Արմեն Ամիրյանի աշխատանքի տրամաբանական հանգրվանը պետք է լինի մշակույթի նախարարության լուծարումը.Արամ Աբրահամյան (Տեսանյութ)


Արմեն Ամիրյանի աշխատանքի տրամաբանական հանգրվանը պետք է լինի մշակույթի նախարարության լուծարումը.Արամ Աբրահամյան (Տեսանյութ)

  • 30-09-2016 18:33:18   | Հայաստան  |  Վերլուծություն



«Առավոտ».Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի աշխատանքի տրամաբանական հանգրվանը, կարծում եմ, ի վերջո, պետք է լինի մշակույթի նախարարության լուծարումը:
 
Այսօր այս գերատեսչության հիմնական գործառույթը պիտի դառնա 2002 թվականին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» շատ առաջադեմ օրենքից բխող այլ օրենքների եւ իրավական ակտերի մշակումը: Որովհետեւ հիշյալ օրենքի մեջ խոսք է գնում միայն հիմունքների մասին, իսկ դրանց հիման վրա «շենք» կառուցելը լուրջ եւ աշխատատար գործ է: Դրանից հետո նախարարությունը կարող է լուծարվել:
 
Վախենամ, սակայն, որ այդ գաղափարը չի ստանա խորհրդահայ արվեստագետների աջակցությունը, եւ նույնիսկ հակված եմ ենթադրելու, որ նրանք խիստ կվրդովվեն, եթե նման մտադրության մասին հայտարարվի. կոլեկտիվ նամակներ կգրեն` ահազանգելով, որ այդպիսով մշակույթը կործանվում է:
 
Ավելորդ է ասել, որ իրականում մշակույթը եւ, մասնավորապես, արվեստը զարգանում են կամ հետընթաց են ապրում անկախ որեւէ նախարարության գործունեությունից: Բայց հիշյալ մտածողության մարդիկ նախարարությունը պատկերացնում են որպես մի հիմնարկ, որը բաժանում է պետպատվերներ, շքանշաններ, մեդալներ եւ կոչումներ: Ընդ որում, նրանց դրական կամ բացասական վերաբերմունքն այս կամ այն նախարարի նկատմամբ պայմանավորված է նրանով, թե որքանով են նախարարության կամ այլ պետական չինովնիկները «գնահատել իրենց վաստակը»:
 
Զարմանալի է, որ 21-րդ դարում մարդկանց կարող է հետաքրքրել, թե ուր են իրենց հրավիրել, իսկ երբ՝ արհամարհել, հրավիրելիս ո՛ր կարգում են նստեցրել, ինչպես նաեւ՝ նրանք ինչ-որ բանի անդա՞մ են, թե՞ անդամ չեն: Ես զարմանում եմ նաեւ, թե ինչպես մարդիկ, որոնց գործը պետք է լինի գլուխը կախ ստեղծագործելը, նվիրվում են սին ու ունայն «խաղալիքներին», իրար նախանձում, իրար վրա նյութեր գրում, զբաղվում խարդավանքներով եւ ամենակարեւորը՝ բողոքում, թե ինչու այսինչին պետությունը ինչ-որ բան տվեց, իսկ իրենց չտվեց: Այդպիսի աշխարհընկալման մեջ, իհարկե, մշակույթի նախարարությունը կենտրոնական դեր է խաղում, իսկ խոսակցություններն այն մասին, որ պետությունը «պատշաճ ուշադրություն չի դարձնում մշակույթին» (այսինքն՝ իրենց) դառնում են ժամանցի հիմնական ձեւը: Ժամանակին կար այսպիսի պատում, չգիտեմ՝ իրական, թե հնարած: Միջազգային փառատոներից մեկի ժամանակ խորհրդային ռեժիսոր Գերասիմովը առիթ է ունենում ծանոթանալու ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ: Ռեժիսորը ներկայանում է` «ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, պետական եւ լենինյան մրցանակի դափնեկիր, սոցիալիստական աշխատանքի հերոս Սերգեյ Ապորինարիի Գերասիմով»: Դերասանն ի պատասխան մեկնում է իր ձեռքն ու ասում` «Բելմոնդո»:
 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play