի քանի տարի առաջ անհաղթահարելի թվացող ուռուցքային հիվանդություններն այսօր հնարավոր է բուժել, իսպառ վերացնել։
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան 3-րդ՝ «Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին» գիտաժողովի համակազմակերպիչն է նաև Հայ ուռուցքաբանների Ասոցիացիան։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ ուռուցքաբանների Ասոցիացիայի նախագահ, Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար՝ Գրիգոր Խաչատուրի Բադալյանի հետ զրուցեցինք գիտաժողովի անցկացման կարևորության, սկսնակ ուռուցքաբանների ունեցած մասնագիտական աճի հնարավորությունների, ինչպես նաև՝ խնդիրների մասին։
-Որքանո՞վ եք կարևորում ուռուցքաբանության ոլորտի նորարարությունների և խնդիրների քննարկումը Հայաստանյան գիտաժողովներին։
-Հայտնի է, որ բժիշկի համար շատ կարևոր է շարունակական կրթությունը, և քանի որ գիտությունը արագ է զարգանում, կարևոր է հետևել նորություններին, որոնք հիմնականում տրվում են կոնֆերանսներին։ Եվ, չնայած, որ գոյություն ունեն մասնագիտական կայքեր, որտեղ բժիշկը կարող է տեղեկատվություն ստանալ, դա երբեք չի փոխարինի առաջատար մասնագետների կենդանի խոսքին։ Հատկապես Հայաստանում վերջին տարիներին բավականին ակտիվացել է գիտաժողովներ, սեմինարներ անցկացնելու գաղափարը, և ցանկացած հին ու նոր ասոցիացիաների, կազմակերպությունների, կենտրոնների ակտիվությունը կոնֆերանսների և սեմինարների տեսքով, իհարկե, ողջունելի է՝ հատկապես, եթե իրենց մասնակցությունն ու աջակցությունը ցուցաբերում են ոչ միայն նեղ մասնագետները, այլ նաև առաջին օղակի բժիշկները։
-Դուք՝ որպես ոլորտում տարիների փորձ ունեցող գիտնական և մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում հայ երիտասարդ բժիշկների մասնագիտական ձգտումները։
-Գիտեք, շատերին դեռ բավականին բարդ է կողմնորոշվել ուռուցքաբանության ոլորտում։ Անցած տարիների համեմատ օրդինատորների թիվը բավականին նվազել էր, և միայն այս տարի եմ նկատում աճը ։ Կարծում եմ, այստեղ իր մեծ դերն ունի դասավանդման մոտեցումը․ ես բազմիցս նշել եմ, որ, եթե խոսքը ուռուցքաբանության մասին է, ապա այն պետք է իրականացվի օնկոկոկենտրոնում։ Ուռուցքաբանության կենտրոնում հիվանդների քանակը մեծ է, և այստեղ աշխատում են երկար ճանապարհ անցած ուռուցքաբանները։ Այստեղ ուռուցքաբանությամբ զբաղվում են և՛ ուռուցքաբանները, և՛ արյունաբանները, և՛ վիրաբույժները, և, անշուշտ, օրդինատորների համար դասավանդումն այստեղ ավելի արդյունավետ կլինի։ Մի փոքր մտահոգիչ է այն փաստը, որ շատերը չեն ձգտում մանկական ուռուցքաբանություն ուսումնասիրել։ Ես վստահ եմ՝ եթե կանոնակարգվի դասավանդման գործընթացը, եթե ուսանողը տեսնի ավագ մասնագետների աշխատանքի արդյունքները, ոգևորությունը, առողջացած երեխաներին, անպայման կցանականա շարունակել իր ուսուցչի գործը։
Սակայն ուրախությամբ պիտի նշեմ, որ վերջին տարիների ուսանողները, որոնք ընտրել են ուռուցքաբանությունը, բավական գրագետ են, նպատակասլաց, հստակ գիտակցում են, թե ինչ են ուզում, լուրջ են մոտենում իրենց առաջ դրված խնդիրներին, և ես ողջունում եմ իրենց ոգևորությունը, զարգացած երկրներում թրեյնինգներին մասնակցելու և վերապատրաստվելու ցանկությունը, փորձ ձեռք բերելու ձգտումները։ Կարծում եմ՝ մենք ապագա մասնագտեների մեծ ռեզերվ ունենք։ Միանշանակ, այսօր պոտենցիալ եմ տեսնում։ Համոզված եմ, որ սովորել ցանկացող երիտասարդին ոչ ոք և ոչինչ խոչընդոտ չի հանդիսանա՝ և՛ նախարարությունը, և՛ ուռուցքաբանության կենտրոնի տնօրինությունն ու բաժանմունքների վարիչները աջակցում են լավագույն ուսանողներին՝ իրենց ընտրած ոլորտում՝ թե Հայաստանում, թե արտասահմանում վերապատրաստվելու հարցերում։
-Ի՞նչ ասելիքով եք հանդես գալու գիտաժողովին։ Որպես փորձառու մասնագետ ինչպե՞ս եք գնահատում կրտսեր սերնդի հասարակական ձգտումները։
-Գիտաժողովին ինձ հատկացված է ուռուցքաբանության սեկցիայի համանախագահի դերը։ Ասելիք միշտ էլ կա։ Նախ՝ ողջունում եմ Երիտասարդ Բժիշկների Ասոցիացիայի բոլոր անդամներին: Իրենց ակտիվությունը ոգևորիչ է։ Իրենք բարձր նշաձող են սահմանել և կարողանում են պահել այն։ Գիտեք, ես մի քանի ասոցիացիների համանախագահ և նախագահ եմ, և, փաստորեն, մեր հին ասոցիացիցաներն ավելի պասիվ են։ Ստացվում է այնպես, որ մենք ենք գնում իրենց հետևից, սակայն պիտի հակառակը լիներ։
Ես համագործակցել եմ իրենց հետ և տեսել եմ իրենց բոլորի ոգևորվածությունը՝ թե՛ կազմակերպչական աշխատանքներում, և թե՛ զեկույցների պատրաստաման և ներկայացման հարցում․ շատ ճիշտ ուղի են բռնել, և դա տալիս է ոչ միան գիտելիք և փորձ, այլ նաև ոգևորում և համախմբում մյուսներին, համագործակցություն ապահովում։ Ուրախալի է, որ Անկախության 25-ամյակի կապակցությամբ են կազմակերպում այս հսկա գիտաժողովը և բարձրացնում կարևոր հարցեր և խնդիրներ՝ երիտասարդ , սակայն արդեն կայացած բժիշկների մասնակցությամբ։