Ակնկալել, որ սփյուռքն ինչ-որ ձևով կարող է ներազդել Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման վրա՝ իրատեսական չէ.Համբիկ Սարաֆյան


Ակնկալել, որ սփյուռքն ինչ-որ ձևով կարող է ներազդել Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման վրա՝ իրատեսական չէ.Համբիկ Սարաֆյան

  • 26-09-2016 18:47:59   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը

 

Սկիզբը՝ այստեղ

 

- Պարոն Սարաֆյան, հուլիսյան զարգացումներից հետոսփյուռքը կարծես արթնացման քայլեր ցույց տվեց։Մասնավորապես, կանադահայ դերասանուհի ԱրսինեԽանջյանը, որ այդ օրերին այստեղ էր, խոսում էրհամահայկական ֆորում ստեղծելու գաղափարի մասին, որայսուհետ սփյուռքը կրավորական կեցվածք չպիտի ունենա,պետք է ներգրավվի Հայաստանի ներքաղաքական կյանքիմեջ և փորձի ազդեցություն ունենալ։ Դուք ինչպե՞ս եքգնահատում նման գաղափարը և որքանո՞վ է այնկենսունակ։ Մյուս կողմից, օրերս Ռուբեն Վարդանյաննասում էր, որ սփյուռքը գետտոյի է վերածվել, պետք է այդվիճակից դուրս գա։

 

- Ես չգիտեմ, թե Ռուբեն Վարդանյանն ինչու է նա այդպես ենթադրում, բայց իրականում հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Բոլոր գաղթօջախները գետտոյացումից գնում են դեպի ավելի բաց հասարակություն, և դա ներառում է իր մեջ վտանգներ, ասենք, հայապահպանման և այլ հարցերով։ Ես չգիտեմ, թե նա որ քաղաքի մասին է խոսում, բայց այդ երևույթը հիմա համատարած է։ Օրինակ՝ ԱՄՆ-ում դա միշտ եղել է, որովհետև Ամերիկայում հայերն ապրում են տարածված և անհնար է գետտոյի հոգեբանություն ունենալ։ Այստեղ չկան թաղեր, որտեղ միայն հայեր են ապրում։ Բացառություն է Գլենդելը, բայց այստեղ առավելագույնը ապրում է ընդամենը 80-85 հազար մարդ։ Դրան գումարվում է նաև Միջին Արևելքը, որտեղ նույն երևույթն է տեղի ունենում։ Մեր սերունդը ջրբաժանն էր գետտոյից դեպի բաց հասարակություն։ Մեզ հաջորդող սերունդը շատ ավելի բաց է, ու դա իր մեջ նաև վտանգ է պարունակում, որովհետև շատացել են խառնամուսնությունները, նրանք արդեն չունեն հոգեբանական այդ զսպող մեխանիզմները, որ մտածեն՝ պիտի չամուսնանանք օտարի հետ։ Շատերը կան, որոնց համար բոլորովին կարևոր չէ, թե ում հետ են ամուսնանում։

 

Ինչ վերաբերում է համասփյուռքյան կամ համահայկական ֆորում ստեղծելու գաղափարին, Լոս Անջելեսի հայությունը, ի տարբերություն մնացյալ այլ համայնքների, համարվում է ամենաքաղաքականացված համայնքը՝ շնորհիվ Հայաստանից արտագաղթած մեծ թվով մեր հայրենակիցների, և նրանց համար Հայաստանի առօրյան իրենց առօրյան է։ Նրանք դեռ ունեն կապեր, դեռ ունեն ընտանիքի անդամներ,  ֆիզիկապես հայրենիքում չեն, բայց հոգեպես դեռ այնտեղ են գտնվում, ինչը դրսևորվել է տարիներ շարունակ՝ սկսած 2003-ից։ Բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, որը մարդիկ երբեմն մոռանում են. Սփյուռքը երբեք չի կարող լինել շարժիչ ուժ Հայաստանում փոփոխությունների հասնելու համար։ Միգուցե կարող է լինել օժանդակող, նեցուկ քաղաքական փոփոխությունների, բայց ակնկալել, որ սփյուռքն ինչ-որ ձևով կարող է ներազդել Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման վրա՝ մի քիչ երազային և ոչ իրական մոտեցում է։ Ասեմ ինչու. որովհետև սփյուռքի համար միակ լծակը, որ կա՝ անընդհատ դրսից այնքան աղմուկ անելն է, որպեսզի ազդի մեծ երկրների վրա՝ ճնշում բանեցնելու Հայաստանի վրա։ Բայց դա որքանով է արդյունավետ։ Գուցե մի հարցի համար կարելի է, բայց դա դարձնել գործողությունների հիմք ու սկսել դրանով ինչ-որ ձևով փորձել փոփոխություն առաջացնել, հնարավոր չէ։ Միակ ձևը, որ ես պատկերացնում եմ, որ որոշ ժամանակ տեղի ունեցավ, 2007-2008 թվականների ժամանակահատվածն էր, երբ Հայաստանի քաղաքացիներն այստեղ չափազանց մեծ ակտիվություն էին ցուցաբերում, և սփյուռքում մարդիկ աջակից էին նրանց։ Դա հնարավոր է անել, բայց դրանից դուրս ակնկալել, որ կարելի է ավելին անել, չեմ կարծում։ Սփյուռքը կարող է մեծ ծառայություն մատուցել, եթե սփյուռքում նոր ֆորումներում, քաղաքական միջոցառումներում պատրաստվեն համակարգի փոփոխության իսկական ծրագրեր, և մեր այստեղի երիտասարդները կարողանան հասկանալ, թե ինչպես պետք է կերտել քաղաքացիական հասարակություն։ Այն արժեքները, փորձը, որ կան դրսում, հասցնել Հայաստանի հասարակությանը։ Դա կարելի է անել, բայց մտածել, որ սփյուռքը կարող է ուժ դառնալ, և այդ ուժը ճնշի իշխանություններին, որպեսզի փոփոխությունների գնան, ես իրատեսական չեմ համարում։

 

Այսինքն՝ համահայկական ֆորումի գաղափարը Ձեզ համարընդունելի՞ է, որի խնդիրը կլինի աջակցելը, խորհուրդներովօգնելը։

- Ինչու՝ ոչ։ Դա ողջունելի կլինի, որովհետև կնպաստի քաղաքացիական հասարակության ակտիվացմանը, նաև ճիշտ ճանապարհով ուղղորդմանը։ Բայց ինչ էլ լինի, Հայաստանի քաղաքացին ինքը պետք է տնօրինի իր ապագան և նրանից պետք է սկսվի ամեն ինչ։ Այսինքն՝ չի կարող լինել մի կրավորական հասարակություն, ու դրսից նրա փոխարեն գործեն։ Դժբախտաբար ես դա նկատել եմ երկար տարիներ. երբ խոսում ես մարդկանց հետ՝ դժգոհ են, բայց ոչ մի կերպ չեն ուզում մասնակից լինել քաղաքական դժգոհությանը։ Պատերի տակ, խանութներում, սրճարաններում նստած միշտ կարող են դժգոհել։ Խորհրդային ժամանակ էլ այդ մարդիկ կային, անընդհատ դժգոհում էին՝ երկիրը երկիր չի։ Հիմա էլ այդպիսի մարդիկ կան, բայց նրանք չեն հասկանում, որ հիմա արդեն կախված չեն խորհրդային համակարգից, որ անհուսորեն ասեն՝ ոչինչ չի փոխվի, մինչև Մոսկվայից չփոխվի։ Հիմա հասարակության ձեռքին կան իրավունքներ ու լծակներ, և եթե պետք լինի, այդ փոփոխությունը պետք է առաջացնել հենց քաղաքացիական ակտիվությամբ։ Դժվար է դա, բայց դրա հնարավորությունը գոնե կա։

 

- Վերջին տարիներին Ձեր՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյանկուսակցությունը շատ ավելի կրավորական կեցվածք ունի,ընտրություններին գրեթե չի մասնակցում, բացառությամբ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններին մի քանի համայնքներում ավագանու թեկնածուներ ունենալը։ Ո՞րն էայս պասիվության պատճառը։ Կարծում եք՝ Հայաստանումընտրական գործընթացներով  մեծ հաշվով փոփոխությունների հասնել հնարավո՞ր չէ։

- Դժբախտաբար, մենք տարիներով փորձում ենք Հայաստանում գաղափարական դաշտ ձևավորել, և դրա բացակայությունը մեծ հարված է մեզ համար, որովհետև մասնակցել ընտրական գործընթացներին զուտ պաշտոններ գրավելու նպատակով, այսինքն՝ ծախսել հսկայական գումարներ մի քանի պատգամավորներ ունենալու համար, և այդ պատգամավորները որևէ կերպ քաղաքական մշակույթի ձևավորմանը չկարողանան նպաստել, ամենաշատը սա է մեզ խանգարում, և մենք անընդհատ այդ մասին ենք խոսում թե մեր համագումարներում, թե մեր ժողովներում։ Եվ շատ ցավալի է, որ առայսօր Հայաստանում իսպառ բացակայում է գաղափարական դաշտը։ Եվ սա ձևական բան չէ, որովհետև ժողովրդին պետք է իմանալ՝ ընտրություն կատարելիս ինչի համար է քվեարկել, չքվեարկել նրա համար, որ մի օլիգարխ կամ մեծահարուստ իրենց ձրի լավաշ, բրինձ կամ ալյուր է տալիս։ Եվ, օրինակ, թաղապետը ավելի մեծ ազդեցություն ունի, քան համապետական մի թեկնածու։

Տեսեք, Միացյալ Նահանգներում պետք է անպայման քաղաքական պլատֆորմ լինի։ Ճիշտ է, այս ընտրություններին մի փոքր տարօրինակ է, որովհետև ունենք Դոնալդ Թրամփի նման մի թեկնածու, որը խոսում է այն, ինչ մտքին գալիս է։ Բայց տեսեք՝ Քլինթոնի կայքէջն եք մտնում և տեսնում եք հարյուրավոր ծրագրեր ունի, որոնք փորձելու է իրականացնել։ Հայաստանում դա բացարձակապես գոյություն չունի։ Խոսում են, որ սա պետք է անեն, նա պետք  է անեն, պետք է տնտեսությունը զարգացնենք այսքան տոկոսով, բայց ինչպես են դա անելու, ինչի հիման վրա, ո՞ր քաղաքական համակարգն է ի վերջո գործում։ Խոսում ենք ժողովրդավարության մասին, շատ լավ, բայց հիմա ո՞ր քաղաքական համակարգն է գործում։ Երկիրը լիբերալ դեմոկրատ ուղղության վրա է, բայց իշխող կուսակցությունը նժդեհական ցեղակրոն գաղափարախոսությունն է դավանում, բայց դա ինչպես է արտահայտվում կյանքում։ Դրա համար որպես կուսակցություն մենք անընդհատ այդ դժվարություններն ունենում ենք և փորձում ենք գտնել ոսկե միջին, որ կարողանանք իմաստավորել մեր գործունեությունը և, ինչու չէ, քաղաքական գործընթացներին մեր մասնակցությունն այդ առումով։
Որպես հնչակյան կուսակցություն՝ միշտ հպարտացել ենք, որ մեր կուսակցությունը առաջին օրվանից համամարդկային գաղափարախոսություն է դավանել։ Սոցիալիզմն այն ժամանակ շատ ավելի մաքուր ձև ուներ, քան հետո Խորհրդային Միությունում ունեցավ։ Այսօր մենք ունենք Փարամազի նման հերոս, ում անունը վերցրեց մի քուրդ տղա ու գնաց զոհվեց Քոբանիում։ Այսօր Թուրքիայում առաջադեմ կուսակցությունների համար Փարամազը դարձել է խորհրդանիշ, որովհետև իսկապես դավանում էր համամարդկային արժեքները, այսինքն՝ խոսում էր ամբողջ ժողովրդի տնտեսական, արդարության վերականգնման մասին։ Մենք դա ենք փորձում անել ու չենք կարողանում հաջողության հասնել հասկանալի պատճառներով։ Բայց չենք հուսահատվում, և կարծում եմ՝ ժամանակը պիտի գա, որ մենք կարողանանք դա անել։ Իսկ թե ինչու մյուս համապետական, խորհրդարանական ընտրություններին մենք չենք մասնակցում, դա էլ է դրանով պայմանավորված։ Երբեմն մեզ նպատակահարմար չէ, որ քաղաքական, գաղափարական առումով համագործակցենք որոշ ուժերի հետ, եթե նույնիսկ դրա հնարավորությունը կա միայն իշխանության հասնելու կամ ինչ-որ աթոռ ստանալու համար։ Դա չի մեր առաքելությունը, մենք համարում ենք, որ այդ 125 տարին, որ անցկացրել է մեր կուսակցությունը, չպիտի մտնի գործարքների մեջ, պիտի իր սկզբունքներին հավատարիմ մնա, թեկուզ դժվարությամբ, որովհետև նույն դժվարությունը մենք Օսմանյան Կայսրությունում էլ ենք ունեցել։ Ու հետո պիտի փորձենք հաջողության հասել, իսկ եթե չհասանք, ուրեմն ինչ-որ բան պակաս է, պետք է ավելին անել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play