«Ազդակ» Բացառիկը համապարփակ և բազմակողմանի վերլուծությամբ ամփոփել է Հայաստանի և Արցախի Անկախության 25 տարիները (տեսանյութ)
26-09-2016 16:23:24 | Լիբանան | Հասարակություն
Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների հիմնական ուղին, արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները բազմակողմանի և համապարփակ վերլուծությամբ ամփոփվել են Լիբանանի «Ազդակ» օրաթերթի Բացառիկ հատորում։
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված "Ազդակ" Բացառիկում բացակայում է լրատվությունը, փոխարենն այս հատորում կարելի է գտնել վերլուծություններ՝ և քաղական, և մշակութային, և իրավական հայեցակետերով։
Շ․Գանտահարյանի փոխանցմամբ՝ «Ազդակ»-ը սովորաբար տարին թողարկում է երկու բացառիկ համարներ, որոնցից առաջինը նվիրվում է Ամանորին, իսկ երկրորդը՝ Հայոց Ցեղասպանությանը։
«Այս տարի սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 25-ամյակի առիթով «Ազդակը» օրաթերթային ձևաչափով ամբողջովին նվիրված էր Արցախի Հանրապետությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված «Ազդակ» Բացառիկում ևս կա բաժին Արցախի Հանրապետության անկախության մասին։
Շ․Գանտահարյանի խոսքերով՝ «Ազդակ»-ի տարեկան թողարկվող երկու բացառիկներում էլ թղթակիցների տպավորիչ ներգրավվածություն կա ինչպես Լիբանանից, այնպես էլ Հայաստանից, Արցախից և սփյուռքյան տարբեր գաղթօջախներից։