ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում ՅՈԻՆԻՖԻԼ-ում


ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում ՅՈԻՆԻՖԻԼ-ում

  • 26-09-2016 19:49:31   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և աջակցությամբ Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում:
 
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ՄԱԿ֊ի խաղաղապահ առաքելության «Արևմտյան Հատվածի» հրամանատար Արթուրո Նիտտիի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցությանը, Լիբանանի հարավում անվտանգության իրավիճակին առնչվող խնդիրներ։
 
«Արևմտյան Հատված» կենտրոնակայանի հրամանատար բրիգադի գեներալ Արթուրո Նիտտին բարձր գնահատեց հայ խաղաղապահների ծառայությունը ՅՈԻՆԻՖԻԼ-ի կազմում:
 
Միջոցառմանն ունեցած իր ելույթում դեսպան Սամվել Մկրտչյանը շնորհավորեց հայ խաղաղապահներին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով նրանց կարևոր առաքելությունը բարեկամ Լիբանանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Նա անդրադարձավ ՄԱԿ֊ի խաղաղապահության դերակատարությանը՝ ուղղված հակամարտությունների խաղաղ, քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ անվտանգության միջավայր ապահովելուն։
 
Սամվել Մկրտչյանը Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց բրիգադի գեներալ Արթուրո Նիտիին, փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկային և 1-ին մարշալ Սալվատորեյին՝ հայ զինծառայողներին ծառայողական պարտականությունների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:
 
Միջոցառմանը հայկական պարային և երաժշտական կատարումներով հանդես եկան Բեյրութից ժամանած «Համազգային», «Նոր սերունդ» և «Արին» մշակութային միությունների համույթները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն