Կառավարության ամեն մի կազմ լավ թե վատ կատարել է այն խնդիրները, որոնք իր առջեւ դրված էին։ Այդ խնդիրներն առաջին հերթին քաղաքական են, հասարակական, նույնիսկ հոգեբանական եւ հետո միայն՝ տնտեսական։ Նախագահը, որը նշանակում է վարչապետներին եւ նախարարներին, բոլոր դեպերում, քաղաքական դեմք է։
Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, չէր երազում վարչապետի պաշտոնում տեսնել Արամ Սարգսյանին, բայց քաղաքական իրավիճակը պահանջում էր դա անել, եւ հետագա ընթացքը ցույց տվեց, որ իր՝ Քոչարյանի տեսանկյունից դա ճիշտ քաղաքական քայլ էր։ Իսկ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես շատ արագ պարզվեց, սխալ էր վարվել՝ Քոչարյանին նշանակելով։ Խնդիրը, հետեւաբար, վատ մարդկանց լավ մարդկանցով փոխարինելը եւ գնացածների հետեւից քարեր շպրտելը չէ. պարզապես ասպարեզում հայտնվող մարդիկ պետք է համապատասխանեն օրվա մարտահրավերներին: Իհարկե, լինում են նաեւ շեղումներ, բայց եթե փորձենք «խոշոր կտավով» ներկայացնել 25 տարվա ընդհանուր միտումները, ապա կարելի է ասել, որ հայաստանյան վերնախավն անցել է երեք փուլ. 1/ «բոցավառ հեղափոխականներ» (90-ականների առաջին կես) , 2/ «ֆիդայիներ` ամբարտավանության բարձր եւ կրթության ցածր աստիճանով» (90-ականների երկրորդ կես)` Մանվել-Սեյրանը նրանց վերջին «փայլատակումներն» են, 3/ «ոչ ֆիդայիներ` նույն դրսեւորումներով»: Նրանց ժամանակն էլ է անցել, եւ կառավարության փոփոխությունը հենց դա է ազդարարում: Կրկնեմ, խոսքը լավ-վատի, ճիշտ ու սխալի մասին չէ` երեք խմբերում էլ եղել են հրաշալի մարդիկ եւ հանցագործներ: Նոր վերնախավում նույնպես այդպիսիք կլինեն: Խոսքը կերպարի, աշխարհընկալման, մարդաբանական տիպի մասին է: Հիմա վստահ եմ, որ եկել է «չոր պրագմատիկների» եւ «տեխնոկրատների» ժամանակը: Դա չի նշանակում, որ, ասենք, նախորդ «համաստեղության» ներկայացուցիչները չեն շարունակի որոշ պաշտոններ զբաղեցնել: Բայց հիմնական «թրենդը» այլ է. նոր վերնախավի «կերպարները» նման են լինելու ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանին կամ էկոնոմիկայի հնարավոր նախարար Սուրեն Կարայանին: Նկատի ունեմ թե տարիքը, թե դաստիարակությունը, թե միջավայրը, թե մոտեցումները կյանքին եւ աշխատանքին:
Ինչու է ժամանակը նման մարդկանց պահանջ դնում: Շատ պարզ. որովհետեւ հասարակական, պետական համակարգում պատրանքների, հույզերի, լացուկոծի ժամանակաշրջանն անցել է: Եկել է իրականությանը բաց աչքերով նայելու եւ հաշվարկելու ժամանակը` այդպիսին է պահանջարկը: Դա նոր սերնդի, նոր մտածողության մարտահրավերն է: Հասկանալու համար, թե ո՛ր մտածողությունն է ժամանակավրեպ, պատմեմ հենց երեկվա իմ մի հանդիպման մասին: Ճաշարանում, ի հեճուկս այն հանգամանքի, որ ես սնվում եմ, իմ սեղանին նստեց մի մարդ` «ազգային հարցով»: Այդ հարցի բովանդակությունը հետեւյալն էր. եթե թուրքերը Ցեղասպանությունը ճանաչեն եւ որոշեն մեզ մեր պատմական հողերը տալ, նրանք այդ հողերը կտան դրանց բնակչությա՞մբ, թե՞ բնակչությունը կգնա, եւ մեզ կմնան միայն հողերը: Մոտ 20 րոպե տեւած խոսակցությունից «պարզվեց», որ ես «ազգային խնդիրների» մասին բացարձակապես չեմ մտածում: