Սերժ Սարգսյանն իր ելույթով հասկացրեց, որ Հալեպահայ համայնքը կարող է դրականորեն ազդել միջազգային զարգացումների վրա


Սերժ Սարգսյանն իր ելույթով հասկացրեց, որ Հալեպահայ համայնքը կարող է դրականորեն ազդել միջազգային զարգացումների վրա

  • 26-09-2016 15:23:38   | Հայաստան  |  Հասարակություն

Սիրիայի հակամարտության հանգուցալուծման հեռանկարներն այսօր շատ մշուշոտ են, և այս իրավիճակում դեռ վաղ է խոսել, թե հայկական համայնքը քաղաքական ի՞նչ ակտիվություն կարող է ցուցաբերել և ի՞նչ մասնակցություն կարող է ունենալ Սիրիայի հետագա ճակատագրի որոշման շուրջ բանակցություններին, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի Սիրիան Բաշար ալ-Ասադից հետո: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, թե Հայաստանը և հայկական համայնքը կարող են ներգրավվել Սիրիայի գործընթացներին, դրական ուղերձ է Հայաստանի կողմից միջազգային հանրությանը առ այն, որ սիրիահայերը կողմնակից են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը այսպես մեկնաբանեց Սիրիայի շուրջ ընթացող վերջին զարգացումները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ այս համատեքստում անդրադառնալով նաև սիրիահայության ճակատագրին և Հայաստանի նախագահի կողմից սիրիական հակամարտության վերաբերյալ արված հայտարարությանը:

Հիշեցնենք. Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, թե սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կայացած համաձայնությունը նախադրյալներ կստեղծի սիրիական հակամարտության լուծման համար, ողջունել էր, մասնավորապես, գործընկեր Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Սիրիայում հումանիտար աղետի կանխարգելմանը՝ ասելով, թե պաշտոնական Երևանը քննարկում է «այս գործընթացում Հայաստանի և հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները»:

Արաբագետը լավատես չէ և չի տեսնում Սիրիայի հակամարտության արագ կարգավորման հեռանկարներ՝ ասելով, թե կոնֆլիկտի լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ է համարում ռազմական միջամտությունը: Սարգիս Գրիգորյանը նաև չի կարծում, թե արտասիրիական ուժերի՝ սիրիական կարգավորմանը ներգրավված պետությունների միջնորդական ջանքերը կարող են լուրջ արդյունքներ տալ:

Այս համատեքստում զրուցակիցը անդրադարձավ սեպտեմբերի 9-ին Ժնևում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման մասին, որով նախատեսվում էր սեպտեմբերի 12-ից Սիրիայում ապահովել համաժողովրդական հրադադար, մարդասիրական օգնություն ուղարկել խաղաղ բնակչությանը և միասնաբար պայքարել իսլամիստական խմբավորումների դեմ:

Հրադադարի ռեժիմը, որը պիտի սկսեր գործել Սիրիայում սեպտեմբերի 12-ին, իրականում չի գործում՝ ասում է արաբագետը. «Իմ կարծիքով՝ գերտերություններն այնքան էլ հստակ չեն պատկերացնում իրավիճակը: Եթե հրադադարը չի գործում, նշանակում է՝ Սիրիայում կան զարգացումներ, որոնք դուրս են վերահսկողությունից: Դա միշտ է եղել. այս հրադադարը, որ կարծես պիտի որոշակի հաջողություններ արձանագրեր հրադադարի ռեժիմի գործելու տեսանկյունից, չի գործում: Այդ հակասություններն ակնհայտ են ինչպես գերտերությունների վարքագծում, այնպես էլ Սիրիայում տեղի ունեցող անկանխատեսելի զարգացումների տեսքով»:

Գրիգորյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ընթանում են նոր բանակցություններ, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հրադադարի ռեժիմը չգործեց. «Հիմա Վաշինգտոնը և Մոսկվան փորձում են համաձայնության նոր եզրեր գտնել: Չեմ կարծում, որ զգալի հաջողություններ կլինեն այս առումով: Ճիշտ նշեցիք, որ օդային հարվածներ եղան: Ըստ էության, նրանք պիտի համակարգեին իրենց գործողությունները և՛ օդում, և՛ ցամաքում, բայց դա տեղի չի ունենում: Այս բանակցություններն էլ հարթ չեն ընթանում: Եթե նույնիսկ որոշ համաձայնություններ ձեռք բերվել են, այնուամենայնիվ, հիմնական խնդիրների շուրջ անհամաձայնություն կա: Ես լավատես չեմ այս առումով: Հակամարտությունը կշարունակվի, այս համաձայնություններն էլ, որպես այդպիսին, կմնան թղթի վրա»:

Այս իրավիճակում ի՞նչ ճակատագիր է սպասվում սիրիահայությանը, եթե հարցը քննարկենք Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության համատեքստում. պատասխանելով այս հարցին՝ Սարգիս Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը տեղին է արվել:

«Այդ ազդակները միշտ եղել են Հայաստանի Հանրապետության կողմից, որ մենք այնտեղ ունենք ներկայացվածություն, պատմամշակութային հուշարձաններ, հայկական համայնք, որի ճակատագիրը, իհարկե, մտահոգում է մեզ: Բացի այդ՝ համայնքն էլ ակտիվ է եղել՝ որպես սիրիական հասարակության բաղկացուցիչ մաս, միշտ հայտարարել է նախ՝ իր չեզոքության մասին: Այս առումով մերթընդմերթ պետք է, որ որոշակի մեսիջներ լինեն՝ կապված սիրիական հակամարտության գործընթացների հետ: Հայտարարությունը, որ հայ համայնքի հնարավորությունները կօգտագործվեն խաղաղ կարգավորման համար, բավական տեղին էր, որովհետև դրանով մենք մատնանշում ենք, որ հայերը՝ Սիրիայի քաղաքացիները, պատրաստ են և կողմնակից են, որ Սիրիայի հակամարտությունը խաղաղ լուծվի: Հաշվի առնելով Սիրիայի զարգացումները՝ հավատացեք, խաղաղ կարգավորման կողմնակիցները շատ քիչ են, այդ թվում նաև՝ Սիրիայում: Այնպես որ՝ սա ողջունելի է»,- նշեց Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուղերձ էր Ռուսաստանին առ այն, որ վերջինս իր ակտիվությամբ ապացուցել է, որ կողմնակից է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև ուղերձ էր միջազգային հանրությանը՝ այն իմաստով, որ Հալեպի շուրջ զարգացումներում մենք ունենք համայնք, որը կարող է իր ակտիվ ավանդն ունենալ և դրականորեն ազդել զարգացումների վրա:

 

Նոյյան տապան  -   Հասարակություն