ՀՀԿ-ի «նոր ոգի» տալու հանգրվանը


ՀՀԿ-ի «նոր ոգի» տալու հանգրվանը

  • 03-10-2016 15:34:08   | Հայաստան  |  Վերլուծություն

ՏԻՄ ընտրություններն այս անգամ մի շարք առանձնահատկություններ ունեին, որոնք կապված են նոր Սահմանադրության եւ իշխանության ձեւավորման նոր փուլի հետ, երբ ակնհայտորեն փոխվում են խաղի կանոնները եւ իշխանության ձեւավորման սկզբունքները:
 
Այս ընտրություններին աննախադեպ ակտիվ էին քաղաքական կուսակցությունները, այդ թվում նոր ստեղծված կուսակցությունները, որոնք նաեւ բավական լավ արդյունքներ գրանցեցին: Թեեւ դրանց մեծ մասը դեմ էին նոր Սահմանադրությանը, սակայն հասկացան ու փորձեցին օգտվել դրա ընձեռած հնարավորություններից, այդպիսով մտնելով փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հռչակած խաղի նոր կանոնների տրամաբանության մեջ:
 
Դրանք ենթադրում են քաղաքական համակարգի որոշակի վերաֆորմատավորում եւ իշխանության ձեւավորման որոշակի սկզբունքներ: Այս գործընթացից չի կարող դուրս մնալ նաեւ իշխող ՀՀԿ-ն, ավելին, դատելով վերջին շրջանի զարգացումների տրամաբանությունից՝ այս գործընթացների թիրախը հենց ՀՀԿ-ն է:
 
ՏԻՄ ընտրությունները դարձան ոչ միայն Սերժ Սարգսյանի ծրագրի փորձարկման ու ադապտացման, այլեւ, դատելով արդյունքներից, ՀՀԿ-ի վերափոխման կամ այդ կուսակցությանը «նոր ոգի» տալու հանգրվանը: Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն ու արդյունքը հենց սա էր, եւ դրան հասնելու մեխանիզմներից մեկն էլ հենց կուսակցությունների ակտիվությունն էր:
ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց այլ դեմքով, կամ ավելի ճիշտ՝ ուրիշների դեմքով: Համատարած առաջադրվել են անկուսակցականներ, որոնց աջակցել է ՀՀԿ-ն, եւ որոնք զգալի մասով հաղթել են ընտրություններին: Փոխարենը, զանգվածաբար պարտություն են կրել ՀՀԿ-ականները, որոնցից շատերը երկար տարիներ ղեկավարել են տվյալ համայնքը:
 
Բացի այդ, այս ընտրություններում փորձարկվեց մեկ այլ մեխանիզմ, որը կիրառվելու է նաեւ համապետական ընտրությանը: ՀՀԿ-ն արդեն կարիք չի ունենա «բացարձակ մեծամասնության» եւ իշխանության խնդիրը կլուծի կոալիցիաների, կամ «ազգային համաձայնության կառավարության» միջոցով, որի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սա ոչ միայն պարզ ընտրական հնարք է, այլեւ կուսակցության «ներքին հեղաշրջման» գործընթաց, երբ տեղերում իշխանությունից հեռացվում են հնաբնակ ՀՀԿ-ականները, որոնք ներկայացնում են ներկուսակցական տարբեր խմբավորումներին: Զուգահեռ, այդ խմբավորումներից մաքրվել է նաեւ նոր կառավարությունը:
Այսպիսով, տեղի է ունենում ՀՀԿ-ի «զտում» եւ վերաֆորմատավորում, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ՀՀԿ-ն նոր ռեսուրսով լցնելու գործընթացին:
Իսկ խոշոր հաշվով, ՀՀԿ-ն վերածելով «սովորական կուսակցության» եւ ապահովելով «մրցակցություն ու հավասար հնարավորություններ», Սերժ Սարգսյանն այսպիսով լուծում է գլխավոր խնդիրը՝ «հանրապետականացնում» ու քաղաքական համակարգը վերափոխելու իր ծրագրերի փաստացի հենարան է դարձնում ողջ քաղաքական դաշտը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play