Անորոշ է Սերժ Սարգսյանի հետագա կարգավիճակը


Անորոշ է Սերժ Սարգսյանի հետագա կարգավիճակը

  • 03-10-2016 15:27:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը վերջնականապես ձեւավորեց կառավարությունը, նշանակելով պաշտպանության նոր նախարար եւ վերանշանակելով արտաքին գործերի եղած նախարարին:
 
Այդ նշանակումներին զուգահեռ, Սերժ Սարգսյանը պաշտպանական բնագավառում, ԶՈՒ ղեկավարման բարձրագույն համակարգում փաստացի կատարել է փաթեթային վերադասավորում: Նշանակվել է պաշտպանության ոչ միայն նոր նախարար, այլ նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ:
 
Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր շտաբի նոր պետ` Յուրի Խաչատուրովի փոխարեն: Մովսես Հակոբյանը մինչ այդ Խաչատուրովի տեղակալն էր: Նա այդ պաշտոնին նշանակվեց Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը բանակից հեռացրեց թե Սեյրան Օհանյանին, թե Յուրի Խաչատուրովին: Դա հատկանշական է նրանով, որ պաշտպանական ոլորտում այդ երկու գործիչների դիմակայությունը հայտնի էր: Բնականաբար այդ դիմակայությունը չէր կարող նպաստել Հայաստանում թե զինված ուժերի կառավարման արդյունավետությանը, թե ընդհանրապես մթնոլորտին:
 
Փաստացի ստացվում է նոր տանդեմ` Վիգեն Սարգսյան- Մովսես Հակոբյան: Բայց, նոր են արդեն ոչ միայն անվանումները, այլ նաեւ իրավիճակը, եթե իհարկե նրանք շարունակելու են պաշտոնավարել 2017 թվականի ընտրությունից հետո էլ: Նոր Սահմանադրությամբ խաղաղ պայմաններում չկա գերագույն գլխավոր հրամանատար, եւ պաշտպանական քաղաքականության թիմ մեկ կամ ամենաբարձր պատասխանատուն փաստացի հանդիսանում է պաշտպանության նախարարը: Ինչպիսի՞ն կլինի նախարար-գլխավոր շտաբի պետ հարաբերությունը այդ նոր իրավիճակում:
 
Թե Վիգեն Սարգսյանի, թե Մովսես Հակոբյանի պարագայում աչքի է ընկնում Սերժ Սարգսյանի համար անձնական վստահելիության բաղադրիչը, որով ընդհանրապես առանձնանում են վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում ուժային ոլորտում նրա նշանակումները:
 
Այդպիսով, նկատելի է, որ բանակում նոր նշանակումներով Սարգսյանը փաստորեն բարձրացնում է անձնապես իր համար իրավիճակի կառավարելիությունը: Դա կարող է լինել թե անմիջականորեն ապրիլի պատերազմից բխած դաս, եզրակացություն, հետեւություն, թե նաեւ պարզապես իշխանության խնդրի լուծման գործընթացից բխող տրամաբանություն, քանի որ Սարգսյանը պատրաստվում է հետնախագահական ժամանակահատվածի, որտեղ անորոշ է նրա հետագա կարգավիճակը` կմնա՞ որպես վարչապետ, թե՞ որպես ՀՀԿ նախագահ:
Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է անվտանգության խորհրդի քարտուղար: Այստեղ էլ, նոր Սահմանադրությունը բերում է նոր իրավիճակ, քանի որ խորհուրդը խորհրդակցական մարմնից վերածվում է որոշում կայացնող մարմնի: Յուրի Խաչատուրովն այստեղ ըստ երեւույթին կլինի Ռուսաստանի աչքն ու ականջը, ինչպիսին էր ԶՈՒ գլխավոր շտաբում:
Չի բացառվում, որ հենց այդ «պայմանով» է Սարգսյանը կարողացել հանել նրան գլխավոր շտաբից, որպեսզի չարժանանա ՌԴ ուժգին դիմադրության: Առավել եւս, որ մամուլում օրերս տեղեկություն էր հայտնվել, որ Յուրի Խաչատուրովը մեկնել է Մոսկվա, որպեսզի Ռուսաստանում լուծի իր շտաբի պետ մնալու հարցը: Ըստ երեւույթին, լուծել չի կարողացել, եւ համակարգում կմնա որպես ԱԽ քարտուղար:
Միաժամանակ, Խաչատուրովը շտաբի պետի պաշտոնում էր թոշակառուի կարգավիճակով եւ 2013 թվականից պաշտոնավարում էր ընդամենը Սերժ Սարգսյանի հատուկ հրամանագրով, որի ժամկետը լրանում էր 2017 թվականի մայիսին: Ի դեպ, Յուրի Խաչատուրովը եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանն էին, որ թոշակի տարիքը լրացած լինելու պայմաններում պաշտոնավարում էին նախագահի հատուկ հրամանագրով:
 
Այդպիսով, արտաքին գործերի նախարարի վերանշանակման պայմաններում, Սերժ Սարգսյանը փաստորեն փաթեթային փոփոխություն է անում ԶՈՒ կառավարման երկու բեւեռներում` ՊՆ եւ գլխավոր շտաբ: Իշխանության խնդրի տեսանկյունից դրանք Սարգսյանի փաստացի հերթական արդյունավետ քայլերն էին, որոնք սակայն բաց են թողնում կամ շարունակում են բաց թողնել թե ապրիլից, թե հուլիսից հետո կառավարման արդյունավետության տեսանկյունից առաջացած հարցերը:
Միեւնույն ժամանակ, աներկբա է, որ անիշխանության պայմաններում կառավարման արդյունավետության որեւէ ակնկալիքը միամիտ սպասում է: Արդյունավետ կարող է լինել կամ չլինել իշխանությունը: Վերջին տասը տարիներին Հայաստանում փաստացի եղել է անիշխանության շրջան, երբ իշխանությունը մնացել է Քոչարյանի եւ Սարգսյանի արանքում: Ներկայում Սարգսյանը փորձում է 2017-18 փուլն օգտագործել իր իշխանությունը ձեւավորելու համար եւ այժմ լուծվող խնդիրներում առաջնայինը դա է, իսկ կառավարման արդյունավետությունը թե զինուժում, թե այլ ոլորտում առնվազն առայժմ կախված է լինելու նրանից, թե ինչքանով կարող է առնչվել իշխանության խնդրի լուծումներին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն