Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է թե ոչ, Ռուսաստանի մարդն է, թե ոչ.Ապաքաղաքական ու պարզունակ հարցադրումներ


Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է թե ոչ, Ռուսաստանի մարդն է, թե ոչ.Ապաքաղաքական ու պարզունակ հարցադրումներ

  • 26-09-2016 18:12:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Հասարակական-քաղաքական, փորձագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում քննարկվում է իշխանության հռչակած «արագ ու համակարգային փոփոխությունների» հարցը: Հետեւելով այդ քննարկումների ընթացքին, կարելի է արձանագրել, որ հանրությունը հերթական անգամ կորցնում է քաղաքական գործընթացների վրա ազդելու, դրանց անմիջական մասնակիցը դառնալու հնարավորությունը:
Նման հնարավորությունները Հայաստանում լինում են սովորաբար «իշխանության փոխանցման» ժամանակաշրջանում, տասնամյակը մեկ, երբ իշխանությունն ստիպված է այսպես ասած «ընդառաջ գնալ» հանրային պահանջներին, քանի որ օբյեկտիվորեն կանգնած է լինում բավական բարդ ու նուրբ խնդիրների հանգույցի, ռիսկերի առջեւ:
 
Ներկայում Հայաստանն այդ փուլում է, ընդ որում, ի տարբերություն նախորդ փուլերի, այս անգամ տեղի են ունենում իսկապես համակարգային լուրջ փոփոխություններ: Ընդունվել է նոր Սահմանադրություն, որով փոխվել է կառավարման կարգը, իսկ դա ենթադրում է, որ չեղյալ են արվել իշխող համակարգի նախկին «մեծ պայմանագիրը» եւ խաղի կանոնները:
Իշխանությունը ներկայում ձեռնամուխ է եղել նոր «պայմանագրի» ու խաղի կանոնների հաստատմանը, համակարգի վերակազմավորմանը եւ բնականաբար ձգտելու է, որ այս գործընթացները տեղի ունենան հնարավորինս արագ ու անցնցում, զուտ իշխանական շրջանակում:
Իսկ ի՞նչ է իշխանությանը հակադրում ակտիվ հանրությունը՝ հասարակական-քաղաքական կառույցները, քաղաքացիական հատվածը, կամ ինչպես է օգտագործում այս հնարավորությունը: Խոշոր հաշվով՝ ոչինչ: Քննարկումների թեման հանգել է նրան, թե արժե արդյոք հավատալ համակարգային փոփոխությունների խոստումներին, Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է, թե ոչ, Ռուսաստանի մարդն է, թե ոչ, իշխանությունն ինքն իր դեմ կգնա, թե ոչ, իշխանությունը նախընտրական շոու է անում, եւ այլն: Այսինքն, հայ հանրությունը հերթական անգամ իր տարերքի մեջ է՝ ապաքաղաքական ու պարզունակ հարցադրումների, խորիմաստ գուշակությունների ու նվնվոցի մեջ:
 
Չկան խորքային հարցադրումներ ու քննարկումներ, մասնավորապես՝ ինչ ներքին ու արտաքին մարտահրավերներ են առաջացել, որոնց ճնշման տակ իշխանությունը գնացել է ներկայիս քայլերին, ինչու են իշխանությունից դուրս մղվում այնպիսի գործիչներ, որոնց դիրքերն անսասան էին թվում, ինչ շղթայական գործընթացի մաս էին վերջին երկու տարիներին տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմավորումը, ապրիլյան պատերազմը, Սասնա ծռերի ակցիան, ժամանակակից զենքի մատակարարումները, արտաքին շահագրգիռ գործընկերների վերջնագրերը եւ վերջապես կառավարության պաշտոնանկությունը:
Խոշոր հաշվով, Հայաստանը «վերաբեռնվում» է եւ բերվում է նոր իրավիճակի ու հնարավոր է՝ միջազգային նոր դերակատարության՝ իր հնարավորություններով ու ռիսկերով: Ում եւ ինչի միջոցով է դա արվում, որոնք են հեռահար նպատակներն ու մտադրությունները:
Նման քննարկումներ չկան, որոնց արդյունքում կհստակեցվեր, կիմաստավորվեր հանրության հնարավորությունը նոր փուլում՝ իր սահմանադրական իրավունքների իրացման առումով: Քաղաքական կուսակցությունները զբաղված են նոր համակարգից դուրս չմնալու հարցերով, մյուսներն էլ փորձում են հասկանալ՝ արժե հավատալ, հույս պահել, թե ոչ:
 
Հույսն ու հավատը քաղաքական կատեգորիաներ չեն, եւ հերթական անգամ ստացվելու է, որ քաղաքականությամբ Հայաստանում զբաղված է միայն իշխանությունը, որն անխափան առաջ է մղում իր ծրագրերը՝ նոր իրավիճակը հարմարեցնելով իր պահանջներին ու նպատակներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն