Կարեն Կարապետյանը չի արել այն առանցքային համարձակ քայլը, առանց որի Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել


Կարեն Կարապետյանը չի արել այն առանցքային համարձակ քայլը, առանց որի Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել

  • 26-09-2016 16:12:56   | Հայաստան  |  Վերլուծություն

1in.am.Հայաստանում նոր վարչապետի և նոր կառավարության թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկումների առարկա, ինչը հասարակության բնական արձագանքն է տեղի ունեցող փոփոխություններին կամ փոփոխությունների սպասումների ձևավորմանը, որոնք կարդարանան, թե ոչ՝ դեռ հարց է, ընդ որում՝ մեծ հարց:
 
Այն, որ առայժմ աշխատանքները ուղղված են առավելապես սպասումների ձևավորմանն ու հեռու են քաղաքական պատասխանատվության աստիճանից՝ վկայում են մինչ այսօր տեղի ունեցող զարգացումները: Առայժմ բացառապես քայլեր և խոսքեր են, որոնք միտված են քարոզչական մթնոլորտին, սակայն չեն ենթադրում անձնական պատասխանատվություն: Օրինակ՝ երբ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերում ցուցադրական «նկատողություններ» է անում նախարարների պաշտոնակատարներին, բանավիճում է ՀՅԴ-ականների հետ, այլ առիթներով դիտողություններ անում, միայն ցուցադրություն է: Իսկ որևէ բանի համար հրապարակային պատասխանատվության տակ Կարեն Կարապետյանը չի մտել:
 
Ավելին, տնտեսության վիճակը հայտարարելով չափազանց ծանր՝ նա, ըստ էության, հրաժարվել է այդ պատասխանատվությունից, թեթևացրել իր ապագա բեռը: Ինչ խոսք, պատասխանատվության տակ մտնելը չի նշանակում խոստումներ տալ: Խոստումներ հասարակությանն առանց նրա էլ շատ են շռայլել, առավել ևս, որ խոստումների կատարումը, իհարկե, միայն Կարապետյանից չի կախված: Տվյալ պարագայում խոստումներից ավելի կարևոր են տեսլականները, ընդ որում՝ ոչ միայն «մենեջերա-տեխնոկրատական» մակարդակում, այլև հասարակական-քաղաքական մեծ և ընդգրկուն պատասխանատվության, ինչպիսին ենթադրում է այն պաշտոնը, որ զբաղեցնում է Կարապետյանը, և առավել ևս, որը պլանավորում է զբաղեցնել 2017-ի ընտրություններից հետո էլ:
 
Օրինակ՝ առայսօր հայտնի չէ, թե ինչ է մտածում Կարեն Կարապետյանն անվտանգության խնդիրների վերաբերյալ, ինչ է մտածում նա Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ինչ պատկերացումներ ունի հայ-ռուսական հարաբերությունների մասին, ինչպես է տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Հայաստան-Իրան հարաբերությունները: Իսկ ինչպես է տեսնում ներքին քաղաքականությունը, ներքին զարգացումները, դատաիրավական համակարգը՝ վերջապես, որ մեծ հաշվով ցանկացած պետության հիմքն է: Կարապետյանն այս մասին լռում է:
 
Միգուցե ժամանակը, իհարկե, քիչ է անցել՝ խոսելու համար, կարտահայտվի ժամանակի ընթացքում, սակայն հենց այս է լինելու նրա վարչապետության հենքը, հանրության վերաբերմունքի ձևավորման առանցքային նախադրյալը: Իհարկե, այդ առիթով արտահայտվելը դեռ ոչ մի բանի երաշխիք չէ, որովհետև այդ տեսանկյունից բավական խորը և փիլիսոփայական, համակարգային տեսլականներ էր մատուցում Տիգրան Սարգսյանը, որը, սակայն, աչքի չընկավ որևէ խորքային արդյունքով՝ ամրագոտիների և ԱՊՊԱ ռեֆորմից բացի: Սակայն, փոխարենը, նա համարձակություն ունեցավ հասարակությանը ներկայացնելու քաղաքական պատասխանատվության այդ առանցքային, ըստ էության՝ արժեհամակարգային հայտը:
 
Կարեն Կարապետյանն առայժմ չի արել այդ հիմնարար քայլը, այսինքն՝ չի ներկայացրել քաղաքական պատասխանատվության հայտը, ըստ այդմ՝ չի արել այն առանցքայյին համարձակ քայլը, որը իրականում պետք է ցույց տա, թե ընդունա՞կ է նա մյուս համարձակություններին, առանց որի Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել, այլ հնարավոր է միայն հերթական անգամ մոլորեցնել հասարակությանը, այն էլ՝ արդեն շատ կարճ ժամանակով:
Նոյյան տապան  -   Վերլուծություն