ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ


ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ

  • 26-09-2016 15:41:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև
Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը՝ ի դեմս  ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի՝ մի կողմից, և Բեյրութի Հայկազյան համալսարանը՝ ի դեմս նախագահ Վերապատվելի Դոկտոր Փոլ Հայդոստյանի՝ մյուս կողմից, կնքեցին համագործակցության հուշագիր: 
 
Կարևորելով այն հանգամանքը, որ հուշագրի կնքումը նոր մեծ լիցք կհաղորդի եղած գործակցությանն ու տարվող աշխատանքներին՝ կողմերը պայմանավորվեցին իրականացնել համատեղ հետազոտություններ և ուսումնասիրություններ, կազմակերպել համատեղ գիտաժողովներ և սեմինարներ, առցանց կլոր սեղաններ, մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, մասնագետների փոխանակում և այլն:
Շնորհավորելով կողմերին համագործակցության նոր ձևաչափով հայագիտության պահպանությանն ուղղված աշխատանքների մեկնարկի առթիվ՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը վստահություն հայտնեց, որ հուշագրի կնքումը պիտի նպաստի Հայաստան-Սփյուռք գիտական և կրթական կապերի ամրապնդմանը, ժամանակակից հայկական Սփյուռքի խնդիրների գիտական ուսումնասիրությանը, սփյուռքագիտության ոլորտում երիտասարդ կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը, մասնագիտական կատարելագործմանը, փորձի փոխանակմանը:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանի դերը՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը ծառայություններ մատուցելու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ինչպես նաև հայապահպանությանը նպաստելու գործում: 
Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց Փոլ Հայդոստյանին՝ համոզմունք հայտնելով, որ Հայկազյան համալսարանի նախագահն իր ճկուն և հեռատես քաղաքականությամբ կշարունակի Մերձավոր Արևելքում մշակույթների խառնարան համարվող Լիբանանում բարձր պահել հայ գիտության, կրթության և մշակույթի մտքի համբավը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության ավանդը հայաստանյան և Սփյուռքի հայագիտական կենտրոնների միջև կապերի ամրապնդման և սերտացման գործում:
 
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Փոլ Հայդոստյանը: «Ինձ համար միշտ ոգևորիչ է տեսնել Սփյուռքի նախարարության ակտիվ գործունեությունը, որի արդյունքներից մեկն էլ այս հուշագրի ստորագրումն է, - նշեց նա՝ հավելելով, - շնորհակալ եմ նախարարության բարձրագույն պարգևին արժանացնելու համար: Հայկազյան համալսարանի առաքելությունները բազմաթիվ են, բայց նրանցից գլխավորը համարում եմ հայապահպանությունը: Արդեն իսկ ծրագրեր ունենք  ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտների հետ համագործակցաբար կազմակերպել հայագիտության զարգացմանը խթանող գիտաժողովներ, կընդլայնենք փորձի փոխանակման և կադրերի պատրաստման, վերապատրաստման նոր հնարավորությունները»:
 
Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Գրականության, Արվեստի և Արևելագիտության ինստիտուտների տնօրեններ  Վարդան Դևրիկյանը, Արարատ Աղասյանը և Ռուբեն Սաֆրաստյանը և Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը հայագիտության զարգացման գործում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն